Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը չի կարծում՝ արդարադատության ոլորտին վերաբերող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ազդեցություն ունեցան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշման վրա:
«Շատ ցանկալի կլինի, որ արդարադատության հետ կապված հայտարությունները կապված չլինեն սրա կամ նրա դատական գործի հետ, էս դեպքում՝ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի: Բաց չեմ կարծում, որ այս դեպքում այդ հայտարարություններն են դեր խաղացել, դատական համակարգը Հայաստանում որեւէ կերպ վստահություն չի ներշնչում, իրավիճակ չի փոխվել: Քանի որ նույն դատական համակարգն է գործում, նույն դատավորներն են՝ նույն մարդկանց կողմից նշանակված: Այս համատեքստում ասել, որ որեւէ փոփոխության հույս կա, չի կարելի: Դատարանի այսօրվա վճիռը պայմանավորված է դատավորի անձով ու վերջին շրջանում Քոչարյանի դատաքննության զարգացումներով, ավելի շատ նրա փաստաբանական կողմի սադրիչ գործունեությամբ»,- ասաց Վարդան Հարությունյանը:
Անդրադառնալով դատարանի՝ խափանման միջոց կալանքի ընտրությանը՝ իրավապաշտպանն ասաց, որ բոլոր դեպքերում, ինքը կողմնակից է մեղմ խափանման միջոցի ընտրությանը. «Կարծում եմ՝ մինչեւ դատավճիռը կամայական մարդու նկատմամբ պետք է հնարավորինս մեղմ խափանման միջոց կիրառվի, եւ չեմ կարծում, որ կալանավորումը ընդունելի խափանման միջոց է»:
Մեր հարցին՝ չե՞ք կիսում մտավախությունը, որ Քոչարյանը, ազատության մեջ լինելով, կարող էր ազդել գործով վկաների վրա, իրավապաշտպանը պատասխանեց. «Ե՛վ մտավախությունը կա, ե՛ւ մտահոգությունը կա, իհարկե, Քոչարյանն այն մարդն է, որը հնարավորություն ունի ազդել դատական գործընթացների, զարգացումների վրա, դա երեւում էր նաեւ վերջին դատավարական գործընթացների ժամանակ, բայց ես չեմ ցանկանում քննարկել դատարանի վճիռը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ