Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ընդդիմության տունը կռիվ եք գցում». Ալեն Սիմոնյանն ընդդիմությանը հիշեցրեց սատանայի «ասածը»

Հունիս 25,2019 13:32

«Ակնհայտ է, որ պարոն Միրզոյանի օրինագծերի փաթեթը նպատակ ունի ընդլայնել ընդդիմության լիազորությունները, բայց այս ամբիոնից իշխանությունը փորձեց ներկայացնել, թե դուք մեզ համար շատ լավ բան եք բերել, մենք էլ ասում ենք, որ դեմ ենք՝ միայն նրա համար, որովհետեւ մենք միշտ դեմ ենք…այդպես չէ, մենք ասում ենք, որ կարգավորումներում մտահոգություն ենք տեսնում»,-ԱԺ այսօրվա նիստում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հեղինակած օրինագծերի փաթեթի վերաբերյալ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ ըստ փաթեթի՝ Հանրային ծառայությունները կարգավորող եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովների անդամների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք է տրվում նաեւ ընդդիմությանը: ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն, սակայն, մտահոգություն տեսան՝ մատնանշելով, որ ամեն ընդդիմադիր խմբակցություն իր թեկնածուն կառաջադրի, եւ կստեղծվի իրավիճակ, երբ միասնական մոտեցում չի լինի:

«Սա ընդդիմության տունը կռիվ գցելու նպատակ ունի»,-ավելի վաղ իր ելույթում համոզմունք էր հայտնել ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նա հավելում կատարեց իր մոտեցմանը. «Չնայած դրական նպատակին՝ ընդդիմության համար միասնական թեկնածու առաջադրելը խնդրահարույց է: Ուզում եք դա ընդունեք, ուզում եք՝ ոչ: Ձեր պատգամավորները նշեցին, թե ես նպատակ ունեմ պարզապես աղմուկ հանելու…եթե իսկապես այդպես լիներ, նրանք հերթով-շարքով-կարգով այսօր չէին բարձրանա ամբիոնի մոտ եւ չէին մեկնաբանի իմ ասածը: Մենք այս փաթեթին այս տեսքով «դեմ» ենք քվեարկելու»:

Անի Սամսոնյանի ասածներին հակադրվեց «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը. «Դուք կես ժամ առաջ ասացիք՝ այս նախագծի նպատակն ընդդիմության մեջ կռիվ գցելն է, իսկ հիմա ասում եք, թե այն դրական նպատակ ունի…խնդրում եմ՝ նայեք ձեր ելույթը, որը հակասում է: Ցավում եմ, որ պատգամավորն ինքն իրեն հաշվետու չէ իր ելույթների համար»:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին արձագանքեց. «Գիտեք՝ սատանան ասում է «բռնի ու դեմ քվեարկի»…բայց մենք սա չենք անում ձեզ համար, տիկին Սամսոնյան, չենք անում որեւէ խմբակցության համար, այլ ՀՀ-ի համար»:

Ի վերջո, օրինագծերի փաթեթին առաջին ընթերցմամբ «կողմ» քվեարկեց 84, իսկ «դեմ»՝ 33 պատգամավոր:

Հավելենք, որ փաթեթը դեռ պետք է քվեարկության դրվի երկրորդ ընթերցման շրջանակում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930