Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարության. «Կարմիրը հավասարեցնում է բոլորին»

Հունիս 26,2019 14:53

Այսօր Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը երթեւեկության անվտանգության մասին հարց ուղղեց քաղաքապետին: Պապիկյանն ասաց, որ ոստիկանությունից ստացած տվյալների համաձայն, տարեցտարի ավտովթարներից զոհերի թիվն ավելանում է, տարբեր երկրներում կա «զրո մահվան» գաղափար, ի՞նչ կարելի է նախաձեռնել, որպեսզի զոհերի թիվը նվազի, խաչմերուկներում, հետիոտնային անցումներում ասենք՝ լուսավորության հարցը լուծվի, որպեսզի ռիսկերը նվազեն:

Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանելով հարցին, ասաց, որ Երեւանում բավականին վտանգավոր երթեւեկությունը ոչ միայն հետիոտնի, այլեւ վարորդի համար, եւ այս խնդրի լուծմանը պետք է քաղաքապետարանի նախաձեռնությանը միանան ոստիկանությունն ու այլ գերատեսչություններ:

Մարությանն ասաց, որ արդեն հանձնարարական է տվել՝ բոլոր անցումների վրա հատուկ լուսավորություն լինի Երեւանում. «Միանգամից ամբողջ քաղաքը չենք կարող անել: Ասել եմ գույքագրեն ամենամութ ու ամենավտանգավոր անցումները եւ կոնկրետ դրանք պետք է լուսավորվեն»:

Քաղաքապետը նաեւ նկատեց՝ ավագանու անդամի նշած քաղաքներում նվազեցրել են ավտոմեքենաների շարժման արագությունը .«Եթե մենք պատրաստ ենք դրան, այո, 60 կմ/ժ-ը պետք է իջնի 50կմ/ժ-ի: Շատ եվրոպական քաղաքներում առավելագույնը 50կմ/ժ է նորման: Մենք ունենք հատվածներ, որտեղ թույլատվությունը 70 կմ/ժ է արագությունը, այն դեպքում, երբ հետիոտնային շատ երկար անցում կա, որն ինձ համար անհասկանալի է, ու առանց լուսաֆորի՝ 70 կմ/ժ է արագությունը: Այստեղ որեւէ տրամաբանություն չկա»:

Հայկ Մարությանն ասաց, որ ինքը անձամբ մշտադիտարկում է անում, քաղաքացիների հետ՝ արդյոք օգտվում են վերգետնյա եւ ստորգետնյա անցումներից, պարզել է՝ անգամ մոտակայքում դրանց առկայության դեպքում գրեթե չեն օգտվում. «Եթե մենք ամբողջ քաղաքը պատենք վերգետնյա եւ ստորգետնյա անցումներով, այս վիճակում մի փոքր կնվազի խնդիրը, բայց չի լուծի»:

Քաղաքապետը նաեւ ուշագրավ բան պատմեց, ասաց նկատում է՝ շատ երիտասարդ վարորդներ մեքենան արագ են վարում, բայց վերջում գալիս են կանգնում կարմիր լույսի տակ ու հավասարվում դանդաղ վարող վարորդներին. «Կարմիրը հավասարեցնում է բոլորին՝ 80 կմ/ժ լինի, թե՝ 50 կմ/ժ: Այդ երկար «զեբրաների»՝ անցումների մոտ պատրաստվում ենք տեղադրել լուսաֆորներ»:

Փոխքաղաքապետն Հրաչյա Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ արդեն ոստիկանության հետ համաձայնության են եկել, նշված երկար ու վտանգավոր 18 անցումների մոտ կարգավորող լուսաֆորներ են տեղադրվելու. «Տվել ենք նախագծման, մեկ ամսից մրցույթի կդնեք, սեպտեմբերին կարգավորող լուսաֆորները կլինեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Սա լաւ լուր է: Բնակավայրերոմ արագութիւնը պէտք է 50 կմ/ժ լինի:
    Իսակովի պողոտայում, որտեղ մարդիկ եւ լուսացոյցներ կան, կարծեմ նոյնիսկ 80 է (+10 թոյլատրելի): Ներող եղէք, եթէ սխալ եմ յիշում, բայց դա անհեթեթութիւն է:
    Յաջորդ էական քայլը՝ ոչ բոլոր աւտոները պէտք է թոյլատրել կենտրոնում: Հին, մեծ աւտոները չպէտք է փոքր կենտրոն մտնեն: Որոշ կենտրոնական փողոցներ ընդհանրապէս պիտի աւտո չմտնի: Միայն հեծանիւ կամ մոտոցիկլետ:

    Երեւանի երթեւեկութիւնը ձեր լեզուով ասած «բարդակ» է: Պիտի կարգապահ լինէք, կանոնները յարգէք: Երեւանի տաքսիստների աւտո քշելուց կամ կայանելուց մարդու մազերը բիզ-բիզ են կանգնում: Կամ Մալաթիա-Սեբաստիայի ՀԱԹ կենտրոնական հրապարակում («Տառերի յուշարձանը») հէ՛նց խաչմերուկի մէջտեղը բերել կանգառ են դարձրել: Տեսնես ո՞ր մէկի պայծառ ուղեղի մտքի փայլատակումն է: 🙂

    Ես որ նոր երկիր եմ գնում, առաջինը հանրային տրանսպորտին ու երթեւեկութեանն եմ հետեւում: Կատարեալ ցուցիչ է տուեալ երկրի մասին պատկերացում կազմելու համար:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930