«Հաշվեքննիչ պալատում ամենացածր պարգեւատրվողը ես եմ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը` հավելելով, որ 2017 թվականին, պահումները հանած, ստացել է 820 հազար, 2018-ին՝ 860 հազար դրամ պարգեւատրում:
Հարց հնչեց նաեւ այն մասին, որ իր սանիկն աշխատում է ՀՊ-ում, իբրեւ աշխատակազմի ղեկավար: Լեւոն Յոլյանը հաստատեց`ՀՊ աշխատակազմի ղեկավար Հայկ Ավագյանի հարսանիքի քավորն է, բայց քավոր է դարձել, երբ նա արդեն աշխատել է ՀՊ-ում. «Եթե դա հանցագործություն է, կամ չարամիտ բան է, խնդիր չկա, բայց նորից եմ ասում՝ քավոր-սանիկությունը վատ բան չի»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Հարցին`նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ ինքը մտերի՞մ է, Լեւոն Յոլյանը պատասխանեց. «Երբ քաղաքական իրավիճակ է փոխվում, մարդկանց աշխատանքից հանում են, քավոր-սանիկությունը վերանում է, հարաբերությունները վերանում են, դա ես սխալ եմ համարում»: Լեւոն Յոլյանը նաեւ հայտարարեց, որ շատ լավ հարաբերություններ է ունեցել Արմեն Դարբինյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի հետ: «Քոչարյանի հետ չեմ ունեցել, քանի որ առիթ չի եղել, քանի որ նշանակվելուց ընդամենը մեկ անգամ եմ նրա մոտ հարցազրույցի եղել»:
Բայց իր հաջողությունները Լեւոն Յոլյանը պայմանավորում է իրենով:
Իր հրաժարականին վերաբերվող հարցին էլ Լեւոն Յոլյանը պատասխանեց, որ 8.5 տարի ՎՊ փոխնախագահ լինելը այդքան էլ հաճելի չէ, մարդ 4-5 տարուց ավելի չպետք է աշխատի, քանի որ լճանում է. «Ես կառչած չեմ էս պաշտոնից: Բայց Արման Բաբաջանյանի սուբյեկտիվ, ոչ հիմնավորված, ոչ մի լուրջ բան իր մեջ չպարունակող ելույթից հետո միանշանակ հրաժարական չեմ տա: Բայց երբ գտնեմ, որ արդեն անելիք չունեմ, զբաղվելու շատ այլ բաներ ունեմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ