ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝ ՇՊՀ-ում բարոյահոգեբանական մթնոլորտը չփոխվելու դեպքում բուհի կա՛մ լուծարման կա՛մ միավորումների հարցը քննարկելու մասին արված հայտարարությունը շարունակում է լրջորեն անհանգստացնել Շիրակի մայր բուհի աշխատակիցներին ու նաև շրջանավարտներին։
Նշենք, որ Շիրակի մարզում գրեթե չկա այնպիսի ընտանիք, որտեղ այս բուհից գեթ մեկ շրջանավարտ չլինի։
Համացանցում համալսարանի հնարավոր լուծարման դեմ ծավալված ակտիվ քննարկումներից բացի, բուհում մեկնարկել է ստորագրահավաք։
85-ամյա պատմություն ունեցող բուհի հնարավոր լուծարման դեմ արտահայտվողների թիվը վայրկյան առ վայրկյան ավելանում է․ ստորագրությունները, որոնք դրվում են գիտխորհրդի՝ նախարարին ուղղված կոչի տակ, այս պահի դրությամբ մոտ 150 են։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ բուհի գիտական խորհուրդը՝ ի պատասխան Արայիկ Հարությունյանի, տարածել էր հետևյալ կոչը․
«Ի պատասխան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանի՝ 12.06.2019թ. ԱԺ-ում՝ հանձնաժողովների համատեղ նիստում արված հայտարարության՝ ՇՊՀ-ի հանրույթը կոչ է անում. «Հարգելի պարոն նախարար, ՇՊՀ-ի վերաբերյալ Ձեզ ներկայացված տեղեկատվությունը կողմնակալ է և ընտրողական: ՇՊՀ-ն այսօր ապրում է իր բնականոն կյանքով: Այս տարի նշելու ենք մեր բուհի 85-ամյակը և այսուհետ ընդունելով ժամանակի մարտահրավերները՝ հաստատակամ կերպով Ձեզ հետ նշելու ենք նաև բուհի 90-ամյակը: Ներկայացվող բարոյահոգեբանական լարված մթնոլորտը վատ ղեկավարման և իրականացվող նպատակադիր քաղաքականության հետևանք է, որին երկար ժամանակ չէինք ուզում հավատալ: Որոշ ուժերի հեռահար հավակնությունների և հուսահատ ճիգերի գործադրման արդյունքում բուհի ճակատագիրը զոհասեղանին դնելը Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի համար կունենա կործանարար հետևանքներ: Ակնհայտ է, որ ՀՀ կրթական համակարգը կարոտ է բարեփոխումների, բայց նման վերաբերմունքն աշխատակիցների, սովորողների և 85-ամյա պատմություն ունեցող բուհի նկատմամբ պարզապես չի կարող նպաստել բուհի հետագա զարգացմանը»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ