«Ներպետական բարեփոխումները պետք է ուղղված լինեն մարդու իրավունքների գերակայությանը: Ակնհայտ է եւ բոլորի համար տեսանելի, թե ինչ ակտիվ քննարկումներ են տեղի ունենում՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների եւ դատավորների «վեթինգի» գործընթացում»,-«Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները» թեմայով հանրային քննարկմանն այսօր հայտարարեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանոն:
«Մենք փորձում ենք ակտիվ երկխոսություն վարել քաղաքացիական հասարակության եւ կառավարության հետ՝ որպես Եվրամիություն աջակցելով այս գործընթացին: Շատ կարեւոր ուղերձ ենք ցանկանում հղել ՀՀ կառավարությանը՝ սատարում ենք այդ գործընթացին եւ միաժամանակ ընդգծում, որ բարեփոխումները, մասնավորապես՝ հակակոռուպցիոն գործընթացը եւ դատավորների «վեթինգը», պետք է իրականացվեն միջազգային չափանիշներին համապատասխան»,-ընդգծեց պաշտոնյան: Նրա խոսքով՝ որեւէ բարեփոխման շրջանակում չպետք է թույլ տալ մարդու հիմնարար իրավունքների խախտում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ