Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչենք մեր հերոսներին. Ընդհատված թռիչք

Հունիս 26,2019 19:00

Մշուշոտ օրվա նմանվող դառնացած սիրտս դատարկվել է ուզում, մտքերս ու հոգսերս կրկին քեզ հետ կիսելու անհագ ցանկությունից հոգիս փոթորկվել է վերստին, հավատացած ու վստահ եմ, որ երկնի լազուրում ճախրող քո կենսախինդ հոգին դարձյալ պատրաստ է մեր անսկիզբ, անվերջ ու անավարտ զրույցներին: Մի պահ ինձ թվաց, թե մեր հայացքները հանդիպեցին, ու խորունկ աչքերումդ դարձյալ լույս առկայծեց քո խորհրդավոր և անքննելի ժպիտի տեսքով, ճիշտ այնպես, երբ մանկության տարիներին աննկատ առանձնանում էինք ու մեր անքննելի երազների նժույգները հեծնում՝ նորանոր երազանքների մասին միմյանց րոպե առաջ հայտնելու համար:

Ամռան տապն օրեցօր անտանելի է դառնում՝ նմանվելով 1993 թվականի հունիսյան ճիշտ այն օրվան, երբ վերջին անգամ հանդիպեցինք: Յուրան հոգնած տեսք ուներ և չափազանց տխուր էր: Ակնհայտ էր, որ դեռևս ամբողջովին չսպիացած վերքերն իրենց զգացնել էին տալիս ու, չնայած չորս անգամ վիրավորվել էր, սակայն վերջնական կազդուրվելու մասին չէր մտածում: Մտահոգ հայացքով նայեցի նրան ու ասացի.

-Ասում ես՝ քուլի լավ է, բայց ինձ չես կարող համոզել, առողջությանդ բնավ ուշադրություն չես դարձնում, քեզ նման չես:

-Խոստանում եմ, Մարտակերտն ազատագրելուց հետո մարդավարի կհանգստանամ: Անհոգ եղիր, վերքերս կապաքինվեն,- մտախոհ պատասխանեց նա, մի քանի վայրկյան խորհրդավոր լռեց ու խզված ձայնով դժվարությամբ խոստովանեց: -Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում, հավատա, այն հոգուս վերքը կբուժի, բայց… սրտիս անամոք վերքն ի զուրու չէ բուժել:

Պատասխանից հանկարծակիի եկա, իսկ նա, մեղմ ժպիտը չթաքցնելով, ամուր գրկեց ուսերս, հավատով լի հայացքով նայեց ինձ ու գրեթե շշնջաց.

-Պի՛նդ կաց, ախպերս, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու… Կյանքը շարունակվում է, այն երբեք կանգ չի առնում, համբերությամբ զինվիր…

Ի՜նչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն էր, որ ինձ ուղղված հրաժեշտի խոսքերն էր շշուկով ասում, որ սրտի տագնապներն առաջին անգամ ինձանից անհասկանալիորեն թաքցրեց՝ հետագայում փակագծերը բացելու ակնկալիքով: Տասն օր անց դարձյալ գյուղում էի, մութն արդեն ընկել էր, երբ սկսեցի այգիս ջրել: Շուրջբոլորս խորհրդավոր լռություն էր: Հենվել էի բահին ու անթարթ հայացքով նայում էի ինձանից մի քանի քայլ հեռավորության վրա գտնվող Յուրայի խաղողի այգուն, մտովի զրուցում էի անզուգական ընկերոջս հետ՝ հավատացած, որ մի քանի օրից կհանդիպենք: Ծղրիդների չարագուշակ ճռռոցից հանկարծակիի եկա և նույն պահին նկատեցի աստղազարդ երկնքից վայր սլացող գիսատղն ու քարացա… այն ասես մխրճվեց Յուրայի այգու մեջ: Աչքերիս չհավատացի: Ամեն ինչ ասես խավարով պատվեց: Կարծես թմբիրի մեջ լինեի, տեսածիս չէի հավատում, համրացել ու քարացել էի: Գլխումս կատարյալ քաոս էր, ոչինչ չէի զգում: Մի ակնթարթում միասին անցկացրած տարիները կինոժապավենի նման կայծակնային արագությամբ սրընթաց սլացան աչքերիս առջև, սիրտս անսպասելիորեն նվաղեց, արյունը երակներումս խցանվեց, ծնկներս ծալվեցին, բահը ձեռքիցս ընկավ, ու ինձանից անկախ սկսեցի մահախոսական մրմնջալ… Յուրա Գառնիկի Հովհաննիսյան… սրբացած անուն, առյուծասիրտ հայորդի… Չէի հասկանում, թե ինչ է կատարվում, լուռ ու անձայն խոսում էի ու խոսում: Սիրտս կարծես վարարած գետ էր դարձել ու ամբարտակներ էր խորտակում…

Որքան էր անցել, չգիտեմ, սառը քամուց մի պահ ուշքի եկա, երկյուղած նայեցի շուրջբոլորս, մաքրեցի ճակատիս սառը քրտինքն ու կրկին նայեցի աստղազարդ երկնքին: Շփոթմունքս տագնապի էր վերածվում, հուզմունքս փոթորկվում էր, շնչառությունս ծանրանում, սրտիս զարկերն անկանոն էին դառնում: Չարագուշակ լռություն էր: Մի պահ սթափվեցի, ինքս ինձ վրա բարկացա՝ չարաբաստիկ արարքս առնվազն հիմարություն համարելով, սակայն դրանից երկյուղած սրտիս ահագնացող տագնապը չմեղմվեց: Խարխափելով մոտեցա խաղողի այն վազին, դեպի ուր սլացավ գիսաստղն ու կարկամեցի. ինձ թվաց, թե կանաչ վազը սկսել է թոշնել: Ուզում էի գոռալ, աղաղակել, սակայն ասես համրացել էի, խլացել ու կուրացել: Ծնկներս ծալվում էին, երկար նստած մնացի խաղողի վազի մոտ՝ լուռ ու անկենդան: Ասես կենդանի մահարձան լինեի՝ գլուխս ափերիս մեջ առած: Ինչ-որ պահ ուժ գտա իմ մեջ, մի կերպ ոտքի կանգնեցի, վերստին նախատեցի ինձ, որ թվացյալ հեռազգացողության ու խաբկանքի պատճառով բանականությունը կորցրածի եմ նմանվել և գլխահակ քայլեցի դեպի տուն՝ չգիտակցելով, որ լուսաբացը մահահոտ է լինելու:

Բոթն առավոտյան Այգեշատ հասավ, ու գյուղը մի ակնթարթում սգավոր դարձավ, չնայած ոչ ոք չէր հավատում, չէր համակերպվում այն մտքի հետ, որ իրենց պարծանք հպարտ և անպարտ հերոսի աննկուն սիրտը դադարել էր բաբախել, որ հավիտյան գոցվել էին նրա լուսե աչքերը, որ այլևս չէին լսելու նրա անզուգական ծիծաղը, որ այլևս նրան չէին տեսնելու գյուղի փողոցներում: Անհավատալի էր, սակայն սգավոր համագյուղացիները ստիպված էին համակերպվել այն մտքի հետ, որ իրենց ազնվագույն զավակը Հավերժի Ճամփորդ դարձավ՝ Արևն ու Լույսն ապրողներին պատգամելով: Մարդիկ գլխահակ ու լուռ էին քայլում, մեղավոր հայացքներ փոխանակում: Որքա՜ն ցավ ու ափսոսանք կար նրանց հայացքներում: Մենք՝ Յուրայի համադասարանցիներն ու մտերիմ ընկերները, գիշանգղ տեսած թռչնի երամի էինք նմանվել, չափազանց խեղճացել, երկչոտ և անօգնական էինք դարձել: Մեր կորուստն անչափելի ու սոսկալի էր, որովհետև ոչ միայն հարազատ ընկեր ու սրտակից բարեկամ էինք կորցրել, այլ մեր Առաջնորդին ու Խորհրդատուին, ով ամենքիս տխուր և ուրախ պահերին առաջինն էր մեր կողքին կանգնում, դժվարին պահերին ձեռք մեկնում, հուսադրում, հավատով լեցուն աչքերով մեղմ ժպտում էր ու խինդով լցնում ամենքիս սրտերը: Մշտաժպիտ Յուրայի կորստյան անբուժելի ցավի հետ մենք այդպես էլ համակերպվել չկարողացանք…

Կեսօրին գյուղն ալեկոծվեց ու փոթորկվեց և ողբասաց դարձավ, երբ Յուրայի դին ակումբում դրվեց: Ծով բազմություն էր հավաքվել՝ վշտից համրացած դեմքերով, լալահառաչ սրտերով ու արցունքով լի աչքերով՝ գլխահակ, բայց նաև հպարտ: Շրջակա գյուղերից ևս հարյուրավոր մարդիկ էին եկել Յուրային վերջին հրաժեշտը տալու: Անմեկնելի վիշտն ամենքինն էր: Շուրջ երկդարյա պատմություն ունեցող գյուղն ասես ցնցակաթված էր ստացել. առաջին անգամ էր այդպիսի անդառնալի կորուստ ունենում, որովհետև Յուրան իր ապրած իմաստալից կյանքով, բարությամբ, նվիրվածությամբ ու ազնվությամբ վաղուց էր դարձել ոչ միայն համագյուղացիների, այլև հայ ժողովրդի պարծանքը և հպարտությունը: Նրա անվան շուրջ թեև անվերջ իրական լեգենդներ էին հյուսվում, սակայն ազգի նվիրյալը շարունակում էր մնալ նույն համեստն ու ամաչկոտը, որովհետև երբեք չէր սիրում իր սխրանքների մասին խոսել: Մինչդեռ ազգային ազատամարտի առաջին իսկ օրերից զենք էր վերցրել ձեռքը, մասնակցել Հայաստանի ու Արցախի ավելի քան 30 բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական կռիվներին, քանիցս մահվան աչքերին էր նայել, բայց չէր նահանջել, առաջինն էր մարտի նետվել՝ զոհված ընկերների վրեժը լուծելու, հայրենի հողն անարգ թշնամուց ազատագրելու համար: Զորահրամանատարն իրապես մարտական փառահեղ ուղի էր անցել՝ շարքային զինվորից հասնելով փոխգնդապետի կոչման ու նոր էր նշանակվել Հինգերորդ բրիգադի շտաբի պետ, բայց, ավա՜ղ… չհասցրեց բազում երազանքներն ու ծրագրերն իրականացնել և Հավերժի ճամփորդ դարձավ: Յուրայից հետո մեր երամն այդպես էլ չկարողացավ ուշքի գալ, բայց շարունակում է վառ պահել նրա պայծառ հիշատակը, որի առհավատչյան է համագյուղացի ընկերների կառուցած հուշարձանը նրա իսկ անունը կրող դպրոցի բակում: Դպրոցի երկարամյա տնօրեն, երջանկահիշատակ Լյուդվիգ Քոչարյանն ի կատար ածեց իմ խնդրանք-առաջարկն, ու կարճ ժամանակ անց դպրոցն անվանակոչվեց փառապանծ հերոսի անունով: Նա անսպասելիորեն դարձավ հուշ և հիշողություն, մինչդեռ ապրելու և արարելու այնքա՜ն մեծ ցանկություն ուներ…

Եռաբլուրը Լույս-Փարոս դարձած այն սրբավայրն է, ուր տարին երկու անգամ՝ Յուրայի ծննդյան և անմահության օրերին, լուռ ու գլխիկոր այցելության եմ գնում հարազատ ընկերոջս, մեղավոր հայացքով նայում նրա թախծոտ աչքերին և միասին անցկացրած ավելի քան 35 տարիների անծայր հուշերի գերին դառնում վերստին ու վերստին, սակայն ինձ հարցախեղդ անող միակ հարցի պատասխանն այդպես էլ չեմ գտնում: Սիրելի եղբայր, դու երբևէ դաժան չէիր եղել, քեզ հետ ինչո՞ւ այդպես դաժանորեն վարվեցիր, այդ ի՞նչ խենթություն էր մտքովդ անցել, որ մեզ երջանկություն պարգևելու համար քեզ երջանկությունից զրկեցիր՝ քեզ հավիտենական անթափանց խավարն ուղեկից դարձնելով, իսկ մեզ լույս ու ջերմություն պարգևելով: Մի՞թե չգիտեիր, որ օրն առանց քեզ երբեք չի՛ մթնելու, լույս երբեք ու երբեք պայծառ չի՛ լինելու, որ առանց քեզ, բայց միշտ քեզ հետ լինելն ու քո՝ չդադարող երազ-այցելությունները երբեք չե՛ն սփոփելու, որ անտես կարոտը շղթայել անհնարին է, այն հորդառատ ու անվերջ վարարող գետի նման հսկա ամբարտակներ է կործանելու… Եռաբլուրում երեք հատիկ գլանակ եմ ծխում՝ առաջինը՝ Յուրայի /ինձ համար Յուրան հավերժ ներկա է/, երկրորդը՝ իմ, իսկ երրորդը՝ մեր բացական ընկերների փոխարեն, հետո, ավանդական փոքրիկ սեղանի մոտ. երեք բաժակ եմ բարձրացնում՝ նույն հաջորդականությունը պահպանելով, այնուհետև անծայր ու անթիվ հուշերը ծով տխրությունս փարատելու անհույս փորձեր են անում: Մտովի հեռուներն եմ սլանում, երբ միասին էինք ու մեզ աշխարհի տիրակալներ էինք կարծում: Ես Դոն Կիխոտն էի, իսկ դու՝ Սանչոն /միշտ քեզանից 10 սմ բարձրահասակ մնացի/, մտրակվող ճիպոտե ձիերը մեր լուռ ու հնազանդ ուղեկիցներն էին: Ամեն անգամ սիրտս դալկանում է, երբ հուշերիս գզրոցից մի նոր պատառիկ եմ հայտնաբերում: Այնքա՜ն բան կա հիշելու ու պատմելու…

… Արդեն քսանվեց տարի առանց քեզ եմ, սակայն միշտ քեզ հետ և լավ գիտեմ, թե ինչու է սիրտս ամեն անգամ նվաղում, երբ քո անունն եմ լսում, հասկանում եմ, թե ինչու է այն ըմբոստանում, երբ քո մասին անսիրտ ու անհոգի գրառումների եմ հանդիպում, որոնցից անճանաչելի եմ դառնում, կատաղում եմ, երբ ինչ-որ մի անարժան սրիկա քեզ որպես ընկեր է ներկայանում /իրականում շատերն էին Յուրային իրենց ընկերը համարում, սակայն մատների վրա կարելի էր հաշվել նրա իրական ու իսկական, հավատարիմ ընկերներին, որոնց նա վստահում էր ու սրտի տագնապներից խոսում: Ինքնակոչ ընկերներին չէր նեղացնում, մեղմ ժպտում էր ու քմծիծաղ տալով պատասխանում՝ քեզ հետ կարելի է ընկերություն անել, բայց հետախուզության երբեք չեմ գնա/: Ներող եղիր, սիրելի եղբայր, սակայն քեզանից հետո չափից ավելի դյուրազգաց դարձած սիրտս պայթում է ցավից, երբ մեր մանկության տարիներից հուշեր են պատմում… անարժան ու ամեն ինչից անտեղյակ մարդիկ, իրականությունն այն աստիճան խեղաթյուրված են ներկայացնում, որ մատներս բռունցք են դառնում, և անամոք ցավից ուղղակի ոռնում եմ՝ ո՞ւր էիք, անաստվածներ… Իմ անզուգական եղբայր, քո անմեռ հոգին միշտ ինձ հետ է, և անասելի ցավ եմ զգում, երբ քո՝ միայն ինձ հայտնած գաղտնիքներն ինչ-որ անտեղյակներ փորձում են այլ կերպ ներկայացնել՝ չհասկանալով, որ այդ կերպ քեզ են վնասում, չգիտակցելով, որ դու ինձ համար եղել ես ու մնացել ես սրբություն-սրբոց, որ ես ու դու վաղուց ենք մենք դարձել: Անհանգիստ հոգիս տակնուվրա է լինում, շնչահեղձ եմ լինում, սիրտս ամբարտակներ է կործանում, երբ քո մասին գրած իմ սրտառուչ տողերը… մեղմ ասած, սեփականաշնորհում են ու ինձ քամահրանքով ասում՝ մի՞թե Յուրայի համար դու ինչ-որ բան ես գրել… Յուրայի համար ես ոչինչ էլ չեմ արել ու չեմ կարող անել, քանզի նա աստվածային պարգև կյանքը հայրենիքի համար դրեց զոհասեղանին… Յուրայի մասին միշտ գրել եմ և անվերջ գրելու եմ, որ նրա ըմբոստ հոգին անխռով մնա:

Իմ անզուգական եղբայր, սիրելի Յուրա, առանց քեզ, բայց միշտ քեզ հետ եմ, առաջին անգամ միայն քեզ պիտի խոստովանեմ, որ իմ սփոփանքը քո բացակա ներկայությունն է, մենք, ինչպես միշտ, միասին ենք /մենք երբեք ես ու դու չդարձանք/, ինչպես 60 տարի առաջ, երբ մեր հերթական արկածի ժամանակ ոտքս վնասել էի, իսկ դու ավելի քան չորս կիլոմետր ինձ շալակած տանում էիր, անվերջ հուսադրում ու խնդրում՝ անտանելի ցավերին դիմանալ: Միասին շատ ու շատ փորձությունների ենք դիմակայել, հաղթանակներ տոնել, պարտություններից դառնացել, սակայն երբեք չենք տրտնջացել, քանզի գիտակցում էինք, որ մենք Այգեշատ գյուղի հիմնադիրներից մշեցի մեր նահապետներ Գևորգ ու Այվազ պապերի արժանի հետնորդները պիտի մնանք: Միգուցե ինչ-որ խորհուրդ կար այն բանում, որ մեր գերդաստանների 200-ամյա նախանձելի մտերմության երթը մենք պիտի շարունակեինք…

Ու թեև քսանվեց տարի է անցել, անզուգական Յուրային անմնացորդ նվիրված նույն ընկերն եմ մնացել եմ, ով միշտ ու մշտապես զգում է նրա բացակա-ներկայությունը, մեր սրբազան ուխտին հավատարիմ եմ մնացել և մնալու եմ, որովհետև քամին քարափից երբեք ոչինչ տանել չի կարող՝ մանրահատիկ փոշուց բացի: Իմ անդավաճան ու հարազատ ընկեր, ես անվերջ զգում եմ հոգու ցավն ու անթարգմանելի տրտմությունը, ամեն վայրկյան մաշկիս վրա զգում ինձ հետ հաղորդակցվելու քո մշտենջանական ցանկությունը և մեր անդավաճան սրտերի՝ դառնությունն ու ուրախությունը կիսելու մշտահմնա պահանջը, ինչը ոչ ոք և երբեք խորությամբ չի հասկանա: Իմ սրտակից ընկեր ու հավերժ զրուցակից, սրտիս անամոք վերքը բուժելու և մեր ըմբոստ հոգիներին հանգստություն պարգևելու միակ հնարն ինքդ հուշեցիր, երբ հերթական երազ-այցելության ժամանակ մտերմաբար ասացիր՝ ծառը հավերժության խորհրդանիշ է: Քո պատգամն իրականություն եմ դարձրել և մի փոքրիկ այգի եմ հիմնել, ուր յուրաքանչյուր ծառ ու թուփ, անգամ ծաղիկ քո հավերժ ներկայությունն է հիշեցնում, ինչից հոգիս թեթևանում է, իսկ տխրությունս փոքր-ինչ մեղմանում: Գյուղի տարածքում մենք մեր ծառերն ունեինք, այդ բոլոր ծառատեսակներից կան իմ փոքրիկ պարտեզում: Ահա մայիսյան այն վարդը, որի բուրմունքից արբենում էինք: Սա մեր բակի նույն վարդի շառավիղն է, որի մոտ հեռավոր 1956 թ. մենք առաջին անգամ լուսանկարվեցինք: Վարդավառի տանձենին նույն քաղցրահամ պտուղն է տալիս, նորատունկ փշատենին նոր է ճյուղեր տարածում… Երկնասլաց բարդիները, խնձորենիները, սալորենիները, թթենիները, խաղողի վազերը, բալենիները, թզենին, կեռասենիները, ծիրանենիները մեր լուռ անխոս զրույցների համր վկաներն են և մեր բոլոր պատմությունները գերազանց գիտեն: Քո անունով ծիրանենու տակ երկտեղանոց մի հսկա սալաքար է դրված, ծառի ստվերի տակ տրվում եմ հուշերին ու մտովի սլանում հեռուները: Այն երբ էր, երբ փշատենին մեր երազների անսանձ նժույգն էր, երկնասլաց բարդու կատարն էինք ուզում հասնել, սաղարթախիտ ու հաստաբուն ծիրանենուն մեր գաղտնիքներն էինք վստահում, բալենու վրա տնակ էինք սարքել ու մանկական վառ երևակայությամբ հեքիաթներ էինք հյուսում, թռչնի նման թառում էինք թթենու ճյուղերին և հարցախեղդ անում իրար, ապա լրջանում ու անմեղությամբ պատմում մեր առաջին հրապուրանքների, գայթակղությունների, ժամադրությունների, հանդիպումների, ուրախությունների ու տխրությունների մասին: Նման պահերին ժամանակը կանգ է առնում: Համբերությունս անզոր է սրտիս տագնապների դեմ, քանզի նույնիսկ առանց քեզ, բայց թեկուզ ընդմիշտ քեզ հետ արդեն անզոր եմ ու անօգնական, որովհետև դու…

Ամեն հուշի հետ խորհրդավոր ժպիտ է հայտնվում դեմքիս, սիրտս ջերմանում է, իսկ հոգիս այնպե՜ս է թեթևանում, քանզի զգում եմ քո հավերժ ներկայությունը՝ Հավերժին ձուլված Հավերժի Ճամփորդ մշտաժպիտ Յուրա: Մշտապես զգում եմ քո բացակա-ներկայությունը, քո անվերջ երազ-այցելությունները վկայում են, որ կա երկնային կյանք, ու քո անմեռ և հպարտ հոգին սավառնում է երկնի լազուրում ու շարունակում ջերմություն սփռել ու լույս վառել մեր ճանապարհին: Ահա թե ինչու օրն առանց քեզ երբեք չի՛ մթնում ու չի՛ մթնելու, իսկ ես, իմ Խենթ Մշեցի, այդպես էլ չեմ հասկանալու՝ խե՞նթն է մեղավոր, թե՞ խենթացնողը…

ՎԱՉԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930