Ծովային հանգստի մեկնելու ժամանակն է, և ծնողներից շատերը մի կողմից ցանկանում են ծովում կոփել իրենց երեխաներին, մյուս կողմից մտածում՝ ինչպես անել, որ երեխան ծովային հանգստից հետո աղիքային վարակով չվերադառնա տուն:
Aravot.am-ը «Մասնագիտությունը՝ մայրիկ» շարքի շրջանակում թիվ 2 բուժմիավորման մանկաբույժ Աշխեն Մհերյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ վարակներ կարող է երեխան վերցնել ծովի ջրից, և ինչպե՞ս կարող են ծնողները զգուշանալ:
Մանկաբույժը նշեց, որ ամառվա ամիսներին շատ երեխաների մոտ լինում են սննդային խախտումներ: Դրա պատճառ կարող է դառնալ ջուրը, մթերքը, սնունդը, որը ճիշտ չի պահպանվում, և դրանք կարող են պարունակել աղիքային հարուցիչներ, որոնք կարող են հանգեցնել փորլուծության և ջերմության. «Ընդհանուր դա կոչվում է սուր գաստրոէնտերիտներ, բայց սուր գաստրոէնտերիտները նաև կարող են հարուցել բակտերիաները, վիրուսները, պարազիտները: Շատ բաներ կան, որ կարող են հարուցել այդ գաստորէնտերիտները, բայց ամենատարածված հարուցիչը ռոտա վիրուսն է, որը, բնական է, ընդհանրապես սեզոնային, բայց ամեն դեպքում աշխարհագրական դիրքից ելնելով մեզ մոտ ավելի շատ հանդիպում է ամռանը: Դրանից հետո հաճախ հանդիպում են ադենավիրուսները: Ռոտավիրուսով հիմնականում 4-24 ամսական երեխաներն են վարակվում»:
Ըստ մանկաբույժի՝ ջուրը նպաստում է վիրուսների տարածմանը, եթե հիգիենան չի պահպանվում. «Ծովի ջուրը, եթե հիգիենան չի պահպանվում, նպաստում է բակտերիաների տարածմանը, երեխաները ջուր են խմում կամ լողում ջրում, որտեղ կարող են ջուր կուլ տալ, և ջրից կարող են իրենց մոտ առաջանալ վիրուսային կամ բակտերիալ ծագման գաստրոէնտերիտներ»:
Կարդացեք նաև
Մանկաբույժը կարևորեց, որ ծովից վերադառնալիս երեխաներին ծնողները լողացնեն. «Երեխաների ձեռքերը, ոտքերը պետք է լվալ, նրանց լողացնել: Այն երեխաներին, որոնց շշով են կերակրում, նրանց էլ պետք է ուշադիր լինեն. անպայման մաքուր լինի շիշը, ծծակը, քանի որ այդ հարուցիչը կարող է վրան լինել, և երեխան ստանա իր սննդի հետ ու զարգանա այդ հարուցիչը: Անպայման մայրն էլ ոչ միայն երեխայի հիգիենան պիտի պահպանի, այլև ինքն էլ պիտի իր հիգիենան պահպանի: Իսկ ռոտա վիրուսի հարուցիչը փոխանցվում է մարդուց մարդուն՝ բերանակղանքային ճանապարհով: Այդ դեպքում ծանր ջրային լուծ է լինում, որն ուղեկցվում է փսխումով, ջերմությամբ, որովայնի շրջանում ցավերով և այլն»:
Մանկաբույժը երեխաների հետ ծովային հանգստի մեկնող ծնողներին մի շարք գործնական խորհուրդներ տվեց, որպեսզի երեխայի՝ վատառողջ լինելու դեպքում հանկարծակիի չգան. «Պետք է վերցնել ջերմիջեցնողներ, Ռեգիդրոն, Ռեգիսոլյուշըն հեղուկներ, Սմեկտա: Ծնողը պետք է անպայման պատրաստ լինի, թե երբ կարող է երեխայի մոտ լինել ջրազրկում: Ինքը պետք է գնահատի՝ երեխայի մոտ ջրազրկում կա՞, թե ոչ: Հիվանդության հանկարծակի սկսումը՝ գաղտնի շրջանը, տևում է մեկից երեք օր: Եթե ծնողը տեսնում է, որ երեխան հաճախակի ջուր չի խմում, փսխումները հաճախակի են լինում, արդեն ինքը պետք է երեխային անպայման տա շատ հեղուկներ: Եթե ձեռքի տակ չկան վերը նշված նյութերը, կարող է ծնողն ինքնուրույն էլ պատրաստել: Դրա համար 200 մլ եռացրած, գոլացրած ջրի մեջ լցնում ենք մեկ թեյի գդալի ծայրով՝ մեկ ութերորդ գդալ կերակրի աղ և երկու 2 թեյի գդալ շաքարավազ ու աշխատում ենք օրվա ընթացքում հաճախակի երեխային տալ այդ հեղուկը: Եթե երեխայի վիճակը չի լավանում, անպայման պետք է դիմել բժշկի կամ բուժհաստատություններ, որ տան գնահատական երեխայի վիճակին»:
Մանկաբույժը նաև մի շարք խորհուրդներ տվեց ծնողներին, թե ինչ անել, երբ երեխան լուծում է. «Եթե երեխան լուծում է, նրան կերակուր պետք չէ տալ, բայց ամեն լուծելուց հետո, եթե փսխում չկա, անպայման երեխային պետք է տալ հեղուկ և կերակրել նրանով, ինչով կերակրվում է: Լուծի դեպքում պետք է երեխային տալ երիցուկի, խոտաբույսերով թեյ, սպաս՝ թույլ բրնձով և ամեն կղանքից հետո երեխային կերակրել նույն կերակրով, ոչ թե կանգնեցնել սնունդը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ