Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովորական երեւույթներ են դարձել՝ սպառնալը, ատելության խոսքը, խմբերի բաժանելը։ Սա վտանգավոր չափերի է հասնում». Արման Թաթոյան. «Հրապարակ»

Հունիս 26,2019 11:58

Հատված Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հարցազրույցից:

–  Մենք տեսնում ենք, որ դատարանների արգելափակման ժամանակ ոստիկանությունը չի միջամտում, սակայն երբ, օրինակ, ցանկանում են բողոքի ակցիա իրականացնել որեւէ  կազմակերպության գրասենյակի առջեւ, ոստիկանությունը թույլ չի տալիս։ Սրանք երկակի ստանդարտներ չե՞ն։

– Ոստիկանությունն առհասարակ պարտավորություն ունի կանխարգելելու իրավախախտումները, ապահովելու ինստիտուտների բնականոն աշխատանքը եւ այլն։ Կոնկրետ դատարաններն արգելափակելու հետ կապված՝ ես իմ դիրքորոշումը հստակ ասել եմ, ինչ վերաբերում է բողոքի ցույցերին եւ ոստիկանության գործողություններին, ապա մեզ հասցեագրված կոնկրետ բողոք մենք չենք ունեցել, բայց մենք հետեւել ենք եւ մոնիթորինգի ենք ենթարկել։ Պետք է ասեմ, որ գնահատական տալու համար մենք պետք է օֆիցիալ պրոցես սկսենք, հարցումներ անենք, դիմումներ գրենք եւ այլն, սակայն մենք մեզ ուղղված կոնկրետ այդպիսի դիմում կամ խնդրանք չենք ունեցել։

Շատ եմ կարեւորում ոստիկանների կողմից քաղաքացու հետ հարաբերություններում գիտելիքի առկայությունը, որովհետեւ ես չեմ կարծում, որ մեկ տարվա մեջ իրավիճակն այնքան փոխվեց, որ բոլորը զինվեցին այդ գիտելիքներով։ Ես կարծում եմ՝ պրակտիկան էլ է շատ կարեւոր, բայց այս պահին մենք պետք է շտապ օրենսդրություն փոխենք, որ այն, ինչ հիմա կա, ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնենք։

– Ինչպե՞ս եք գնահատում այժմ խոսքի եւ մամուլի ազատության վիճակը։

–  Ես կարծում եմ, որ ներկայումս ամենամեծ մարտահրավերը սոցիալական ցանցերում առկա վիճակն Է։ Մարդիկ խմբերի բաժանված են, իրար անվանում են հեղափոխականներ ու հակահեղափոխականներ, իրար մեղադրում են ինչ-որ ճամբարների մեջ լինելու, խմբերի պատկանելու մեջ եւ այլն, ինչը վտանգավոր է՝ հանրությունում համերաշխության տեսանկյունից։ Դեռ նման բան չի եղել, ակնհայտ շատ են միմյանց վիրավորելն ու արժանապատվությունը նվաստացնելը, դրանք, կարծես թե, սովորական երեւույթներ են դարձել՝ սպառնալը, ատելության խոսքը, խմբերի բաժանելը։ Սա վտանգավոր չափերի է հասնում, այս ամենը պետք է անհապաղ վերացվի, եւ չի հանդուրժվում այլախոհություն։

Լրագրողների հետ կապված՝ ես խնդիր եմ տեսնում սոցցանցերում, որ լրագրողին հաճախ նույնականացնում են այն անձի հետ, ում հետ նա հարցազրույց է վարել, եւ ամբողջ վիրավորանքն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններն ուղղվում են դեպի լրագրողը՝ անվանարկելով «դավաճան», «ծախված» եւ նման այլ բաներ։ Այստեղ կարեւո՛ր են հանրային գործիչների դերը,նրանց կողմից հնչող հորդորները, բառապաշարը եւ այլն։

– Ձեր այցը ՌոբԵրտ Քոչարյանին նմանատիպ արձագանքի արժանացավ։ Ինչո՞ւ որոշեցիք այցելել նրան։

– Ես չեմ աշխատում ինչ-որ մեկի դուրը գալու կամ չգալու համար։ Ես կատարում եմ իմ աշխատանքը, ինձ համար կապ չունի, թե ինչպիսին է մարդու վերաբերյալ հանրային ընկալումը, նրա հանրային հեղինակությունը, եթե մարդն ունի խնդիր, բարձրացնում է իրավունքների պաշտպանության հարց, ես պարտավոր եմ արձագանքել։ Ես դա անում էի ինչպես ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունների ժամանակ, այնպես էլ անում եմ հիմա։ Սա է ՄԻՊ-ի կոչումը, եւ դրա համար է, որ աշխատանքն օբյեկտիվ է՝ անկախ քաղաքական զարգացումներից, սիմպատիաներից եւ այլն։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930