Օրերս հարցում էինք ուղարկել ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն եւ ստացանք պատասխաններ, որոնք հրապարակում ենք ամբողջությամբ:
-Ճիշտ է, որ 2017 թվականին ՌԴ-ում ՀՀ դեսպանը նպաստել է, որ Մոսկվայի իշխանությունը դադարեցնի հայկական տոնավաճառների գործունեությունը, որ սպառնացել եք ՌԴ-ում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանին եւ տոնավաճառներով զբաղվող գործարարին՝ ասելով, որ ոստիկանությանը կբողոքեք։
– ՌԴ տարածքում տոնավաճառների անցկացման կամ դրանց մասնակցության գործունեությամբ զբաղվել է ՀՀ առեւտրական ներկայացուցիչը եւ Մոսկվայի ВЕДНХ–ի «Արմենիա» տաղավարի կառավարումն իրականացնող «Արմիմպորտ» ՍՊԸ-ն, որը կառավարության որոշմամբ հանդես է գալիս որպես ՌԴ տարածքում ՀՀ առեւտրատնտեսական շահերի ներկայացուցիչ։ Կարեւորելով տոնավաճառների անցկացումը՝ միեւնույն ժամանակ մենք արձանագրել ենք մի շարք թերացումներ ու տարատեսակ խախտումներ։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, տոնավաճառների ընթացքում ոչ հայկական ծագմամբ արտադրանքի ներկայացմանը, ինչի մասին ահազանգել են նաեւ Մոսկվայի քաղաքային իշխանությունները, որոնք հանդես են գալիս որպես այդ տոնավաճառների կազմակերպիչներ։
Այս առումով դեսպանը նախազգուշացրել է տոնավաճառով զբաղվող գործարարին, որ նա հարկադրված կլինի դիմել ոստիկանություն, եթե հայկական արտադրանքին նվիրված տոնավաճառին ներկայացվեն այլ ծագմամբ ապրանքատեսակներ։
– Ճի՞շտ Է, որ դեսպանը վերացրել է Հայաստանի ներկայացուցչությունն ԱՊՀ տնտեսական խորհրդում՝ Ձեր գործողությունները բացատրելով Հայաստանի բյուջեի միջոցները խնայելու նպատակով։ Եվ արդյոք Դուք խորհրդականի լրացուցիչ հաստիք եք պահանջել՝ տարեկան 80-100 հազար դոլար վարձատրությամբ։
– Դեսպանությունը որեւէ իրավասություն չունի «վերացնելու» կամ սահմանափակելու այս կամ այն ներկայացուցչության/ներկայացուցչի լիազորությունները որեւէ տարածաշրջանային մարմնում։
ԱՊՀ տնտեսական խորհրդում ներկայացուցչի պաշտոնի փոփոխությունն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից՝ 2017 թ.–ին։ Նշյալ խորհրդում ներկայացուցչի կողմից իրականացվող գործառույթները փոխանցվել են դեսպանությանը՝ մի շարք ԱՊՀ երկրների օրինակով։
Ինչ վերաբերում է հաստիք տրամադրելու հարցին, ապա նշենք, որ դեսպանության հաստիքացուցակում վերջին 5 տարում որեւէ լրացում չի կատարվել, եւ նոր հաստիքով դիվանագետներ չեն ավելացել։ Ավելին, վերջին մի քանի ամիսներին դեսպանությունը ՀՀ ԱԳՆ-ի հետ միասին կարողացել է ապահովել որոշ ֆինանսական խնայողություններ։
– Ի՞նչ արտ-ակումբ է բացվել դեսպանատանը։ Արդյոք ունե՞ք նման գործունեության իրավունք։ Ե՞րբ եւ ի՞նչ միջոցներով է նորոգվել դեսպանատան շենքը, արդյոք դա համաձայնեցված է եղել ՀՀ կառավարության հետ։
– Դեսպանությունում, որը տեղակայված է Լազարյանների պատմական առանձնատանը՝ կառուցված ավելի քան 200 տարի առաջ, ներկայումս շարունակվում են վերանորոգման աշխատանքները։
Վերջերս դեսպանության ջանքերով վերականգնվել է պատմական առանձնատան մաս կազմող 17-րդ դարի շինությունը, որտեղ ներկայումս տեղակայված է դեսպանության մշակութային կենտրոնի նոր արվեստի սրահ (արտ-ակումբ)։
Նշյալ սրահում իրականացվում են հայկական արվեստի ցուցահանդեսներ, համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, հայ արվեստագետներին նվիրված տարաբնույթ միջոցառումներ։ Վերականգնված տարածքը ծառայում է նաեւ որպես յուրօրինակ հարթակ՝ հայկական արտադրանքի շնորհանդեսների, տարբեր ոլորտների հայ-ռուսական մասնագիտական խմբերի համատեղ նախաձեռնությունների ու զբոսաշրջային ոլորտին ուդղված ծրագրերի ներկայացման համար։ Ի դեպ, դեսպանության սոցիալական ցանցերի էջերում մշտապես լուսաբանվում են նշյալ սրահում տեղի ունեցող բագմաթիվ նախաձեռնությունները։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում