Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկը՝ շնչարգելություն ուներ, մյուսը՝ գլխացավեր, երրորդը՝ ողնաշարի խնդիրներ, բայց բոլորին էլ բանակ են զորակոչել

Հունիս 25,2019 18:05

«Ես չգիտեմ, տղայիս տամ ձեզ, հետ կստանա՞մ թե՝ ոչ»,-այսպես ասաց տիկին Ս. Վ.-ն ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումները եւ բողոքները քննարկող հանձնաժողովին: Մայրը զորակոչի տարիքի որդու հետ միասին եկել էր Սպիտակից՝ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովում որդու գործը ներկայացնելու: Սպիտակի Զինվորական կոմիսարիատը որոշել է, որ տիկին Ս. Վ.-ի որդին՝ Ա. Վ.-ն պիտանի է ծառայության, մայրը պնդում է, որ, եթե այդքան առողջական խնդիրներով տղային տանեն բանակ, որդին չի կարող ծառայել: Մոր խոսքով, տղան սրտի բնածին արատ ունի, շնչարգելություն, ստոծանու ճողվածք, չի կարողանում նորմալ սնվել եւ այդքան խնդիրներով հանդերձ նրան զորակոչել են: Մինչդեռ գլխավոր կոմիսիա որդին չի էլ անցել:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Ս. Վ.-ն ասաց, որ տարիներ առաջ որդին սպորտը թողել է հենց սրտի խնդիրների պատճառով. «4 հիվանդանոցում հետազոտվել է, այնպես չէ, որ ես ուզում եմ որդուս ազատել, նախընտրում եմ գնա բանակ ծառայի, քան հիվանդ լինի: Այդ պատճառով, դեռ մանուկ հասակից հիվանդանոցներից տուն չենք եկել: Ամեն ինչ արել եմ, որ որդուս առողջությունը վերականգնվի, բայց արտաքին տեսքից էլ երեւում է, որ նա առողջական խնդիրներ ունի: Թե ոնց է բանակում սնվելու՝ չեմ պատկերացնում: Ամեն ինչ չէ, որ նրա ստամոքսն ընդունում է: Օրվա որոշակի ժամերի իրեն վատ է զգում, կերածը չի մարսում: Գրել են՝ պիտանի է սահմանափակումով, բայց այդ հոդվածով նայում ենք, որեւէ սահմանափակում չկա»:

Զինկոմիսարիատի որոշման հետ համամիտ չլինելով, զինակոչիկի մայրը այն բողոքարկում է այս հանձնաժողովում, որը ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո է ստեղծվել:

Հանձնաժողովում զինակոչիկների բժշկական թղթերն ուսումնասիրում էր Կենտրոնական զինվորական հոսպիտալի առաջատար թերապեւտ Մարգարիտա Սարգսյանը: Բժշկուհին որեւէ հետազոտության մեջ չհայտնաբերեց, որ Ա. Վ.-ն ունի սրտի արատ կամ ստոծանու ճողվածք: Նրա խոսքով, եթե փոքր ժամանակ երեխայի մոտ եղել են սրտի հետ կապված խնդիրներ, ապա, ժամանակի ընթացքում, հնարավոր է՝ դրանք անցել են, քանի որ այն ինչ բնածին ունեցել է զինակոչիկը, ներկայումս չի հայտնաբերվել, եղածն էլ այնպիսի խնդիր չէ, որը հիմք տար չծառայելու:

Բժշկուհին թվարկեց բոլոր այն հետազոտությունները,որոնց ենթարկվել է սպիտակցի զինակոչիկը եւ ասաց, որ նա, ըստ բժշկական թղթերի, պիտանի է ծառայության, իսկ, եթե, ծառայության ընթացքում իրեն վատ կզգա, ապա ՊՆ-ն կհոգա եւ նրա առողջական խնդիրները կլուծի: Այդուհանդերձ հանձնաժողովի նախագահի՝ Գեղամ Հարությունյանի հետ խորհրդակցելուց հետո, որոշեցին միջնորդել, որ մոր պահանջը կատարվի եւ զինակոչիկը անցնի գլխավոր հանձնաժողով, որտեղ ըստ պարոն Հարությունյանի, բարձրակարգ մասնագետներ են:

 

Մեկ այլ զինակոչիկ էլ՝ Ս. Մ.-ն գանգատվում էր գլխացավերից: Մայրը՝ տիկին Մելիքյանը, պնդում էր, որ դրանք նրա մոտ դեռ փոքր հասակից են: Զինակոչիկը Գյումրիից էր:

 

Հանձնաժողովի նախագահն էլ հարցուփորձ արեց, թե երբ, ինչ պարբերականությամբ են զինակոչիկի մոտ գլխացավերը: Ս. Մ.-ին մանրամասն հարցաքննեց նաեւ թերապեւտը, ապա հայտնեցին, որ բոլոր հետազոտությունները, որոնք որ պահանջվում են նման դեպքում, պատշաճ կատարված են, ուստի այնպիսի խնդիրներ չեն հայտնաբերվել, որը կարող էր հիմք հանդիսանալ ծառայությունից ազատվելու:

 

Նշենք, որ առողջական խնդիրների պատճառով Ս. Մ.-ի ծառայությունը մեկ տարով հետաձգել էին:

Զորակոչի տարիքի հասած Ա. Դարբինյանի մայրը նույնպես դիմել էր այս հանձնաժողովին՝ մտահոգություն հայտնելով, որ ողնաշարի խնդիրներով որդուն բանակ են զորակոչել: Մոր խոսքով, որդու վիճակն օր օրի վատանում է, արդեն ոտքերն են սկսել ցավել, բայց զինվորական կոմիսարիատը լրացուցիչ հետազոտության հրաժարվում է ուղարկել:

 

Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը, որը նաեւ պաշտպանության նախարարի խորհրդականն է, ասաց, որ ողնաշարի խնդիրը կա եւ այն չի բուժվի, պետք է զինակոչիկը ֆիզիոթերապեւտիկ կուրսերի, վարժությունների միջոցով իրեն հետեւի, բայց, այդուհանդերձ, բանակից չի ազատվի, քանի որ այն հիմք չէ՝ չծառայելու: Բայց, ըստ պարոն Հարությունյանի, զինակոչիկ Դարբինյանը պիտանի է սահմանափակումով: Տղայի մայրը սակայն համամիտ չէր հանձնաժողովի այս որոշման հետ: Նա խնդրում էր որդուն լրացուցիչ հետազոտությունների ենթարկել: Գեղամ Հարությունյանն ասաց, որ լրացուցիչ հետազոտությունն էլ նույնն է ցույց տալու եւ, միեւնույն է, ոչինչ չի փոխվելու: Մայրը որդու հետ հուզված դուրս եկավ սենյակից:

Այսօրվա համար հանձնաժողովը 33 դիմում էր ստացել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930