Լրահոս
Օրվա լրահոսը

Իվետա Տոնոյան. «Դա Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է, որը գոյություն ունենալու իրավունք ունի»

Հունիս 26,2019 13:10

«Մենք հաճախ խոսում ենք ՀՀ-ում օրենքների եւ մայր օրենքի գերակայության մասին: Դատական իշխանությունն առանձին իշխանության ճյուղ է եւ մեր վերաբերմունքը պետք է լինի համարժեք»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը՝ պատասխանելով ՍԴ նախագահի փոփոխության ու Ռոբերտ Քոչարյանին երկրորդ անգամ կալանավորելու մասին հարցին:

Հիշեցնենք, որ դատարանը որոշել է ետ կանչել նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ վարույթ ընդունված դիմումները:

Սահմանադրական դատարանի նախագահի մասով էլ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ որեւէ պաշտոնական հրապարակման ծանոթ չէ. «Այն գործընթացները, որ տեղի են ունենում դատական իշխանության ներքո, պետք է տեսնել իրավական հարթությունում: Եվ մենք պետք է իրոք կարողանանք քաղաքական կամք գտնել եւ նախադրյալ ստեղծենք, որպեսզի բոլոր իշխանության ճյուղերը, մեկը մյուսին փոխզսպելով, իրենց գործունեությունը լիարժեք, տրամաբանված եւ արդարացի իրականացնեն»:

Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ հիշեցրեց`Ռոբերտ Քոչարյանի կալանքի կապակցությամբ ԲՀԿ-ն բազմիցս ասել է, որ հարցը դիտարկում է իրավական հարթության մեջ եւ, օրենքով սահմանված կարգով, երբ կլինի այս հարցի իրավական հանգուցալուծում, ԲՀԿ-ն իր գնահատականը չի ուշացնի:

ՍԴ նախագահի մասով էլ, ըստ Իվետա Տոնոյանի, «սահմանադրացավ» է առաջացել եւ ներքին ու արտաքին քաղաքական բազմաթիվ չլուծված հարցերի ֆոնին Վահե Գրիգորյանի այս կամ այն հայտարարությունը դառնում է բուռն քննարկման առարկա. «Եթե մենք փորձում ենք որոշակի բովանդակություն հաղորդել նրա հայտարարություններին, նախկինում հայտարարում է`ոչ լեգիտիմ նախագահի մասին, ապա, իր ձեւակերպմամբ, ոչ լեգիտիմ նախագահի կողմից առաջադրվում է եւ ընտրվում ՍԴ դատավոր, իսկ հետագայում նման աշխարհացունց հայտարարություններով է հանդես գալիս: Մենք ունենք օրենսդրական կարգավորումներ այս հարցի հետ կապված եւ այդ կարգավորումներից դուրս մենք այս պահին չենք դիտարկում»:

Aravot.am-ի հարցին`իրենց կարծիքով երկրորդ նախագահի շուրջ տեղի ունեցողը իրավակա՞ն, թե՞ քաղաքական գործընթացներ են, բանախոսները կրկին խուսափողական պատասխաններ տվեցին`վերահաստատելով, որ հարցը իրավական հարթության մեջ է:

Երեկ կարճ ճեպազրույցում, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր` երկրում ոչ օրենք կա, ոչ էլ օրինականություն: Լրագրողները հետաքրքրվեցին`համաձա՞յն են երկրորդ նախագահի բնորոշման հետ: Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ դա երկրորդ նախագահի կարծիքն է, որը գոյություն ունենալու իրավունք ունի:

Այլ մանրամասները`տեսանյութում

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մանդատից հրաժարվելու դիմումի մասին: «Ես ինքս նման դիմում չեմ տեսել, ծանոթ չեմ: Կարծում եմ լավագույնս մանրամասները պարոն Ուրիխանյանը կարող է ներկայացնել»,- պատասխանեց Վահե Էնֆիաջյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Տիգրան Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում արել է գրառում, որում մասնավորապես ասված է. «Աշխատանքային լիազորություններիս դադարեցման վերաբերյալ մամուլում շարունակվում է տարատեսակ ենթադրությունների շրջանառությունը,բայց դրանցից որևէ մեկը իրականության հետ կապ չունի։ Խնդրում եմ ենթադրություններ չանել, առավել ևս, չտրվել այլոց երևակայության ազդեցությանը։Ասելիքս մեկն էր ու չափազանց պարզ՝ հայտնել էի աշխատանքային լիազորություններս դադարեցնելու մասին, միևնույն ժամանակ նշելով, որ ամեն ինչ առջևում է, իսկ վաղվա օրը լի է հաղթանակներով։ Որոշումս կապված է ոչ քաղաքական հարցերի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930