«168 ժամը» վրացական դրամատիկ զարգացումների մասին զրուցել է Վրաստանի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, վրացի հեղինակավոր վերլուծաբան, քաղաքական մեկնաբան Գելա Վասաձեի հետ։
– Պարոն Վասաձե, ուզում եմ խոսենք Վրաստանում գլուխ բարձրացրած մասսայական բողոքի ալիքի խորքային պատճառների մասին, քանի որ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը պարզապես այն պատճառն էր, որը հասարակությանը փողոց դուրս հանեց։ Ինչի՞ց էր դժգոհ վրաց հասարակությունը։
– Բնականաբար, խորհրդարանում ձեր նշած միջադեպը պարզապես առիթ հանդիսացավ, որպեսզի բողոքն արտահայտվի։ Կային մի քանի պատճառներ։ Դրանցից առաջինը, որը գլխավոր պատճառը չէ, այն է, որ «Վրացական երազանք» կուսակցությունն իշխանության ղեկին է արդեն 7 տարի։ Գլխավոր պատճառն այն է, որ այս կուսակցությունը մտադիր չէ որևէ տեղ հեռանալ, եթե նույնիսկ անցկացվեն նորմալ ընտրություններ, ինչը ևս կարևոր է։ Ուստի, չնայած խորհրդարանի միջադեպն ընդհանուր առմամբ կապ չունի այս պատճառների հետ, ցուցարարների հիմնական պահանջն էր, որպեսզի անցում կատարվի 100% համամասնական ընտրակարգին։ Իշխանությունն այդ պահանջը բավարարեց որոշակի նրբերանգներով, առջևում ևս մեկ մեծ կռիվ կա, քանի որ հասկանալի չէ, թե ինչու չպետք է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմ չսահմանվի։ 3 %-ն ընդունելի անցողիկ շեմ է խորհրդարանական ընտրությունների համար, բայց անցողիկ շեմի բացակայությունը նշանակում է, որ իշխանությունը մտադիր է խորհրդարան անցկացնել իր արբանյակներին՝ նրանց հետ կազմելով, խաղալով կոալիցիա։ Բայց սրանք, ըստ իս, մանրուքներ են, կարևորն այն է, որ իշխանությունը գնաց զիջումների։
Երկրորդ հանգամանքը, որի մասին կցանկանայի խոսել. ԱԺ խոսնակը հրաժարական տվեց, բայց դա այլ հարց է։ Այստեղ ուզում եմ նշել հետևյալը՝ մենք մշտապես հստակ դիրքորոշում ենք ունեցել մաքսիմալ հյուրընկալություն ՌԴ քաղաքացիների համար և մինիմալ հյուրընկալություն ՌԴ իշխանությունների համար, որոնք օկուպացրել են մեր տարածքները։ Ուստի ինչ-որ մի պահ այդ մաքսիմալ հյուրընկալությունը քաղաքացիների համար տեղափոխվեց քաղաքական հարթություն, և որոշեցին, որ, եթե ռուս տուրիստները կարող են գալ, ընդունելի լինել, ապա ինչո՞ւ քաղաքական գործիչները ևս չեն կարող նույնն անել։ Եվ հետո, քաղաքական գործիչները, ովքեր չեն ընդունում Վրաստանի քաղաքական ինքնիշխանությունը, հնարավորություն են ունենում նստելու խոսնակի աթոռին։ Սա էլ առաջացրեց այդ դժգոհությունը–, հենց այդ պատճառով էլ խոսնակը հրաժարական տվեց։
Կարդացեք նաև
Երրորդ ընդհանուր Վրաստանում այնպիսի իրավիճակ է, որ հասարակությունը լրջորեն հոգնել է այն ամենից, ինչ տեղի է ունենում, փոփոխություններ է ցանկանում։ Մոտավորապես այնպիսին են տրամադրությունները, ինչպես հայաստանյան հեղափոխության ժամանակ։ Հասարակությունը ցանկանում է փոփոխություններ և մտածում է, որ, եթե փոփոխություններ տեղի չեն ունենում վերևից, ապա մենք կիրականացնենք փոփոխություններ ներքևից։ Իսկ այն, որ մենք դա կարող ենք անել, դա մեր իշխանությունները գիտեն, քանի որ բազում անգամներ ենք դա ապացուցել։
ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում