Վերջին շրջանում «Հայկական երաժշտական համաժողովի», Կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ անցկացվում են տարբեր ժանրերում հայ ժամանակակից ստեղծագործողների երկերի երեկոներ: Հաճախ էլ դրանց հաջորդում են քննարկումները: 2017-ից կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի ղեկավարությամբ անցկացվում է «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը, իսկ ավելի վաղ երիտասարդ կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանի հիմնադրած Armenian National Music կազմակերպությունը պարբերաբար ներկայացնում է երաժշտարվեստի տարբեր ժանրերում ստեղծագործող լավագույն հայտնի ու անհայտ անհատների:
Այսուհանդերձ, կոնկրետ դաշնամուրային երաժշտության ոլորտում ստեղծագործող մերօրյա հայ հեղինակների գործերը կարծես այնքան էլ հաճախ չեն հնչում: Նշենք տաղանդավոր դաշնակահար Հայկ Մելիքյանի հիմնած 1900+ համերգաշարը, որն անդրադառնում է հայ եւ արտասահմանցի ժամանակակից՝ կենդանի դասականների շարքին դասվող կոմպոզիտորների արվեստին:
Լայն լսարանի համար ժամանակակցի ստեղծագործություն լսելն ու «մարսելը» հեշտ գործ չէ, այն հաճախ դժվարընկալելի է նույնիսկ պրոֆեսիոնալների կողմից: Այս մտքի հետ համակարծիք է «Առավոտի» հյուրը՝ երիտասարդ դաշնակահարուհի Լուսինե Խաչիկյանը: Զրույցի ընթացքում նա խոստովանեց, թե երբեւէ մտքով չէր անցնի, որ կգա ժամանակ, երբ ինքը մենահամերգ կունենա՝ ծրագրում միայն հայ ժամանակակից հեղինակների գործեր: «Չէի պատկերացնի անգամ, որ ինձ՝ դեռեւս լայն լսարանին ոչ այնքան հայտնի արվեստագետիս, իրենց երկերի առաջին կատարումը կվստահեն որոշ հեղինակներ: Նրանք առայժմ երկուսն են՝ Էլեն Յոլչյանն ու իրանահայ Արաշ Ազատին»,- նշեց երաժիշտը:
Այսօր Կոմիտաս թանգարան-ինստիտուտում կկայանա դաշնակահարուհու մենահամերգը, որն ընդգրկում է մեր ժամանակակիցներ Արթուր Ավանեսովի, Արամ Հովհաննիսյանի, Էլեն Յոլչյանի, Արթուր Աքշելյանի եւ գերմանաբնակ Արսեն Բաբաջանյանի ստեղծագործությունները: Այս ծրագրին նախորդել են Լուսինեի՝ Գյումրիում եւ Վանաձորում կայացած երեկոները:
«Ծնունդով Արցախից եմ: Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի սովորող էի, երբ 17 տարեկանում՝ 2011-ին հանդես եկա մենահամերգով: Ապա Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսանելու տարիներին՝ 2017թ. ունեցա մենահամերգ: Ծրագրում միայն համաշխարհային եւ հայ դասական կոմպոզիտորների երկեր էին…»,- հայտնեց Լուսինեն: Հավելեց, որ ընտանեկան հանգամանքների բերումով Երեւան տեղափոխվելուց ու հաստատվելուց հետո, երբ կոմպոզիտորների միությունում ներկա է լինում ժամանակակից երաժշտության մի համերգի, ինքն իրեն խոսք է տալիս, որ երբեւէ չի կատարի ժամանակակից կոմպոզիտորի գործ: «Դա պրոֆեսիոնալ մոտեցում չէ, բայց փաստ է»,- խոստովանում է դաշնակահարուհին:
Հարցին՝ այնուամենայնիվ, ինչպե՞ս եղավ ժամանակակից երաժշտարվեստով տարվելը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանող էի, երբ Արաշ Ազատին առաջարկեց ձայնագրել իր գործը, որի դիմաց պետք է վարձատրվեի: Այն ժամանակ թեեւ մտածում էի, որ դա իմը չէ, բայց քանի որ վարձով էի ապրում, ինձ գումար էր անհրաժեշտ: Միառժամանակ անց սիրիահայ ուսանող Փարդի Մինասյանը խնդրեց դաշնամուրի նվագամասով հանդես գալ իր Ջութակի եւ դաշնամուրի համար գրված սոնատի կատարումով: Այս անգամ ինձ գրավեց կոմպոզիտորի հետ աշխատանքը, շփումը… Սկսեցի խորը ուսումնասիրել ժամանակակից երաժշտության պատմություն, որը դասավանդում էր Արթուր Ավանեսովը, ինչը իսկապես մեծ դեր խաղաց ժամանակակից երաժշտարվեստի հանդեպ ունեցած ներկայիս հետաքրքրությանն ու սիրուն: Երազում էի՝ կգա՞ մի օր, որ կատարեմ Արթուրի երկերից… Հետո արդեն ժամանակակից գործընկեր-կոմպոզիտորների հետ համագործակցությունը, փորձերը, նույնիսկ բանավեճերը ինձ պարզապես անդարձ տարան ժամանակակից հնչյունների աշխարհ»:
Լուսինե Խաչիկյանը հայտնեց, որ մարզերում կայացած ու երեւանյան մենահամերգի նախաձեռնողը Armenian National Music կազմակերպությունն է:
Հարցին՝ լսարան կա՞ր Գյումրիում եւ Վանաձորում, արվեստագետը հավաստիացրեց, որ իր համար հանդիսատեսի թիվը էական չէ: Հետո էլ ասաց. «Ես կարող եմ նույն պատասխանատվությամբ մենահամերգ ունենալ ընդամենը մի քանի հանդիսատեսի համար: Իսկ մարզերում դասական արվեստի ունկնդիր կա: Բայց երեւանյան մենահամերգին անհամբեր եմ սպասում, քանի որ ունկնդրի շարքերում են լինելու իմ երեք Կարինեները՝ Ստեփանակերտի դպրոցի առաջին ուսուցչուհիս՝ Կարինե Մաջարյանը, ուսումնարանի՝ Կարինե Դադամյանը եւ կոնսերվատորիայի պրոֆեսորս՝ Կարինե Օհանյանը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
25.06.2019