Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը ԵԱՏՄ նախաձեռնողն է եւ չի կարող շահագրգռված կամ հետաքրքրված լինել Հայաստանին մեկուսացնելու հարցում»

Հունիս 26,2019 14:00

Թաթուլ Մանասերյանը հավանական չի համարում, որ Վերին Լարսը կփակվի

Արդեն քանի օր է հարեւան Վրաստանում շարունակվում է ներքաղաքական լարված իրավիճակը: Երեկ էլ արդեն, մտահոգություններ հնչեցին, որ Վրաստան-ՌԴ հերթական խնդրի պատճառով հնարավոր է փակվի Վրաստանի հետ ցամաքային ՌԴ սահմանը` Վերին Լարսը: Այդ պարագայում տուժողներից մեկը նաեւ Հայաստանը կլինի: Թե ինչպիսի տնտեսական վնասների առաջ կկանգնի մեր երկիրը, հատկապես` գյուղատնտեսական այս բուռն սեզոնին, երբ հայկական բեռների մեծ մասը տեղափոխվում են դեպի Ռուսաստան հենց վերին Լարսով, զրուցեցինք տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով արդեն իսկ արգելվել են Վրաստան-Ռուսաստան օդային թռիչքները:

Ինչ վերաբերում է Վերին Լարսի սահմանի փակման հավանականությանը, ապա, մեզ հետ զրույցում, պարոն Մանասերյանը մտահոգիչ է համարում, բայց եւ կարծում է, որ նման բան տեղի չի ունենա: Պարոն Մանասերյանը բացատրում է` ինչու. «Վրաստան-Ռուսաստան իրադարձությունները մեզ չեն կարող չմտահոգել, բայց, մի քիչ ավելի սթափ նայելով գլոբալ իրավիճակին, նման որոշում դժվար կայացվի Ռուսաստանի կողմից: Ընդհանրապես, վերջին շրջանում ե՛ւ Ռուսաստանը ե՛ւ Վրաստանը, կարծես թե, գիտակցում են, ճիշտ է, կոնկրետ քայլեր չի դրսեւորվում, բայց, փորձագիտական շրջանակների մակարդակով սկսել են այն միտքը շրջանառել, որ Հայաստանի հետ համագործակցությունը կամ, ընդհանրապես, Հայաստանի զարգացումն այդ երկու երկրների համար ոչ միայն վնասաբեր չէ, չի հակասում իրենց շահերին, այլ, նաեւ, համընկնում է իրենց շահերի հետ: Մասնավորապես` Ռուսաստանը»:

Թաթուլ Մանասերյանի խոսքով, Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության նախաձեռնողն է եւ ճարտարապետը եւ, այս առումով, չի կարող շահագրգռված կամ հետաքրքրված լինել Հայաստանին մեկուսացնելու հարցում. «Որովհետեւ առանց այն էլ միության անդամ երկրների միջեւ խնդիրներ կան: Խնդիրները հատկապես` Ռուսաստան-Բելառուս, Ղազախստան-Ղրղըզստան են: Եվ, այս իրավիճակում, բացառիկ կանխատեսելի երկրներից մեկը Հայաստանն է համարվում»:

Մեր հարցին` Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է եւ այնպես է ստացվել, որ Ռուսաստանի ԵԱՏՄ գործընկերոջ ցամաքային ճանապարհը Վրաստանով է, արդյոք Ռուսաստանը կգնա այդ քայլին` իմանալով, որ բեռների մեծ մասը հենց այդ ճանապարհով է արտահանվում ԵԱՏՄ երկրներ, պարոն Մանասերյանը քիչ հավանական համարեց, որ ՌԴ-ն Հայաստանին կդնի նման շրջափակման մեջ:

Թաթուլ Մանասերյանն այս հարցում կարեւորում է հատկապես` Իրան-Ռուսաստան կապերը. «Մենք միշտ սիրում ենք Իրան-Հայաստան կապերի մասին խոսել, բայց շատ կարեւոր է հատկապես` Իրան-Ռուսաստան կապերը, որը ճիշտ է, ոչ միակ Ճանապարհն է Հայաստանի Հանրապետությունով, բայց տնտեսական առումով արդյունավետ է եւ ձեռնտու: Եվ, վերջապես` Մետաքսի մեծ ճանապարհի ծրագիրը, որին անդամակցում են եւ արդեն պայմանագրեր կան աշխարհում 135 երկրների հետ, ինչը եւս Չինաստանին դարձնում է ոչ միայն գլոբալ խաղացող եւ, ընդհանրապես, Չինաստանը վաղուց է վերածվել համաշխարհային տնտեսության ուժի կենտրոններից մեկը` ԱՄՆ-ից եւ Ճապոնիայից հետո, այլ նաեւ մեր տարածաշրջանում հստակ ձեւավորվում է տնտեսական եւ քաղաքական շավիղը: Ուստի, սա էլ լրացուցիչ գործոն է, որպեսզի շղթան, որպես այդպիսին, չընդհատվի: Իհարկե շատ ավելի գործոններ կան, քան ես նշեցի, բայց այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ, ավելի իրատեսական է, ակնկալել, որ կպահպանվի եղած իրավիճակը, քանի որ կարող է փակվել Վերին Լարսը»:

Ըստ պարոն Մանասերյանի` գոնե փորձելով պատասխանել հարցին` ո՞ւմ է ձեռնտու փակվելը, նրա խոսքով, այս պահին շատ չեն այն կողմերը, որոնց որ ձեռնտու է, որ փակվի Վերին Լարսը. «Իհարկե Արեւելքից եւ Արեւմուտքից մեր հարեւանները երազում են դրա մասին, որ վերջնական տեսք տան շրջափակմանը, բայց, կարծում եմ, այդ երազանքը ֆանտաստիկայի ոլորտից է»:

Մեր այն հարցին` այնուամենայնիվ, եթե իրականանան այդ սպառնալիքները, ինչպիսի՞ տնտեսական վնասներ կկրի Հայաստանը, թեկուզ կարճ ժամանակով, պարոն Մանասերյանը հիշեցրեց 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը, որից Հայաստանը պետք է որ դասեր քաղած լիներ:

Նրա կարծիքով, պետք է ավելի պատրաստ լինել նման զարգացումների` մինչեւ անգամ լիակատար շրջափակման պայմաններում տնտեսության զարգացման սցենարների մշակմանը: Սակայն, ըստ մեր զրուցակցի, պատրաստ չենք այդ սցենարին. «Հայաստանի Հանրապետությունը մի քանի տարի է, վերջապես վավերացրել է ցամաքային երկրների մասին երեք կոնվենցիաները: Ստորագրել էինք, բայց չէինք վավերացրել եւ այդ կոնվենցիաներով, այն երկրները, որոնք որ ելք ունեն դեպի ծով, պարտավոր են ծով չունեցող երկրներին ելք տրամադրել: Եթե Ռուսաստանի կողմից նման նախաձեռնություն լինի, ինչն, իհարկե, կասկածում եմ, որ նման քայլի կգնա, ապա դա ուղղակիորեն հարվածում է երեք միջազգային կոնվենցիաների: Եվ այս հարցում միայն դիվանագիտությունները դեր ունեն խաղալու»:

Մեր այն դիտարկմանը` նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ կրկին ակտիվացան` դեպի Ռուսաստան Աբխազիայով այլընտրանքային ճանապարհ ունենալու մասին խոսակցությունները, տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը պարբերաբար վստահեցնում էր, որ Հայաստանին ճանապարհ տալու բանակցությունները` Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ շարունակվում են, այսինքն` այս լարվածության ֆոնին, ընդհանրապե՞ս քննարկման ենթակա չէ, պարոն Մանասերյանն ասաց` միանշանակ:

Նրա խոսքով, լիներ Կարեն Կարապետյանը, թե որեւէ այլ մեկը, Հայաստանի որեւէ կառավարություն չի կարող այդ գործը գլուխ բերել. «Ես ուզում եմ շեշտել, որ շատ ցանկալի կլիներ, որ Հայաստանը միջնորդի դեր կարողանար կատարեր Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ, բայց նման բան չի կարող առայժմ տեղի ունենալ եւ Աբխազական երկաթգծի վերաբացման պայմանավորվածությունն էլ ավելի շատ պայմանավորված էր Իրանի դեմ պատժամիջոցների մասնակի վերացմամբ, եւ բանկային մի շարք հաշիվների, ապասառեցմամբ, որը թույլ է տվել Իրանին բացվել դեպի արտաքին աշխարհ եւ ավելի շատ համագործակցել հատկապես Ռուսաստանի դաշնության հետ: Եվ, բնականաբար, այդ նախաձեռնությամբ եւ շրջանակներով պետք է դիտարկել երկու երկրների` Ռուսաստանի եւ Վրաստանի արտաքին գործերի ներկայացուցիչների հետ բանակցությունները, որը, կարծում եմ, շարունակություն կարող է ունենալ»:

Մեր այն դիտարկմանը, որ խոսքը նաեւ ավտոտրանսպորտային ճանապարհի մասին էր, Թաթուլ Մանասերյանն ասաց՝ իհարկե, եթե երկաթուղին վերագործարկվի, ավտոճանապարհի վերագործարկումը նույնիսկ տնտեսապես ավելի քիչ ծախսատար է, քան երկաթուղու:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

25.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930