Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաշինգտոնն ու Մոսկվան ընդհանուր հայտարարի են եկել»

Հունիս 26,2019 14:30

«Իմ խորհուրդն է՝ մոռացեք Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Սերժ Սարգսյանն ինքն էլ դրանց հետամուտ լինելու համար որեւէ գործնական քայլ չկատարեց, թեեւ դրա համար երկու տարի ժամանակ ուներ»,- «Առավոտի» զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը:

– Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` հունիսի 20- ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածած հայտարարության մեջ փաստել էին սահմանային լարվածության աճը, կողմերին զսպվածության կոչել, նաեւ արձանագրել էին, որ դա չպետք է խոչընդոտի գործընթացի հետագա զարգացմանը, բայց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կրկին «մոռացվել» են: Այս հետեւողականությունն ինչի՞ համար է, ըստ Ձեզ:

– Առիթ ունեցել եմ նաեւ նախկինում ասելու, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմում մեր ունեցած տարածքային կորուստներն առաջին հերթին քաղաքական ծանրագույն հետեւանքներն ունեցան մեզ համար: Մեր քաղաքական տկարամտության այդ հերթական զարմանալի դրսեւորումը դուռ բացեց արդեն ապագա տարածքային կորուստների հեռանկարն անտեսելու, դրանց հնարավորությունն «օրինականացնելու» համար: Բանն այն է, որ ապրիլյան տարածքային կորուստները կոչված էին ընդգծելու, որ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականություն հասկացություն գոյություն չունի առաջին հերթին հենց հայկական կողմերի համար: Այսինքն, հակամարտության այն մասնակիցների, ում համար այդ հասկացությունը պետք է գործնականում ունենար բացառիկ, կենսական նշանակություն: Սերժ Սարգսյանը ճարպկորեն շեղեց հանրության ուշադրությունն այդ հանգամանքից, փոխարենը ասպարեզ նետելով շփման գծում փոխվստահության ու վերահսկողության միջոցների եւ զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ միանգամայն հիմնազուրկ եւ անիրագործելի «գաղափարը», որը նա նաեւ լրացրեց Երեւան-Ստեփանակերտ ձեւաչափով ռազմաքաղաքական դաշինք կնքելու վերաբերյալ մեր մարդկանց ականջը շոյող, բայց բացառիկ պոպուլիստական խոստումով: Իմ խորհուրդն է՝ մոռացեք Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Սերժ Սարգսյանն ինքն էլ դրանց հետամուտ լինելու համար որեւէ գործնական քայլ չկատարեց, թեեւ դրա համար երկու տարի ժամանակ ուներ:

– Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է. «Մենք ունեցանք բավականին ինտենսիվ մտքերի փոխանակում: Համանախագահները տրամադրեցին հավելյալ առարկայական առաջարկություններ, որոնք պետք է ուսումնասիրենք: Պետք է տեսնենք, թե ինչպես ենք առաջ շարժվում այս բանակցություններում: Ցավոք, ինչպես գիտեք, առկա էր լարվածության աճ»: Նա նաեւ հավելել է, որ կողմերն առաջ են շարժվում նույն խաղաղության ծրագրով, որը բանակցային սեղանին է վերջին 15 տարիներին: Հայկական կողմից, համանախագահների ներկայացրած նոր առաջարկների մասին, դեռ գաղտնազերծումներ չեն անում: Ի՞նչ նոր առաջարկներ հնարավոր է ներկայացվեն այս փուլում, Ձեր կարծիքով:

– Գուցե հընթացս մարդասիրական բնույթի ինչ-ինչ քայլեր կատարվեն, փոխայցելություններ լինեն, որոնք, իբր, կոչված կլինեն փոխվստահության մթնոլորտ հաստատել մեր ժողովուրդների միջեւ, բայց քանի դեռ բանակցային օրակարգը չի փոխվել, այդ ամենի վերջնանպատակն այն է լինելու, որ Ադրբեջանը երկու փուլով հաստատի իր վերահսկողությունը նախ ներկայիս Արցախի տարածք հանդիսացող այն շրջանների նկատմամբ, որոնք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում չեն եղել, իսկ դրանից հետո նաեւ այն տարածքի հանդեպ, որը խորհրդային տարիներին կոչվել է ԼՂԻՄ: Զգացվում է, որ պարոն Մամեդյարովը միանգամայն գոհ է բանակցությունների ընթացքից եւ հավանաբար դրա համար հիմքեր ունի:

Իսկ սահմանային լարվածության պարբերական պոռթկումները հայկական կողմերի ու միջնորդների վրա որոշակի ճնշում բանեցնելու գործուն միջոց են: Դրանք նաեւ Արցախի ու Հայաստանի քաղաքացիների վրա հոգեբանական ճնշում գործադրելու միջոց են՝ մի կողմից ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմը ազատ է ուժի դիմել ցանկացած պահի, իսկ մյուս կողմից՝ «ապացույցն» են Երեւանի ու Ստեփանակերտի քաղաքական անճարակության, քանի որ վերջիններս չեն կարողանում Բաքվի ագրեսիվ նկրտումները կանխել զուտ քաղաքական լծակների կիրառման միջոցով, իսկ սեփական զինուժը բացառապես պաշտպանական նպատակների են ծառայեցնում:

– ԱԳ նախարարների այս հանդիպումը ԱՄՆ-ի հովանու ներքո էր: Հանդիպման նախօրեին Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ ինքն անհամբերությամբ է սպասում նախարարների հանդիպմանը եւ, որ «Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»: Ինչպե՞ս կմեկնաբանեք պարոն Բոլթոնի այս հայտարարությունը: Արդյոք սա տարածաշրջանում ԱՄՆ-ի հետաքրքրությունների հաստատում կամ վերահաստատո՞ւմ է, եթե հիշենք, որ պարոն Բոլթոնը 2017-ին տարածաշրջան կատարած իր այցի ընթացքում նույնպես ուշագրավ հայտարարություններ արեց` ցավոտ հարցերին ոչ ստանդարտ լուծումներ տալու մասին: ԱՄՆ-ը կհաջողի՞ Արցախի հարցում ՌԴ-ից վերցնել «առաջին ջութակի» դերը: Ինչպե՞ս է դա հնարավոր:

– Այն տեսակետին եմ, որ մեր տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրությունը աստիճանաբար աճելու է: Սակայն կարծում եմ, որ ԱՄՆ-ի համար արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի համատեքստում, առաջին ջութակի դերը ստանձնելն առանձին վերցված, չափից դուրս մանր հարց է: Կարեւորն այն է, որ պաշտոնական Վաշինգտոնն ու Մոսկվան ընդհանուր հայտարարի են եկել կարգավորման մեխանիզմների հարցի շուրջ: Իսկ այդ մեխանիզմների առանցքն այժմ կազմում է Արցախի տարածքն ադրբեջանական վերահսկողության տակ փոխանցնելու հարցը: Նրանց միջեւ մրցակցությունը առարկայական տեսք կստանա այն պահին, երբ անհրաժեշտ կլինի ճշտել, թե այդ հանձնումը պետք է կայանա Մոսկվայի, թե՞ Վաշինգտոնի բացառիկ միջամտության շնորհիվ:

– Վեջերս Նախիջեւանում տեղի ունեցան թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ, արդեն հերթական զորավարժությունները, ցուցադրվեցին երկու պետությունների ռազմական հզորությունները, զուգահեռաբար Արցախի երկայնքով սահմաններում լարվածության աճ կա, նաեւ հայկական կողմն է իր դիրքորոշումը կոշտացնում եւ այլն: Պատերազմի վերսկսման վտանգն իրակա՞ն է դառնում:

– Առայժմ հնարավոր եմ համարում ռազմական ակտիվության առանձին տեղային պոռթկումներ, որոնք լայնածավալ պատերազմի վերաճելու լուրջ ներուժ դժվար թե ունենան: Սակայն եթե Պարսից Ծոցի շրջանում առկա լարվածության աճը շարունակվի ու հանգեցնի Իրանի ռազմաքաղաքական ապակայունացմանը, ապա նաեւ արցախյան ճակատն ու Նախիջեւանը կարող են դառնալ լայնամասշտաբ ռազմական գործողությունների թատերաբեմ, ուր իրենց ռազմական եւ քաղաքական մասնակցությունը կունենան Հայաստանից ու Ադրբեջանից բացի, նաեւ այլ դերակատարներ:

Զրույցը`

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

25.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930