ԵԽԽՎ ամառային նստաշրջանը բացի լիագումար նիստերում ընթացող բուռն քննարկումներից, պակաս դեբատային չէ նաև հարակից միջոցառումների (side-events) շրջանակներում: Այսպիսով, երեկ և այսօր ադրբեջանցիների մասնակցությամբ կամ նախաձեռնությամբ ԵԽԽՎ-ում կազմակերպվել է նման երկու միջոցառում, որոնցից մեկը նվիրված էր Ադրբեջանում փախստականների և «ներքին տեղահանվածների» հարցերին, իսկ այսօրվա միջոցառումը՝ Արցախում դատապարտված երկու ադրբեջանցի դիվերսանտներին: Երկու դեպքում էլ ադրբեջանական լրատվամիջոցները իրականացնում էին լուսաբանում։ Միջոցառումներին ներկա եմ գտնվել նաև ես և հակադարձել ադրբեջանական պնդումներին։ Քանի որ ադրբեջանական ԶԼՄ-ները չեն լուսաբանի հայկական կողմի՝ իրենց ստերը բացահայտող փաստարկները, ինքս կներկայացնեմ դրանք:
Երեկ կազմակերպված միջոցառման հիմնական նպատակն էր խոսել, թե Ադրբեջանը ինչ քաղաքականություն է վարում փախստականների հարցում։ Բանախոսների թվում էր Ադրբեջանում փախստականների և «ներքին տեղահանվածների» հարցերով պետական կոմիտեի փոխնախագահ Ֆուադ Հուսեյնովը: Բնականաբար, հիմնական շեշտադրումներն ուղղված էին ոչ թե փախստականների հանդեպ տարվող քաղաքականությունը ներկայացնելուն, այլ՝ Հայաստանի դեմ հերթական քարոզչական արշավն իրականացնելուն: Ի պատասխան՝ ես և տիկին Նաիրա Զոհրաբյանը, մերժելով Ֆուադ Հուսեյնովի ելույթի բովանդակությունն իր ամբողջության մեջ՝ որպես կեղծ և հակամարտության բնույթը խեղաթյուրող, շեշտեցինք, որ անթույլատրելի է նման միջոցառումների կազմակերպումը, որտեղ ներկայացվում է միայն ադրբեջանական կողմը, մինչդեռ հակամարտության մյուս կողմերը՝ Արցախը և Հայաստանը իրենց համապատախան պաշտոնյաներով ներկայացված չեն:
Երկու ադրբեջանցի դիվերսանտների հետ կապված այսօրվա միջոցառումը կազմակերպել էր ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը: Ներկա էր նաև դիվերսանտներից մեկի որդին: Միջոցառմանը հուզական երանգ հաղորդելով՝ ներկայացրին նրանց հանդեպ ցուցաբերված իբրև թե դաժան վերաբերմունքը, Հայաստանի հասցեին հնչեցրին ստանդարտ մեղադրանքներ, ներկայացրին ստահոդ տեղեկություններ, ցուցադրեցին նաև տեսանյութ: Վերջում խոսք խնդրեցի և նշեցի, որ սա ոչ թե «մարդասիրական» գործ է, ինչպես ադրբեջանցիները ներկայացնում են, այլ՝ քրեական։ Շեշտեցի, որ անթույլատրելի են նման շահարկումները Եվրոպայի խորհրդում, անթույլատրելի են հանցագործներին հումանիտար համատեքստում ներկայացնելու փորձերը: Ներկաներին տեղեկացրի, որ դիվերսանտների գործողությունների հետևանքով 2 անձ է զոհվել, որոնցից մեկը՝ 17-ամյա պատանի, մեկ կին վիրավորվել է: Նշեցի, որ դրա հետ մեկտեղ Կարմիր խաչը մշտական մուտք ունի և պարբերաբար այցելում է նրանց: Հավելեցի, որ մենք թույլ չենք տալու մարդասպանների հերոսացման նոր դեպքեր և կոչ արեցի դադարեցնել մարդասպանների հերոսացումները և նոր «սաֆարովների» ստեղծումը: Եզրափակեցի՝ հորդորելով, որ մարդու իրավունքների խախտումներ փնտրեն սեփական երկրում, որտեղ դրանց պակասը չկա, քանի որ բազմաթիվ մարդիկ բանտերում են իրենց այլախոհ հայացքների պատճառով:
Տաթևիկ Հայրապետյան
Կարդացեք նաև
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ
https://www.facebook.com/HayrapetyanTat/photos/a.336379527087691/410927999632843/?type=3&theater