Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագետները` դասագրքերի, ադրբեջանցի Թոֆիկի արյան ճնշման ու անգիր անելու սովորույթի մասին

Հունիս 25,2019 13:34

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը «Մեդիա կենտրոնում» կայացած «Հայ ժողովրդի պատմության և գրականության դասագրքերի համապատասխանությունը միջազգային կոնվեցիաներին» թեմայով քննարկման ժամանակ նշեց, որ ոչ միայն ՄԱԿ-ի համապատասխան չափանիշներով, այլեւ մեր չափորոշիչներով ուսումնական բազան եւ նյութերը, որ ունենք, չեն ապահովում սովորողների ստեղծագործ, քննադատական մտածողության չափանիշները, հնարավորություն չեն տալիս սովորողին ձեռք բերել կիրառելի հմտություններ:

«Մենք ունենք մի ավանդույթային մոդել, որի հիմքում ընկած է անգիրը, Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները լայնորեն լուսաբանված չեն դասագրքերում»,-ասաց Թոքմաջյանը:

Նա փաստեց, որ ի տարբերություն մեր հարեւանների, բարեբախտաբար, այլատյացության քարոզը մեր դասագրքերում գրեթե բացակայում է, թեեւ կան որոշ բառեր եւ ձեւակերպումներ: Վահրամ Թոքմաջյանը վկայակոչեց, օրինակ` Ադրբեջանի 7-րդ դասարանի կենսաբանության դասագիրքը, որտեղ հիպերտոնիան բացատրում է հետեւյալ կերպ. «Թոֆիկը փողոցով քայլում էր, հիշեց, թե հայերն ինչպես են իր պապերին սպանել, վատ զգաց եւ ճնշումը բարձրացավ»:

Նա կարեւորեց նաեւ այն, թե դասավանդողն ինչպես է օգտագործում ուսումնական նյութը եւ ինչպիսի վերապատրաստում ունեն դասավանդողները:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտքարտուղար Հակոբ Մուրադյանը դասագիրք ստեղծելը բնորոշեց որպես անշնորհակալ եւ դժվար գործ: «Դասագրքերն ունեն որոշակի չափորոշիչներ եւ պահանջներ, որոնցով առաջնորդվում են հեղինակը եւ խմբագրական խումբը»,-ասաց նա: Նաեւ չթաքցրեց, որ որոշակի բացեր, այնուամենայնիվ, կան: Ապա խոսեց մեկ ամիս տեւած համատեղ աշխատանքից եւ դրական արդյունքներից:

Նշեց, որ հասարակության մեջ կար այն տպավորությունը, թե դասագրքերը վատն են, սակայն այժմ մի փոքր կրքերը խաղաղվել են: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտքարտուղարը հայտնեց, որ կառուցողական քննարկումների արդյունքում ճշգրտումների եւ խմբագրումների առումով եկել են ընդհանուր հայտարարի: Նա հիշեցրեց, որ ԿԳ նախարարը հաշվի առնելով բողոքները` ստեղծել էր համապատասխան հանձնախումբ, որը պետք է ուսումնասիրեր հումանիտար հոսքի 9-րդ դասարանի դասագրքերը: Հակոբ Մուրադյանի ձեւակերպմամբ, հազարամյակների պատմությունը բարդ է սահմանափակ ծավալի մեջ տեղավորելը, եւ խնդիրների մի մասն էլ այդ պատճառով են ծագում:

Գրականագետ Հասմիկ Հակոբյանը, որ «Քո արվեստը դպրոցում» ծրագրի բերումով շփվում է դպրոցներում, նշեց. «Կարող ենք սուպերժամանակակից տեխնոլոգիաներով նորարարական դասագիրք մտցնել դպրոց, բայց այն կրթական համակարգը եւ ուսուցիչների այն մոտեցումը, որ կա, կարող է իսպառ շփոթ առաջացնել: Այդ մարդիկ պատրաստ չեն նորագույն մեթոդներով երեխաներին նոր բան հասցնել»: Նա եւս նշեց, որ դպրոցում հանդիպել է երեխաների կարծրացած մտածողությանը եւ անգիր անելու սովորույթին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930