«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ոչ մի քաղաքական հետապնդում չկա, գործընթացը տեղի է ունենում Սահմանադրության և օրինականության սահմաններում»,- խորհրդարանական ճեպազրույցներում այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Աննա Կարապետյանը:
Հիշեցնենք, երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը չեղարկեց առաջին ատյանի դատարանի որոշումը`Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին եւ որոշեց ՍԴ-ից հետ կանչել այդ գործով վարույթ ընդունված դիմումները:
Աննա Կարապետյանը չի կիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ երկրում օրենք ու օրինականություն չկա։ Այլ գնահատականներ «Իմ քայլի» պատգամավորները հրաժարվեցին տալ` պատճառաբանելով, որ դատական ակտը հրապարակվել է երեկ, եւ իրենք ծանոթ չեն հիմնավորումներին, ուստի՝ կարծիք հայտնել չեն կարող:
Իշխող ուժի խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ հավելեց` ելնելով իշխանության տարանջատման սկզբունքից, ճիշտ չէ՝ պատգամավորները մեկնաբանեն եւ գնահատական տան որեւէ իրավական գործընթացի՝ կապ չունի սովորական քաղաքացի կլինի, թե երկրորդ նախագահը. «Ինչպես մասնագիտությամբ բժիշկը, ծանոթ չլինելով հիվանդին, նրա պատմությանը չի կարող եզրակացություն տալ, իրավաբանն էլ գործի հանգամանքներին ծանոթ չլինելով, ինչքան էլ դրա մասին լուսաբանվի հատվածական՝ չպետք է թույլ տա իրեն ամբողջական հետեւություններ անել»:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկը նկատեց. «Քաղաքական ուժ եք, փաստաբանական գրասենյակ չեք ներկայացնում»: Իշխող ուժի պատգամավորներին լրագրողների հարցերը դուր չէին գալիս, նրանք որոշեցին դասեր տալ լրագրողներին` բացատրելով, որ հարցերը պետք է լինեն ԱԺ նիստերի համատեքստում: Լրագրողների եւ պատգամավորների միջեւ հարցուպատասխանը թեթեւ լեզվակռվի վերածվեց:
Մանրամասները`տեսանյութում
Հարցին` հանրության շրջանում կարծիք կա, որ Մարտի մեկի գործով պետք է երեք նախագահներն էլ հավասարաչափ պատասխանատվության կանչվեն, ինչո՞ւ է միայն Ռոբերտ Քոչարյանը պատասխանատվության կանչվել, Սուրեն Գրիգորյանը հակադարձեց` նման կարծիքների չի հանդիպել. «Բայց հաշվի առնելով այսօր երեք նախագահներից միայն պարոն Քոչարյանին է առաջադրվել, իմ լիազորությունների շրջանակներում չէ այդ կարծիքին անդրադառնալ եւ դիրքորոշում ունենալ»:
Աննա Կարապետյանն էլ ասաց, որ հանրության մեջ տասնամյակներ ձգվող հիմնական պահանջը Մարտի մեկի բացահայտումն էր. «Բոլորս կսպասենք այդ բացահայտմանը, մնացածի մասով՝ ովքեր պետք է պատասխանատվության կրեն, մեր տիրույթում չէ»:
Լրագրողներից մեկն էլ Աննա Կարապետյանին հարցրեց`ժամանակին աշխատել եք ԱԺ պետաիրավական հանձնաժողովում, քաղաքականությամբ չեք զբաղվել, քաղաքացիական դիրքորոշում չեք արտահայտել` նաեւ «Մարտի 1»-ի գործի բացահայտման մասով, ինչո՞ւ եք հիմա փոխել դիրքորոշումը։ «Մեծացել եմ քաղաքական ընտանիքում: Իմ հայրը Մարտի մեկի գործով քաղբանտարկյալ է եղել»,-ասաց նա։
Իշխող ուժի պատգամավորներին դուր չէին գալիս նաեւ ՍԴ նախագահի մասին հարցերը: Հարցին` ՍԴ նախագահը Վահե Գրիգորյանն է, թե՞ Հրայր Թովմասյանը, Աննա Կարապետյանը պատասխանեց, որ Սահմանադրության անցումային դրույթները վիճահարույց են, անդամներ-դատավորներ եզրույթները պետք է պարզաբանվեն: ՍԴ նախագահը պետք է լինի դատավոր: Հստակեցմանը`այսինքն` Վահե Գրիգորյանը, Աննա Կարապետյանը պատասխանեց. «ՍԴ-ում երկու դատավորներից բացի ուրիշ դատավորներ կա՞ն»:
Aravot.am-ի հարցին` իշխող քաղաքական ուժը որոշում ունի՞ ՍԴ նախագահին փոխելու, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց. «Իշխող քաղաքական ուժը որոշում չունի»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլ ԳՐԻԳՈՐՅԱՆ