Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխ քաղաքում անցկացվող միջազգային STARMUS փառատոնի շրջանակում հանդիպել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկիի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի հետ «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու գաղափարը: Խոսքը մասնավորապես վերաբերել է նախագահական նոր՝ ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությանը: Նախատեսվում է, որ մի քանի բաղադրիչից բաղկացած այս նախաձեռնության շրջանակում ստեղծվելու է գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային խոշոր կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ, կստեղծվի նաև ապագայի թանգարան։
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ