Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշները արտերկրում հանգրվանած փորձում են այլոց շուրթերով ցեխ նետել իմ վրա». Լեւոն Յոլյան

Հունիս 25,2019 14:47

«Արձանագրվել են միլիարդավոր դրամի անհամապատասխանություններ: Շատ նյութեր կցվել են հարուցված քրեական գործերին, մյուսների մասով դատախազական աշխատանքներ են տարվում. դրանք սահուն եւ արդյունավետ կերպով են ընթանում»,- այսօր խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանն`անդրադառնալով երեկ խորհրդարանում իր ներկայացրած հաշվետվությունից հետո պատգամավորների հնչեցրած այն դիտարկումներին, թե ինչո՞ւ նյութերի մի մասը դատախազություն չի ուղարկվել:

Լեւոն Յոլյանն ավելի կարեւոր է համարում այն, որ իրենց նյութերը խիստ հրապարակային են եւ հասանելի, ոչ թե այն, թե իրենք կուղարկե՞ն նյութերը դատախազություն, թե՞ դատախազությունից կպահանջեն:

Պատգամավորները խոսել էին նաեւ պետբյուջեի վերականգնումների մասին: Լեւոն Յոլյանն ասաց, որ դա օրենքով ՀՊ-ի լիազորությունը չէ. «Նման պարտավորություն դրված չէ մեզ վրա: Այդ գործը պետք է իրականացնի քննչական մարմինը, դատական մարմինները: Վերահսկիչ պալատը նախկինում ունեցել է նման հաշիվ, բայց եթե շարժը նայենք, այն եղել է ձեւական բնույթի»:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի`երեկ հնչեցրած քննադատությանը՝ Լեւոն Յոլյանն ասաց, որ իր հասցեին ԱԺ ամբիոնից անձնական շահերից բխող, ոչ առողջ քննադատություններ հնչեցին: Նա կարծում է, որ դա պատճառ ունի` հաշվետվությունը շոշափում է ազդեցիկ մարդկանց շահեր. «Որոշները արտերկրում հանգրվանած փորձում են այլոց շուրթերով ցեխ նետել իմ վրա: Դուք լավ գիտեք՝ ով ով է, եւ լավ կհասկանաք, թե ինչն է նրանց ցավեցրել»: Ավելի ուշ լրագրողները խնդրեցին հստակեցնել`ո՞ւմ է ցավեցրել: Լեւոն Յոլյանը հրաժարվեց անուններ հնչեցնել: Հորդորեց`ուսումնասիրել հաշվետվությունը եւ տեսնել, թե որ նյութի հետեւում ովքեր են կանգնած:

Բանախոսն անդրադարձավ ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանին. պատգամավորն իրեն հիշեցրել է էներգետիկայի ոլորտում նախարար աշխատած 6 ամիսները եւ հարցրել է, թե ինչո՞ւ ՀՊ-ն չի անդրադարձել այդ ժամանակաշրջանին: Լեւոն Յոլյանի խոսքով՝ կա էթիկայի եւ կոռեկտության խնդիր, միջազգային ստանդարտներ, որ մարդը սահմանափակված է իր նախկին աշխատավայրում մի քանի տարի ստուգումներ անելու: Այդ է պատճառը, որ ԲԷՑ-ը չի ստուգվել. «Ոչ մի բան ոչ վերահսկելի չի մնացել, ընդ որում՝ Պետական վերահսկողական ծառայությունը Պալատից ավելի շուտ է ստուգում սկսել ԲԷՑ-ում՝ ներառելով ավելի վաղ ժամանակաշրջանը»:

ՀՊ-ն ԲԷՑ-ում արձանագրել է 16 մլրդ դրամի անհամապատասխանություն և այժմ ԱԱԾ-ն զբաղվում է դրանով:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930