Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կարեւոր է դատավորի անձը, ով էդ տղամարդկությունը կունենա գնալ օրենքով, էս դեպքում տղամարդկության հարց է ստացվում». Լեւոն Քոչարյանը՝ դատավորի որոշման մասին

Հունիս 25,2019 18:59

Ինչպես տեղեկացրել ենք, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր մեքենայով եկավ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Նա որդու՝ Լեւոն Քոչարյանի հետ էր:

Լրագրողների հետ զրույցում Լեւոն Քոչարյանն ասաց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը վերին ատյաններ: Ըստ նրա, ի սկզբանե պարզ էր ելքը:

Թե ինչո՞ւ այսօր չէին եկել դատական նիստին, նա պատասխանեց, որ պատճառն այն էր, որ պաշտպանական կողմին հնարավորություն չտրվեց իրենց դիրքորոշումը ներկայացնելու. «Մինչեւ այդ էլ պրոցեսները տեսանք: Կզարմանայի, եթե այլ որոշում լիներ՝ այն ընթացքից ելնելով, որը կար: Իրավական մասով կլինեն բողոքարկումներ, նաեւ քաղաքական մասով կլինի: Պաշտպանները շատ են ասել, շատ կարեւոր է դատավորի ներքին անկախությունը, թե ինչքանով նա կարող է ինչ-որ որոշում կայացնել՝ հասկանալով, որ դա կարող է իշխանությանը դուրեկան չլինել: Դա է հարցը: Հիմա այս դատավորը, արդեն գիտեք, բազմաթիվ օրինակներ բերվեց իր նախկին գործերից, թե ինչպիսի որոշումներ է կայացրել, ինչպես է միշտ ենթարկվել դատախազությանը, նաեւ իր արածը, որն ուղղակի աննախադեպ էր, փաստորեն, չթողեցին պաշտպանությունը խոսա: Կարեւոր է դատավորի անձը, ով էդ տղամարդկությունը կունենա գնալ օրենքով: Էս դեպքում տղամարդկության հարց է ստացվում»:

Լեւոն Քոչարյանն ասաց, որ երբ դատավորը հայտարարեց, որ գնում է խորհրդակցական սենյակ, բոլորը զարմացած իրար երեսի էին նայում, ու արդեն հասկանալի էր, թե ինչ որոշում է լինելու:

Լրագրողները հարցրին՝ Քոչարյանին կրկին կալանավորելու որոշում ընդունած դատավորը դիմել է ոստիկանությանը, որ ապահովեն իր անվտանգությունը, ի՞նչ եք կարծում, ի՞նչ մտավախություն ունի դատավորը, հնարավո՞ր է իրենց, իրենց աջակիցների կողմից վտանգ կա, Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Այսինքն ի՞նչ եք պատկերացնում, ինչ-որ մեկն ուզենա դատարանին վնա՞ս տա: Վտանգը կար էն ժամանակ, երբ առաջին ատյանի դատավորը երաշխավորություն կիրառեց ու ազատ արձակեց, դրանից հետո դատավորի հասցեն էին դնում համացանցում, բռնության կոչեր էին հնչում, ա՛յ, իրական վտանգը էդտեղ էր: Ես հավաստիացնում եմ, որ ոչ մի վտանգ չի կարող լինել: Եկեք չմոռանանք, որ հորս 6 ամիս պահեցին կալանքի տակ: Նույնիսկ չկարողացավ դատախազությունը մի փաստ բերել, որ հայրս խոչընդոտել է, եթե դատավորին մի սպառնալիք, կամ մի բան լիներ, ինչպե՞ս դա իրենք կօգտագործեին»:

Լրագրողները հիշեցրին, որ Ռոբերտ Քոչարյանը նիստի ժամանակ էլ դատավորին ասել էր՝ «Ձեր յախան թափ տվեք, ձեր թափի գործը չէ սա», ինչը մեկնաբանվեց, որ սպառնալիքների լեզվով է խոսում, Լեւոն Քոչարյանն էլ մեկնաբանեց. «Ո՞վ է ասում սպառնալիք է, եթե դուք մարդ սպանեք, դուք պատասխանատվության եք ենթարկվելու, չէ՞, դա սպառնալի՞ք է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930