«Ինչ վերաբերում է «նոր առաջարկների» եւ «վերջին տարիների կարգավորման փաթեթի» մասին Մամեդյարովի հայտարարությունների փոխկապակցվածությանը, ապա այդտեղ ես ավելի շատ բլեֆ եմ տեսնում»,- «Առավոտի» զրուցակիցն է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
– Ինչպե՞ս եք գնահատում Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի վերջին հանդիումը: Որեւէ արդյունք այն տվե՞ց: Ո՞րն է արդյունքը:
– Հունիս ամսվա առաջին երկու տասնօրյակում իրավիճակը սահմանագծին լարված էր, որը դրսեւորվում էր ինչպես դիպուկահար խմբերի ակտիվությամբ, ականանետների, նռնականետների կիրառմամբ, այնպես էլ ուղղաթիռների ակտիվ թռիչքով:
Կարծում եմ՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման գլխավոր նպատակը առաջնագծում ստեղծված լարված իրավիճակի լիցքաթափումն էր, այսինքն՝ այն ավելի շատ ընթացիկ խնդիրներ էր լուծում: Այս պահին իրավիճակը հիմնականում հանգիստ է, սակայն առկա իրավիճակը հարկավոր է ամրապնդել համապատասխան մեխանիզմներով, որովհետեւ իրադրությունը ցանկացած պահի կարող է փոխվել:
Կարդացեք նաև
– Թեեւ առաջնագծում լարվածության աճին, ԵԱՀԿ համանախագահների վերջին հայտարարության մեջ կրկին անդրադարձ չկար Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կտարման անհրաժեշտությանը: Լարվածության աճի արձանագրում համանախագահների հայտարարության մեջ էլ կա: Ինչո՞ւ են համանախագահները համառորեն անտեսում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները եւ դրանց կատարումը:
– Ադրբեջանն ամեն ինչ անում է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները «պատմության աղբանոց» նետելու համար: Այս փուլում մեր առաջնային խնդիրն է՝ այդ պայմանավորվածությունները պահել օրակարգում, ի վերջո, առանց այդ պայմանավորվածությունների կատարման դժվար է վստահության միջավայր ձեւավորել եւ գործընթացը լուրջ փուլ տեղափոխել:
Միջնորդները չեն ցանկանում սրել իրավիճակը, շատ ժամանակ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններին ուղիղ հղում չեն անում, բայց փորձում են իրենց հայտարարություններում այդ մասին հիշատակել դրանք նկարագրող տեքստերով:
– Հանդիպումից հետո, «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ համանախագահները նոր առաջարկներ են ներկայացրել: Հայաստանի ղեկավարությունն այդ առաջարկների մասին տեղեկացրե՞լ է Արցախի իշխանություններին: Կգաղտնազերծեք` ինչի՞ մասին է խոսքը եւ ի՞նչ վերաբերմունք ունեն Արցախի իշխանությունները դրանց նկատմամբ, քանի որ Էլմար Մամեդյարովը նաեւ նշել էր՝ հարցի կարգավորման քննարկման դրված հիմնական փաթեթը նույնն է, դա այն է, որը վերջին 15 տարիներին առկա է:
– Չեմ կարծում, թե Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ հիմնական բանակցություններին վերաբերող նոր առաջարկ է ներկայացվել, որովհետեւ մինչեւ դրան հասնելը դեռ մեծ թվով կուտակված խնդիրներ կան: Դա ավելի շատ կարող է վերաբերել կողմերի միջեւ վստահության միջավայրի ստեղծմանը եւ հումանիտար բնույթի համագործակցությանը, որի մասին արծարծվել էր նախորդ հանդիպումների ընթացքում:
Ինչ վերաբերում է «նոր առաջարկների» եւ «վերջին տարիների կարգավորման փաթեթի» մասին Մամեդյարովի հայտարարությունների փոխկապակցվածությանը, ապա այդտեղ ես ավելի շատ բլեֆ եմ տեսնում:
– Վերջին մեկ տարվա ընթացքում շատ էին հնչում հայտարարություններ` պատերազմի հնարավոր վերսկսման մասին. աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային իրավիճակն այդ հավանականությունը մեծացրե՞լ է, թե՞ հակառակը:
– Տարածաշրջանային ֆոնը իրավիճակի կտրուկ փոփոխության վրա ազդող գործոններից է, որն անընդհատ շրջապտույտի մեջ է: Դրա ազդեցությունը ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մեծացման կամ նվազման մասով խորը վերլուծության անհրաժեշտության կարիք ունի: Ամեն դեպքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր լարվածության սպառնալիքներ է պարունակում եւ չկառավարվելու դեպքում կարող է անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել:
– Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահը ուժային կառույցներում փոփոխություններ եւ նոր նշանակումներ արեց: Հետեւե՞լ եք այդ գործընթացներին, ի՞նչ նպատակ ունեն այդ փոփոխությունները:
– Դա կարող է պայմանավորված լինել ինչպես այդ կառույցների վրա դրվող նոր խնդիրների, այնպես էլ՝ Ադրբեջանի ներքին վերադասավորումների վրա: Որոշ ժամանակ հետո դրանք առավել հստակ կլինեն:
Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ,
26.06.2019