Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկերից խուսափած եւ հայաստանյան բանկերում հաշիվներ ունեցող «ամերիկյան անձինք» կբացահայտվեն

Հունիս 25,2019 18:11

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում պատգամավորները քննարկեցին «Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Այս համաձայնագիրը վերաբերում է ԱՄՆ հարկային համակարգին, այն կնքված է 113 երկրի հետ:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը տեղեկացրեց, որ դեռեւս 2010թ.-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է օրենք՝ օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության առնչությամբ: Դրա նպատակն է՝ բացահայտել ԱՄՆ քաղաքացի հանդիսացող բոլոր նրանց, ովքեր արտասահմանյան կամ օֆշորային ֆինանսական կազմակերպությունների միջոցով փոխանցումներ եւ ներդրումներ են անում՝ խուսափելով ԱՄՆ աղբյուրներից ստացված միջոցների հարկերի վճարումից:

«ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը սկսել է մշակել հենց այդ թվականից: Հայաստանյան բանկերը պետք է գրանցվեն ԱՄՆ հարկային մարմնում եւ հաշվետվություն տրամադրեն: 2018թ.-ին համաձայնագրի բանակցային գործընթացն ավարտվեց: Ներքին ընթացակարգերն ավարտված են: Հայաստանյան բանկերի հաճախորդները, որոնք հանդիսանում են «ամերիկյան անձ»՝ ԱՄՆ քաղաքացի համարվող հաշվետեր, կամավոր պետք է տան համաձայնություն՝ տեղեկատվություն տրամադրելու ԱՄՆ հարկային մարմիններին: Եթե բանկը չի ճշտել անձի՝ «ամերիկյան անձ» լինելու փաստը, եւ եթե նա որեւէ կերպ խուսափել է հարկերից, հայաստանյան բանկի հաշիվն ԱՄՆ-ում կարող է փակվել: Այսինքն, ԱՄՆ բանկերը պարտավոր են փակել այն հաշիվները, որոնք ճշտված չեն, եւ որոնց վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացվում ԱՄՆ հարկային մարմնին»,-նշեց Ներսես Երիցյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930