Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակին համընթաց. ի՞նչ փուլում է «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագիրը

Հունիս 25,2019 12:38

«Առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու՝ «Մեկ երեխա -մեկ համակարգիչ» ծրագրի ընթացքը համակողմանի լուսաբանելու, ինչպես նաեւ առկա խնդիրներն ու մտահոգությունները վեր հանելու նպատակով այցելել ենք մարզի մի շարք հանրակրթական դպրոցներ:

3 քաղաքային (Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ) եւ 8 գյուղական (Եղեգիս, Հերմոն, Գողթանիկ, Սարավան, Արտավան, Զեդեա, Սերս, Գոմք) համայնքների դպրոցների տնօրենները մեզ հետ զրույցում ներկայացրել են իրենց տեսակետը, առաջարկները ծրագրի վերաբերյալ:

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Թարվերդյանն առանց վարանելու ծրագիրն արդյունավետ է գնահատում: Զրուցակցիս բնորոշմամբ. «Ծրագիրն արդյունավետ է, նյութերը՝ հրաշալի: Դրանք օգնում են աշակերտներին՝ ուսուցումն ավելի գրավիչ դարձնելու առումով: Եվ որ ամենակարեւորն է՝ ծրագիրն ուսուցիչներին մղում է ինքնակրթությամբ զբաղվելու: Ձեռնարկները եւս բավականին արդյունավետ են: Հրաշալի աշխատանք է կատարվել»:

Անուշ Թարվերդյանի կարծիքով՝ որոշակի աշխատանք պետք է իրականացվի ծնողական համայնքի հետ: Սա, թերեւս, տնօրենի մտահոգություններից մեկն է:

Ծրագրի՝ առավել արդյունավետ իրականացման նպատակով դպրոցում հատուկ գրաֆիկ է կազմվել. «Մեր աշակերտների թիվը մեծ է. տարրական դասարաններում սովորում է 30 եւ ավելի աշակերտ: Այդ պատճառով որոշել ենք, որ յուրաքանչյուր օր միայն 1 դասարան է գրասալիկով աշխատելու: Ընտրում ենք այնպիսի դասասենյակ, որտեղ կապն առավել հասանելի է: Խնդիրն այդպես կարգավորել ենք, եւ դասերն իրականացվում են անխափան»:

Վայքի հիմնական դպրոցի տնօրեն Հովիկ Մնացականյանը եւս կարեւորում է ծրագիրը. «ՏՀՏ-ների կիրառումը կրթական համակարգում նպաստում է աշակերտների բազմակողմանի զարգացմանը: Կարծում եմ՝ հենց այդ նպատակին է միտված այս ծրագիրը: Ինքս ուսումնասիրել եմ ծրագրերը, որոնք ներբեռնված են գրասալիկներում: Դրանք բավականին ուսանելի են: Պարզապես հարկավոր է հասնել նրան, որ երեխաները շատ չտարվեն սարքերով: Մեր դպրոցի օրինակով կարող եմ ասել, որ խրախուսում եմ այս ծրագիրը»:

Ջերմուկի կրթահամալիրի տնօրեն Արմինե Արսենյանն էլ համոզված է, որ տարրական դասարանների աշակերտների համար ծրագիրն այնքան էլ գործուն չէ. «Լավ ծրագիր է, բայց 1-4-րդ դասարանների համար գործուն չէ: Երեխան այդ տարիքում դեռ տառերն է սովորում, եւ պլանշետն իր համար ավելի շատ խաղ է, քան դասապրոցեսին օժանդակող միջոց: Բացի դրանից՝ դասարաններում սովորում է 20-25 աշակերտ, որպեսզի նրանց համակարգիչները միանան ցանցին, պետք է գաղտնաբառ հավաքել, սակայն երեխաները փոքր են ու այնքան էլ լավ չեն տիրապետում այդ ամենին: Ստացվում է՝ մի դասաժամ պետք է՝ միայն այդ սարքերը միացնելու համար: Դրանից զատ՝ տանը եւս պիտի կարողանան օգտագործել սարքերը, այսինքն՝ ծնողները եւս պետք է լիարժեք ինֆորմացված լինեն»:

Ծրագրի արդյունավետ ընթացքին խոչընդոտող ամենաակնառու խնդիրն ինչպես գրեթե բոլոր դպրոցներում, այստեղ եւս ինտերնետ կապի որակն է:

Սարավանի հիմնական դպրոցի տնօրեն Աշոտ Փաննդունցը վստահեցնում է՝ իրենց դպրոցում ծրագիրն իրականացվում է սահուն ընթացքով: Նրա գնահատմամբ՝ այն դրական ու արդյունավետ է:

Արտավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Գրավիկ Հովհաննիսյանը եւս գտնում է, որ 21-րդ դարում նման ծրագիրն անհրաժեշտություն է. «Ըստ իս՝ Ծրագիրն ունի ե՛ւ առավելություններ, ե՛ւ թերություններ, որոնք ես կներկայացնեի 70/30 հարաբերակցությամբ»:

Զրուցակցիս խոսքով՝ այս դպրոցում եւս ծրագրի արդյունավետ իրականացմանը խոչընդոտում է կապի ոչ բավարար որակը:

Սերսի հիմնական դպրոցի տնօրեն Էմանուել Հարությունյանի խոսքով՝ դպրոցի գերխնդիրը համարվում է ինտերնետ կապը, որը պարբերաբար խափանվում է: Զրուցակցիս հավաստմամբ՝ կապը կամ շատ թույլ է, կամ ընդհանրապես բացակայում է: Խնդիրը նոր չէ եւ արձանագրված է տնօրենի հաշվետվություններում:

Զեդեայի հիմնական դպրոցի տնօրեն Զոյա Սաղաթելյանն էլ գտնում է, որ ժամանակին համընթաց քայլելու համար նման ծրագրի ներդրումը կարեւոր է: Նրա խոսքով՝ քանի որ երեխաների, այսինքն՝ նաեւ գրասալիկների թիվը փոքր է, ինտերնետ կապը հիմնականում բավարարում է:

Գոմքի միջնակարգ դպրոցի տնօրեն Նվարդ Խաչատրյանի կարծիքով էլ. «Թեպետ գրեթե բոլոր ընտանիքներում կան համակարգիչներ, սակայն հատկապես գյուղերում կան սոցիալապես անապահով ընտանիքներ, որոնք համակարգիչ չունեն: Ծրագիրը կարեւորում եմ նաեւ այն առումով, որ բոլոր երեխաները հավասարապես կարողանում են օգտվել էլեկտրոնային սարքերից: Մեր աշակերտները վարժ աշխատում են: Հատկապես այն օրերին, երբ երեխաները գիտեն, որ պիտի գրասալիկներով աշխատեն, բացակայություններ չենք ունենում: Ոգեւորությամբ են աշխատում, արդյունքն էլ կա, տեսնում ենք»:

Տնօրենը նշեց, որ ինտերնետ կապի որակը բավարարում է դպրոցին, եւ կարողանում են անխափան աշխատել:

Եղեգիսի միջն. դպրոցի տնօրեն Նելլի Հարությունյանը մատնանշում է հիմնականում ինտերնետ կապի խնդիրը՝ հավելելով, որ այն այնքան թույլ է, որ շատ դեպքերում անգամ 2 գրասալիկով հնարավոր չէ միաժամանակ աշխատել. «Կան այլ խնդիրներ եւս. ծնողները դժգոհում են, որ պլանշետները ծանր են, երեխաներն ինքնուրույն չեն կարող դրանք տեղափոխել: Բացի դրանից՝ երբ սարքը տնից են բերում, դրանք հիմնականում լիցքավորված չեն լինում: Ուսուցիչը ե՞րբ լիցքավորի, ե՞րբ միացնի: Այս խնդիրները թույլ չեն տալիս լիարժեք իրականացնել ծրագիրը»:

Զրուցակիցս, սակայն, վստահեցնում է, որ եթե հնարավոր է լինում միանալ ցանցին, երեխաները սիրով են աշխատում:

Հերմոնի միջն. դպրոցի տնօրեն Նաիրա Մնացականյանի կարծիքով եւս կան խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս լիարժեք կիրառել ծրագիրը. «Մինչեւ պլանշետները միացնում են, դա բավականին երկար ժամանակ է խլում, ուսուցիչները չեն հասցնում իրենց բուն նյութը հաղորդել երեխաներին: Դասը տուժում է: Կարեւորագույն խնդիրը, սակայն, ինտերնետ կապի որակն է: Պլանշետները սարքին են, նյութերը կան: Մենք անսարք պլանշետ չենք ունեցել: Իմ առաջարկն է՝ եթե ուզում ենք, որ ծրագիրն արդյունք ունենա, շաբաթվա մեջ մեկ օր երեխաները միայն պլանշետով աշխատեն»:

Գողթանիկում եւս տրամադրվածությունն ընդհանուր առմամբ դրական էր: Մենք զրուցեցինք ներկա եւ նախկին տնօրենների հետ: Նախկին տնօրեն, ներկայում՝ քիմիայի, կենսաբանության ուսուցչուհի Անահիտ Ասատրյանը նշեց, որ կողմ է ծրագրի իրականացմանը. «Եթե ամեն ինչ ավելի կազմակերպված լինի, ինտերնետը՝ միշտ անխափան, որպեսզի ժամանակ չծախսվի սարքերը միացնելու համար, շատ ավելի արդյունավետ կլինի: Ես, իհարկե, կողմ եմ»:

Այսպիսով՝ մեր տպավորությամբ, ինչպես նաեւ 2018թ. մոնիթորինգ իրականացրած մենթոր-ուսուցիչների հաշվետվությունների վերլուծության արյունքում կարելի է եզրակացնել, որ տնօրենների մեծամասնության վերաբերմունքը «Մեկ երեխա -մեկ համակարգիչ» ծրագրի մասին դրական է:

Միեւնույն ժամանակ՝ տնօրենները մատնանշում են թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ խնդիրներ, որոնք նրանց պնդմամբ՝ խոչընդոտում են ծրագրի անխափան ու արդյունավետ իրականացմանը: Տնօրենների մատնանշած հիմնական խնդիրներն են՝ ինտերնետ կապի ոչ բավարար որակը (գրեթե բոլոր դպրոցներում) կամ բացակայությունը, ծնողների մտահոգությունները, գրասալիկների անսարքությունները:

Շարունակելի

ՀԱՍՄԻԿ ԳՅՈԶԱԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

25.06.219

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930