«Ազատությունից զրկման վայրերում կամ փակ հաստատություններում «խոշտանգում» եզրույթը սովորաբար ասոցացվում է ծեծի կամ դաժան վերաբերմունքի հետ, սակայն խոսքն առհասարակ վատ վերաբերմունքի՝ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին է»,-«Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները» թեմայով հանրային քննարկմանն այսօր հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամ Արման Թաթոյանը:
Նա արձանագրեց, որ ազատազրկման վայրերում շատ խնդիրներ ունենք, որոնք տարիներով են կուտակվել. «Քրեակատարողական հիմնարկներում դեռեւս պահպանվում է պատժիչ բնույթը, ոչ թե վերականգնողական արդարադատության գործառույթը: ՔԿՀ-ներում չկա անհատական մոտեցում ազատությունից զրկված մարդու հանդեպ, չի գնահատվում անձի վարքագիծը: ՔԿՀ-ում անձը 23 ժամ անցկացնում է խցում, եւ նրա հետ սոցիալ-հոգեբանական աշխատանք չի տարվում: Կողմնակի որոշ գործոններ ազդում են կալանավորված մարդու վարքագծի վրա, օրինակ՝ նախաքննության ընթացքում կալանավորվածի տեսակցությունների կամ հեռախոսազանգերի արգելքը»:
ՄԻՊ Արման Թաթոյանի բնորոշմամբ՝ դա լուրջ խնդիր է. «Այս տարի էլ ԱԺ-ում հիշեցրի, որ ընտանիքի անդամների հետ տեսակցությունների արգելքը լրացուցիչ զրկանքների եւ պատժի բնույթ ունի եւ կիրառվում է այն դեպքում, երբ մարդը չի գործակցում քննչական մարմնի հետ: Դա նաեւ հոգեբանական գործոն է: Ապացուցված է, որ որոշ ինքնասպանություններ դրա հետեւանքն են: Մշակել ենք օրենսդրական փաթեթ, որն ուղարկել ենք կառավարություն եւ ԱԺ: Անձին ընտանիքի հետ կապից զրկելու իրավունք քննիչը չպետք է ունենա: Լինում են դեպքեր, երբ անձը երկու-երեք տարի այդ խնդրի հետ է բախվում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/1278194375663253/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ