ՀՖՖ տարեկան 18-րդ համաժողովում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շփվեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Խոսելով հայ մրցավարների գործողությունների վերաբերյալ երբեմն հնչող բողոքների մասին, պարոն Վանեցյանն ասաց, որ բանակցություններ են վարում հայտնի մրցավարների հետ: «Ուզում ենք հրավիրել Հայաստան, որպեսզի ներգրավվեն մրցավարական կոմիտեում եւ այդ քայլերը շատ ինտենսիվ արվելու են, որպեսզի եկող մրցաշրջանում մրցավարներից բողոքները նվազեցնենք»:
Հարցին, թե դեպք է հայտնի, երբ համայնքում փորձել են դաշտ կառուցել, բայց համայնքապետարանը հող չի տրամադրել՝ ասելով, թե տեղեր չկան, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Աչաջուրի դեպքի մասի՞ն եք հարցնում: Այդ դեպքը իրականությանը չի համապատասխանում: Դա կեղծ լուր է եղել: Բոլոր համայնքները մեր հետ մշտապես համագործակցում են: Չեմ կարծում, որ Հայաստանում գտնվի համայնքի ղեկավար, որին առաջարկվի իր համայնքում անվճար կառուցել ֆուտբոլի դաշտ եւ նա չաջակցի, չտրամադրի հողատարածք: Համայնքապետը հետո զանգել է ֆուտբոլի ֆեդերացիա եւ ասել, որ հարցը սխալ է հասկացել եւ ներողություն է խնդրել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ