Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը կարող է պնդել, որ ինքը Ռոբին Հուդն է կամ Սուպերմենն է, բայց իրողությունները դրանից չեն փոխվում». Սիսակ Գաբրիելյան

Հունիս 25,2019 17:07

«Կյանքը ցույց տվեց, որ երկիրը թալանելուց մարդկանց գնդակահարելուց, համատարած կոռուպցիոն համակարգ ներդնելուց եւ բանտ հայտնվելու ճանապարհն էլ է կես քայլ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը`պատասխանելով երեկ TV 5-ին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ ժողովրդի սիրուց ատելություն, ընդամենը կես քայլ է եւ գործող իշխանությունն այդ ճանապարհի կեսն արդեն անցել է:

Իշխող ուժի պատգամավորը վստահ է, որ իր թվարկած գործոններով իրավապահ համակարգն աշխատում է իր ամբողջ կարողություններով, եւ իր նշած կես քայլից մեկ քայլն արդեն կատարված է. «Հուսով ենք՝ իրենք բանտի ճանապարհը շատ արագ կանցնեն»: Նշենք, որ զրույցը կայացել է մինչեւ դատարանի որոշումը՝ Քոչարյանին վերստին կալանավորելու վերաբերյալ:

Պատգամավորը պնդում էր, թե չգիտի՝ ի՞նչ վճիռ եւ ի՞նչ սկզբունքով ՀՀ վերաքննիչ դատարանն որոշում կկայացնի`իշխանությունի՞ց վախենալով, թե՞ ժողովրդից, բայց պնդում էր՝ եթե իշխանությունները միջամտեին, ապա իր կողմից հիշատակված կես քայլն ավելի արագ կլիներ:

Սիսակ Գաբրիելյանը պնդում է, որ եթե մարդիկ այսօր դժգոհ են իշխանությունից եւ քննադատում են, ապա քննադատում են «թուլության» համար: «Եթե լիներ միջամտություն, այսօր Վերաքննիչ դատարանում բողոք չէր լինի, ՍԴ-ում բողոքներ չէին լինի»: Նրա պնդմամբ, եթե միջամտելու ցանկություն իշխանությունն ունենար, հանրության կողմից նման վստահություն ստացած ուժի ղեկավարը որեւէ խնդիր չէր ունենա դա ի կատար ածելու եւ, եթե այդ քայլերն անգամ իրավական չլինեին, միեւնույն է հանրության կողմից լեգիտիմ կընդունվեին: Սակայն, պատգամավորի պնդմամբ, իրենք կողմնակից են իրավական ճանապարհով առաջ շարժվելուն:

Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կողմից վարույթ ընդունված դիմումներին եւ հարցին`իշխանությունը վախենո՞ւմ է, իշխող ուժը ներկայացնող պատգամավորն ասաց. «Չեմ կարծում»:

Պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանը, որ ինքը ոչ թե հող հանձնող, այլ հող ազատագրող նախագահ է, Սիսակ Գաբրիելյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանը վաղը կարող է հարցազրույց տալ եւ պնդել, որ ինքը Ռոբին Հուդն է կամ սուպերմենն է, բայց իրողությունները դրանից չեն փոխվում»:

«Իմ քայլի»՝ Արցախի հարցում տեսլական չունենալու մեղադրանքներին էլ պատգամավորը հակադարձում է այսպես. «Հայ ժողովուրդն է որոշողը եւ ինչպես կորոշի հայ ժողովուրդը, դա էլ մեր տեսլականն է: Կարծում եմ, գոնե այս հարցում, այդ թվում նաեւ մեզ մեղադրողները, շատ լավ գիտակցում են, թե որն է ժողովրդի ցանկությունը`ղարաբաղյան կարգավորման հարցում»:

Զրույցի այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930