«ՎԵՏՕ» նախաձեռնությունն այսօր բողոքի ցույց էր անում Սահմանադրական դատարանի մոտ՝ պահանջելով վերականգնել տապալված սահմանադրական կարգը: Ցույցի մասնակիցները վանկարկում էին՝ «Վարչապետին ամոթ»:
Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվելուց հետո հայտարարեց. «Ստանձնելու եմ ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատրումը»:
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն այսօր ցույցի ժամանակ իր ելույթում ասաց, որ իրավաբանները « 2+2 հավասար չէ 4-ի» մոտեցումները գնալով ավելի վճռական են մերժում»: Նա ասաց՝ այն, ինչ կատարվում է այսօր, իշխանության յուրացման նախապատրաստության դրսեւորում է, մասնավորապես Սահմանադրական դատարանի իշխանության յուրացման:
Այս ցույցի ընթացքում ՎԵՏՕ-ի աջակիցները ժամանակ առ ժամանակ բացականչում էին՝ «Քոչարյան, հերոս, Քոչարյան, ազգային հերոս»:
Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը որոշեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխել եւ կալանավորել, Քոչարյանը մեղադրվում է 2008 թ. մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման համար:
Կարդացեք նաև
Նախաձեռնության կազմակերպիչներից Նարեկ Մալյանն ասաց, որ իրենց հայտարարությանը՝ ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալման եւ այդ գործընթացի վերականգնման սկիզբը դնելու մասին դե ֆակտո միացել են քաղաքական ուժեր, որոնց մասին հետագայում կլինեն հայտարարություններ.«Համենայնդեպս կարող ենք փաստել, որ ունենք աննախադեպ քաղաքական եւ հասարակական կոնսոլիդացիա՝ ՀՀ-ում տապալված սահմանադրական կարգի վերականգնման գործողությունների մասով»:
Մալյանը նաեւ ասաց, որ երեկ իրենց հավաքին հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին չի տեսել, իսկ այսօր տեսնում է, որ նրանք միացել են այս ցույցին:
Ցուցարարները հետո երթով շարժվեցին Մատենադարանի շենքի հարակից տարածք, այստեղ Մալյանն ասաց.«Մենք խորհրդանշական երթով եկանք Մատենադարան, որտեղ գտնվում է ավետարանը, որի վրա երդվում է այս պահին տուրիստի կարգով շրջագայող նախագահը: Մենք Վեհամոր ավետարանի միակ չպղծված խորհրդանիշի կողքից սկսում ենք սահմանադրական կարգի վերականգնման գործընթացը, ու մեզ ոչինչ չի կանգնեցնի»:
Նա նաեւ նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն իրենց նախաձեռնությանն են միանում, այդ պատճառով էլ, ինչպես Մալյանն ասաց, ՎԵՏՕ-ի անունից դադարեցրեց հանրահավաքը, եւ որպես քաղաքացի միացավ Քոչարյանի աջակից Նարեկ Մանթաշյանին: Ապա ցուցարարները քայլերթով շաժվեցին դեպի ԱԱԾ շենք, քանի որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ներկայանար «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այստեղ ցուցարարները վանկարկում էին. «Քոչարյան, հուպ տուր»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Այս ինչ անմակարդակ և տխուր աստիճանի հասցուցեր է Պ. Քոչարեանը իր ՛՛ հաւատարիմ ՛՛ ները որ ափ մը գումարի համար
կը ծախեն պատիւ-հայրենիք- սպաննուածներու արիւն , իրենց խիղճը որ ամենավտանգաւորն է ;