Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանից եկել են հայրենիք, տուն գնել, ասում են՝ սեփականատերը դու չես

Հունիս 26,2019 13:30

Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրայր Փանոսյանը լսելով դռան զանգը, բացում է հայրենիքում իր գնած բնակարանի դուռը, տեսնում է Մհեր ներկայացած անձին, որն ասում է, թե ինքն է այդ բնակարանի սեփականատերը: «Սեփականատերը» հայտնում է, թե այդ բնակարանը գնել է վարկով՝ 14. 109.000 դրամով: Հրայր Փանոսյանն այդ մասին տեղեկանում է 2016թ.-ին:

Կենսաթոշակառու մեր հայրենակիցը 2011-12թթ.-ին «Հինգ աստղ» ՍՊ ընկերության տնօրեն Վարդան Առաքելյանին տվել է քառասուն հազար դոլար գումար՝ Կոմիտասի պողոտայի տասնչորս հարկանի էլիտար շենքում բնակարան գնելու համար:

Գտնվելով Իրանում, նա տեղյակ չի եղել, թե այդ բնակարանի հետ կապված ինչ ոտնձգություններ են կատարվել, հանգիստ է եղել այնքանով, որ ուներ առուվաճառքի պայմանագիր, կադաստրում պետական գրանցում կար, նաեւ գազի, ջրի, կոմունալ մյուս վարձերը ինքն էր վճարում:

Միայն անցյալ տարվանից է իր 22-ամյա դստեր եւ կնոջ հետ փաստացի բնակվում նշյալ բնակարանում:

Մինչ այդ տասնհինգ հազար դոլար գումար էլ տվել էր բնակարանում շինաշխատանքներ կատարելու համար, քանի որ գնել էր «էլիտար պատեր», ինչը տեսնում եք լուսանկարներում:

«Առուվաճառքի պայմանագրով ես Վարդանից գնեցի բնակարանը 26.220. 000 դրամով: 5.12.2011թ. կանխավճարը 12 000 դոլար էր, իսկ 21.03.2012-ին՝ 28 000 դոլար: Ես եղել եմ ԻԻՀ քաղաքացի եւ 6.06.2016թ. մշտական բնակության վայրս եղել է Թեհրանը՝ ԻՀՀ-ն: Վարդանը 28 000 դոլարը վերցրել է ինձնից եւ գումարը տվել պարտքի դիմաց բանկին: Սակայն մինչեւ 2011-2016 թվականը նա չի ասել ինձ, որ բնակարանը, որը ես գնել եմ, պարտքի դիմաց հանձնել է բանկին 11 692 000 դրամով, իսկ ես Վարդան Առաքելյանին 15 000 000 կանխավճար եմ տվել»,-ասում է իրեն «քցված» համարող զրուցակիցս:

Երբ հանցագործության մասին հաղորդումով Հ. Փանոսյանը դիմել էր ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժին, «Հինգ աստղ» ՍՊ ընկերության տնօրեն Վարդան Առաքելյանը բացատրություն էր տվել ավագ քննիչ Հ. Խեդոյանի մոտ, գրելով. «2006-ին Կոմիտասի պողոտայի 38/3 հասցեում ընկերությունը սկսել է կառուցել բազմաբնակարան շենք: 2011-ին իմ եւ Հ. Փանոսյանի միջեւ կնքվել է բնակարանի վերաբերյալ նախնական առուվաճառքի պայմանագիր: Նշյալ բնակարանը «Անելիք բանկի» հետ 21.03.2012թ. կնքված «գույքը պարտքի դիմաց հանձնելու մասին» պայմանագրով փոխանցվել է բանկին, պայմանով, որ բանկը գույքը կարող է վաճառել բացառապես գրավատուին կամ վերջինիս կողմից նշված անձին»:

Քրեական հետապնդում չի իրականացվել կառուցապատողի նկատմամբ՝ հանցակազմի բացակայության հիմքով: Հ. Փանոսյանը բողոքել է դատախազին: Երեւան քաղաքի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ր. Ասլանյանը հաստատել է գործը մերժելու մասին քննիչի որոշման օրինականությունը:

Դատախազը նույնպես «հենվել» է «հինգաստղանու» բացատրության վրա, որ Հ. Փանոսյանը դեռ 10 824 000 գումար ունի տալիք, որ բնակարանը պայմանագրով փոխանցվել է բանկին:

«Ես դիմել եմ ԱԱԾ-ին: Դեռ պատասխան չկա: Հայտնել եմ, որ Վարդան Առաքելյանը գույքը պարտքի դիմաց հանձնել է 11 692 000 դրամով, իսկ ես Վարդանին 15 000 000 դրամ եմ տվել, որպես կանխավճար, ինչը քննչական մարմինները չեն տեսնում: Երեք տարի առաջ ես Թեհրանից զանգել եմ Վարդանին, ասացի, որ տան վերանորոգման պարագաներ եմ բերում, համաձայնեց եւ ես վերանորոգեցի բնակարանս:

երանորոգման աշխատանքների ժամանակ բանկի անվտանգության աշխատակից Վահագ Մուրադյանը, եւս երկուսը եկան եւ հայտարարեցին, թե տվյալ բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է……«Այդի» բանկին, հետո մի քառասուն րոպե սկսեցին նկարահանումներ կատարել իմ……բնակարանում»,-«Առավոտի» հետ զրույցում պատմում է Հ. Փանոսյանը:

Վերջինս դիմել է նշյալ բանկին, ստացել է բանկի պատասխանը, եւ երբ ստացել է բանկին բնակարանը պատկանելու մասին վկայականը, դիմել է կրկին Վարդանին, պահանջելով այն վերանորոգման գումարը, որով «էլիտար պատերը» ձեւ ու բովանդակություն էին ստացել: Գումարը չի տվել Վարդանը:

Անցյալ տարվա օգոստոսին բանկը կտրել է տալիս բնակարանի գազը, ավելին՝ դիմում են ոստիկանություն, թե իրանցի ընտանիքը «ներխուժել» է տվյալ բնակարան, որը նրանցը չէ:

Քսան օր ժամանակ են տալիս տունն ազատելու համար: Սեփականատեր ներկայացած Մհերը հայտնում է տունը վաճառելու մտադրության մասին:

«Գալիս ենք համաձայնության 15 000 000 դոլարով տունը վերագնելու համար»,-ասում է Հ. Փանոսյանը: Նա դիմում է հայրենի բանկեր, վարկ չեն տալիս, վերցնում է տասներեք միլիոնի պարտք, մինչ «հինգաստղանի Վարդանը» կվերադարձնի 15 000 000 գումարը:

Օրեր առաջ հեռախոսազանգով «համատեր» ներկայացած մեկը պահանջում է այս ընտանիքից 18 000 000 դրամ:

Ողբերգությունը գիտե՞ք որն է. Իրանի մեր հայրենակիցները վաճառել են Թեհրանի իրենց բնակարանը, իսկ հայրենիքում դեռ կասկածի տակ է նրանց տանիք ունենալու փաստը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Նույն վիճելի բնակարանը «Տրանսպարենտ սոլյուշնս» ՍՊԸ-ն գրավ դնելով՝ «Այդի» բանկից 6 150 000 000 վարկ է վերցրել 2017-ին՝ մինչեւ 30.06.2020թ. մարման ժամկետով: Փաստորեն, այդ չափի՝ 6 150 000 000 վարկ է՞լ են տալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930