ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Արցախի Մեխակավան շրջան այցելության ընթացքում զորամասի հրամանատար, գնդապետ Մարտին Ջհանգիրյանի և զորամասի հոսպիտալի պետի բուժական գծով տեղակալ, մայոր Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Մեխակավանում տեղակայված զորամաս և հոսպիտալ:
Աննա Հակոբյանը ողջունել է զինվորներին, զրուցել նրանց հետ, ծանոթացել ծառայության պայմաններին: «Առաջին հերթին ուզում եմ մաղթել ձեզ բարի ծառայություն, ուզում եմ ասել, որ դուք ուշադիր լինեք, պատասխանատու, հավասարակշռված և զուսպ բոլոր իրավիճակներում: Դա կարևոր է մեզ համար` Ձեր մայրերի համար, որովհետև երբ մենք տանն ենք` մեր որդին բանակում, մենք ուզում ենք, որ մեր որդիների հետ ոչինչ չպատահի: Մենք գիտենք` ինչ բարդ իրավիճակներ կան, բայց մենք ուզում ենք ապավինել ձեր բարձր գիտակցությանը և ուզում ենք Ձեզ խնդրել լինել զգոն: Ես ուզում եմ ձեզ ասել այն, ինչ ասել եմ իմ որդուն` Աշոտին, ամեն քայլ անելիս տասը մտածեք, նոր մեկը արեք: Ուզում եմ, որ դուք էլ առաջնորդվեք դրանով, ուզում եմ` իրար նկատմամբ լինեք խնամքով, դուք եղբայրներ եք և երբևէ թույլ չպետք է տեղ տաք տղայական հարաբերություններին, որովհետև ձեր մայրերը, ձեր քույրերը, որ ձեզ տանը սպասում են` արժանի չեն նման իրավիճակի: Համոզված եղեք, որ յուրաքանչյուրի մայրը ամեն վայրկյան մտածում է իր որդու մասին: Հանուն ձեր մայրերի, ձեր հայրերի, ձեր քույրերի ու ձեր սիրած աղջիկների եղե՛ք ուշադիր և տուրք մի տվեք իրավիճակների, որոնք ձեզ կարող են բերել վտանգի»,- ասել է Աննա Հակոբյանը` հավելելով, որ վստահ է, որ հրամանատարությունը լավագույն կերպով կատարում է իր գործը` ինչպես զորամասի ներսում դաստիարակչական աշխատանքների տարման և զորքի բարոյահոգեբանական վիճակը բարձր պահելու, այնպես էլ արտաքին թշնամու սադրանքները չեզոքացնելու ուղղությամբ:
«Խրամատից այս կողմ մենք թշնամի չունենք, մեր թշնամին խրամատից այն կողմ է»,- հավելել է գնդապետ Մարտին Ջհանգիրյանը:
Հոսպիտալում շրջայցի ժամանակ Աննա Հակոբյանը հանդիպել է այդ պահին բուժում ստացող զինվորների հետ, տեղեկացել նրանց առողջական վիճակի մասին, զրուցել բուժանձնակազմի հետ:
Կարդացեք նաև
Աննա Հակոբյանի գրասենյակ