Հունիսի 22-ին Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ հյուպատոսությունում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Լիոնում հայկական կրթական կենտրոնների սաներն ու ուսուցիչները, ֆրանսահայ կառույցների անդամներ և այլ հյուրեր:
Գլխավոր հյուպատոսության երկրորդ քարտուղար Գայանե Մանուկյանը, ողջունելով հյուրերին և կարևորելով օրվա խորհուրդը, իր խոսքում նշեց, որ 1869թ.-ը հայ ժողովրդին պարգևեց երկու հանճարների, որոնց անգնահատելի մեծությունը հայ պոեզիայում և երաժշտարվեստում մեկուկես դար անց էլ ներկա է։
Սաթե-Ատրե (Saté-Atre) թատերախմբի ղեկավար Սաթենիկ Խաչատրյանը ներկայացրեց Կոմիտասի և Թումանյանի կյանքի լավագույն դրվագները, ինչպես նաև երկու հանճարների ստեղծագործությունների կարևորությունն ու ներկայությունը հայ մշակույթում:
Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին Կոմիտասի և Թումանյանի կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ պաստառներ, ինչպես նաև Սաթե-Ատրե թատերախմբի կողմից ներկայացվեց Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա երաժշտական բեմականացում:
Կարդացեք նաև
Միջոցառման ավարտին երեխաներին հյուպատոսության կողմից տրամադրվեցին Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների վերաբերյալ գրքույկներ:
Արտաքին գործերի նախարարություն