Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անուրանալի է Ստեփան Շաքարյանի դերը Հայաստանում ջազ երաժշտության  զարգացման գործում. նա իրավամբ համարվում է հայկական ջազի հիմնադիրներից մեկը

Հունիս 25,2019 15:17

Հայ երաժշտարվեստը ծանր ու անդառնալի կորուստ կրեց: 2019 թվականի հունիսի 22-ին կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր և դաշնակահար Ստեփան Գրիգորի Շաքարյանը:

Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 23-ին, Բաքու քաղաքում:

1952 թվականին տեղափոխվել է Երևան:

1954 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ Էդվարդ Միրզոյանի դասարանը:

1956 թվականին Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ՝ աշակերտելով հայ մեծանուն կոմպոզիտորին, ապա՝ Լենինգրադի կոնսերվատորիա։

1964 թվականին ավարտել է Լե­նինգ­րա­դի կոն­սեր­վա­տո­րի­ան և վերադարձել Երևան։

1965 թվականին Շաքարյանը դարձել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ:

1986-90 թվականներին եղել է ՀՀ ռա­դի­ո­պետ­կո­մի մե­նա­կա­տար­նե­­րի ջազ­-ան­սամբ­լի հիմ­նա­դիր-­ղե­կա­վա­րը։

1992 թվականից դա­սա­վան­դել է Երևա­նի Կոմիտասի անվան պետական կոնսեր­վա­տո­րի­ա­յում, 1998 թվականից՝ որպես պրոֆեսոր:

Ստեփան Շաքարյանը ստեղծագործել է երաժշտական տարբեր ժանրերում: Երաժշտական թատրոնում նրա ստեղծագործական նվաճումներն են «Խորեոգրաֆիկ սիմֆոնիա» (1968 թ.), «Նախանձ» (1966 թ.) և «Աղավնավանք» (1996 թ.) բալետները:

Սիմֆոնիկ երաժշտության բնագավառում հիշատակելի են երեք սիմֆոնիաները, Կոն­ցերտը սիմ­ֆոնիկ նվա­գախմ­բի հա­մար (1964 թ.), սիմֆոնիկ պոեմները և նախերգանքները, այդ թվում՝ «Հա­յաս­տան» սիմֆոնիկ պո­ե­մը (1993 թ.), Սիմֆոնիկ նա­խեր­գանքը (1995 թ.) և այլն:

Առանձնահատուկ էր Ստեփան Շաքարյանի վերաբերմունքը Կոմիտասի հանդեպ: Հայ մեծ երաժշտի հանդեպ նրա հարգանքի տուրքն են նրա Երկրորդ սիմֆոնիան և «Կոմիտասի հի­շա­տա­կին» պո­ե­մը (1965 թ.):

Հայկական կամերային երաժշտության մեջ իրենց ուրույն տեղն ունեն «Սյուիտը» կա­մե­րային նվա­գախմ­բի հա­մար (1985 թ.), դաշնամուրային երկու սոնատները, վոկալ և գործիքային ստեղծագործություններ և այլն:

Ստեփան Շաքարյանի ժառանգության կարևոր էջն է նրա կինոերաժշտությունը, ինչպես նաև մուլտֆիլմերի («Հայելի», «Անհաղթը», «Պինգվին Վինը») և դրամատիկ ներկայացումների համար գրված երաժշտությունը:

Անուրանալի է Ստեփան Շաքարյանի դերը Հայաստանում ջազ երաժշտության  զարգացման գործում. նա իրավամբ համարվում է հայկական ջազի հիմնադիրներից մեկը: Պատահական չէ, որ երիտասարդ երաժշտի առաջին մրցանակը 1965 թվականին երևանյան ջազային փառատոնի ժամանակ ստացած Ոսկե մեդալն էր:

Ստեփան Շաքարյանի ստեղծած ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաները, ջազային և էստրադային երկերը ներառվել են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Ջազային շունչ են ստացել նրա մշակած հայկական ժողովրդական երգերը։ «Բինգյոլից մինչև Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձել է  հայկական ջազի չափանմուշ։ Իսկ 2009 թվականին թողարկված «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը ներգրավվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուի մեջ։

Հայրենիքը բարձր է գնահատել Ստեփան Շաքարյանի վաստակը. երկարամյա բեղմնավոր կյանքի ընթացքում նա արժանացել է պետական ու կառավարական մի շարք պարգևների. 2008 թվականին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, իսկ 2017 թվականին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության  հիմնադրման 85-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության (2008 թ.) և Երևանի քաղաքապետի (2015 թ.) Ոսկե մեդալների:

Սիրված արվեստագետի և հրաշալի մարդու անմոռանալի կերպարը միշտ վառ կմնա երաժիշտների ու երաժշտասերների, հարազատ ժողովրդի հիշողության մեջ:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ստեփան Շաքարյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Ստեփան Շաքարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:Վերջին հրաժեշտը` հունիսի 26-ին, ժամը 12:00-14:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1):

Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):

Կառավարական հանձնաժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930