«Սահմանադրական դատարանի ներկա դատավոր Հրայր Թովմասյանն բոլոր չափանիշներով այսօր համարվում է դատավոր»,-խորհրդարանական ճեպազրույցներում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: Ցանկացած անհատական մեկնաբանություն սահմանադրական նորմերի վերաբերյալ, պատգամավորի համար անընդունելի է. «Թե ով է ՍԴ դատավոր եւ թե այն նորմերը, որոնք վիճարկեց պարոն Վահե Գրիգորյանը, ես կարծում եմ, բոլորս զերծ մնանք դրա մեկնաբանություններից, այդ մեկնաբանությունը կարող է տալ միայն ՍԴ-ն: Այսինքն՝ պարոն Գրիգորյանը եկավ օրենսդիրում հայտարարեց, որ այս պահից ստանձնում է լիազորությունները, բայց ինչպես տեսնում ենք, անցել է քանի օր եւ պարոն Գրիգորյանը չի ստանձնել այդ լիազորությունները: Եվ եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, ես կարծում եմ, նա կունենա լուրջ խնդիրներ»:
Ըստ նրա, մեկ անձը չի կարող ՀՀ-ում լինել իրավունքի աղբյուր, մեկնաբանել սահմանադրական նորմերը, եւ դրանք դառնան պարտադիր կատարման համար:
Խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հավելեց, որ Հրայր Թովմասյանն ՍԴ նախագահ է ընտրվել համապատասխան ակտով՝ ԱԺ որոշմամբ եւ դրան հաջորդող մնացած իրավական ակտերով. «Այսինքն, եթե պարոն Գրիգորյանը գտնում է, որ այդ ակտերը իրավաբանորեն վիճարկելի են, ինքը կարող է դիմել վարչական դատարան եւ այդտեղ վիճարկել»:
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին եւ նրակրկին կալանավորմանը՝ Անի Սամսոնյանն ասաց. «Ընթանում է դատավարական գործընթաց, մենք հետեւում ենք այդ պրոցեսներին: Ինչպես դատարանը որոշում է, այնպես էլ իրադարձությունները զարգանում են: Այսինքն՝ սա զուտ դատավարական գործընթաց է, մեզ համար այս գործընթացը որեւէ առաջնային նշանակություն չունի: Այդ գործը հանձնված է արդարադատությանը, արդարադատությունն էլ իր գործը կանի: Մենք քաղաքական հետապնդման տարրեր չենք տեսնում, և այս գործը մեզ համար զուտ իրավական գործընթաց է»:
Խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի կարծիքով էլ, տեղի է ունենում մրցակցային դատավարություն, մնացածը`ժամանակը ցույց կտա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ