Լրահոս
Օրվա լրահոսը

Փալոնի նախաձեռնության կողմնակիցների աճող թիվը վկայում են, որ Վաշինգտոնում առկա է լայն կոնսենսուս՝ հայ-ամերիկյան գործընկերությունը ռազմավարական բնույթ է ստանում. VOA

Հունիս 26,2019 11:19

«Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը 40 միլիոն դոլարով ավելացնելու մասին կոնգրեսական Սփիրի առաջարկը, որն ընդունվեց ձայների զգալի մեծամասնությամբ, ինչպես նաեւ կոնգրեսական Փալոնի ներկայացրած հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության առաջարկն անհրաժեշտ է դիտարկել միասնական, որպես Հայաստանի զարգացմանն ուղղված ընդհանուր ծրագիր», – «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասաց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին: Հայտնում է Ամերիկայի ձայնը:

Նույն տրամաբանության մեջ է նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Կոնգրեսականներ Սփիրի եւ Փալոնի առաջարկները, ինչպես նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընդունված կոնգրեսական Թիջեյ Քոքսի՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար ամերիկյան բյուջեից գումար հատկացնելու առաջարկը քաղաքական լուրջ նշանակություն ունեն, համոզված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը.

«Օրինակ, այդ օգնությունը այլ պայմաններում կարող էր ուղղվել Հայաստանի փոխարեն այլ երկրների՝ նույն Ուկրաինային կամ Վրաստանին, որոնք այլ աշխարհաքաղաքական մոտեցումներ ունեն, սակայն, Սփիրի նախաձեռնության լուրջ աջակցությունը, Փալոնի նախաձեռնության կողմնակիցների աճող թիվը վկայում են, որ Վաշինգտոնում առկա է լայն կոնսենսուս՝ հայ-ամերիկյան գործընկերությունը ռազմավարական բնույթ է ստանում»:

Համբարյանի կարծիքով, անցած տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում փոխվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ նախկինում հավասարազոր մոտեցումը.

«Այսօր Վաշինգտոնում բոլորն են համաձայն, որ ժողովրդավարության, խաղաղության եւ գործընկերության տեսանկյունից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ աճող անդունդ է առկա: Հայաստանը ԱՄՆ-ի համար շատ ավելի լավ գործընկեր է, շատ ավելի ժողովրդավար երկիր»:

ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչները համոզված են՝ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները հայ-ամերիկյան համագործակցության լայն հեռանկար են բացում:

«Իրականում, հաշվի առնելով զգալի փոփոխությունները եւ ժողովրդավարական առաջընթացը Հայաստանում, մենք նույնիսկ կոչ կանեինք է՛լ ավելի մեծ աջակցություն հատկացնել Հայաստանի ժողովրդավարական հաստատություններին», – նշում է Արդունին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930