Հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթերի դադարեցման մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո ՀՀ վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը դիմել է հայկական բոլոր ավիաընկերություններին՝ ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով մասնակցելու իրենց պատրաստակամության եւ հնարավորությունների ճշտման նպատակով։
Ճաղարյանը «Հայկական ժամանակ»–ի հետ զրույցում ասաց, որ 3 ավիաընկերություն, որոնց ինքը դիմել է՝ «Արմենիա», «Տարոն Ավիա» եւ «Ատլանտիս Եուրոփիան», հայտարարել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օդային փոխադրումների ոլորտում ստեղծված լարվածությունը հանելու համար։ Ճաղարյանի խոսքով՝ այդ ընկերությունները 5 օդանավերով պատրաստ են մասնակցել գործընթացին, դրանց թիվը կարող է ավելանալ եւս 2-ով։ Նա արդյունքների մասին զեկուցագիր է գրել վարչապետին եւ առաջարկել է ՀՀ-ի աջակցությունը ցույց տալու պատրաստակամության մասին հայտարարություն անել։
Հարցին՝ կողմերից որեւէ մեկի հետ հնարավո՞ր է քաղաքական խնդիր առաջանա, Ճաղարյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, ես 2 կողմերին էլ առաջարկել եմ հավասարապես օգտագործել մեր օդային տարածքը եւ մեր ունեցած հնարավորությունները։ Դա շատ մարդկային, շատ տրամաբանական եւ շատ ընկերական մոտեցում է՝ 2 պետությունների համար էլ։ Ընդ որում, լարվածությունը ոչ թե պետությունների միջեւ է եւ ոչ թե քաղաքական լարվածություն է, որ մենք որեւէ մեկի կողմը բռնելու դեպքում մյուսից ունենանք կամ հակազդեցություն կամ չհասկացողություն, այլ ընդամենը ռուսական կողմը, հաշվի առնելով Վրաստանի ներքին իրավիճակը, իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար գերադասել է դադարեցնել օդային փոխադրումները Վրաստանի հետ։ Դա միջպետական լարվածություն չի, այլ Վրաստանի ներքին պետական լարվածության հետեւանքն է։ Բացի դրանից, իմ առաջարկությունը 2 կողմերին հավասարապես վերաբերվում է։ Այն, որ կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն Ռուսաստանից տեղափոխվել Վրաստան եւ հակառակ ուղղությամբ, դա փաստ է եւ ինչ-որ լուծում պետք է գտնվի։ Ինչո՞ւ այդ լուծումը 2 կողմերի համար էլ բարեկամական Հայաստանի միջոցով չկատարվի»։
Ճաղարյանը կարծում է, որ Հայաստանը պատրաստ է արգելքները սկսելու առաջին իսկ պահից այդ փոխադրումներն իրականացնել։ «Իրականում մենք ոչ մի խնդիր չենք ունենա։ Մենք չունենք սահմանափակում Վրաստանի հետ օդային փոխադրումներում, մենք չունենք սահմանափակում Ռուսաստանի հետ օդային փոխադրումներում»։
Կարդացեք նաև
ՆԻԿՈԼԱՅ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում