Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոփոխվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի և նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման մեխանիզմները, որոնք խիստ իշխանամետ են. հայտարարություն

Հունիս 25,2019 12:29

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի

 

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դատապարտում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (Պ-1335-08.05.2019-ՊԻ-011/0), այսուհետ՝ Նախագիծ, առաջարկվող կարգավորումները, որը շրջանառության մեջ է դրվել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից։ Դրանք վերաբերվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, այսուհետ՝ Հանձնաժողով, կազմավորման կարգի փոփոխություններին։ Բացի այդ, նման կարևորության փաստաթուղթը չի ներկայացվել հանրային քննարկման` նույնիսկ ոլորտի հիմնական դերակատարների մասնակցությամբ։

Նախագծով փոփոխվում են Հանձնաժողովի անդամի և նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման մեխանիզմները, որոնք խիստ իշխանամետ են. նախ, դուրս է եկել անկախ մասնագիտացված խորհրդի կողմից մրցույթի անցկացման կարգը, որն ապահովում էր նաև քաղաքացիական հասարակության մասնակցությունը նշյալ գործընթացներին։ Բացի այդ, առաջարկվող իրավակարգավորամբ Հանձնաժողովի անդամի թեկնածուներից 5-ից 3-ին առաջադրում է իշխող քաղաքական ուժը՝ 1-ը Կառավարության կողմից և 2-ը՝ ԱԺ կառավարող խմբակցության կողմից։ Ավելին, եթե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չկարողանան համախոհությամբ ներկայացնել թեկնածու, այդ անդամին ևս առաջադրում է իշխող ուժը՝ ի դեմս ԱԺ կառավարող խմբակցության։

Նախագծով նաև նախատեսվում է փոփոխություն Հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջներում, մասնավորապես՝ հանվել են անկախության, սուվերենության և պրոֆեսիոնալության մի շարք երաշխիքներ, ինչպիսիք են վերջին 4 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացի հանդիսանալու և մշտապես ՀՀ-ում բնակվելու, ինչպես նաև ճանաչում ունենալու պահանջները, աշխատանքային ստաժի պահանջն իջեցվել է՝ նախատեսելով ընդամենը 5 տարի ժամկետ, սակայն նախատեսվել է 3 տարի ղեկավար պաշտոններ զբաղեցնելու պահանջ[1]։ Արդյունքում, տպավորություն է ստեղծվում, որ օրենսդրական կարգավորումները հարմարեցված են կոնկրետ անձանց համար։

Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ուշիուշով հետևելու է Հանձնաժողովի անդամների թեկնածությունների ներկայացմանը և դրանք ներկայացնելու է հանրության դատին։

Մեր համոզմամբ նման կարգավորումների նախատեսումը և գործելաոճը չեն բխում միջազգային հանրաճանաչ նորմերից, սկզբունքներից և ստանձնած պարտավորություններից, ներառյալ հակակոռուպցիոն անկախ մարմինների ձևավորման վերաբերյալ Ջակարտայի հանրաճանաչ սկզբունքներից, չեն արտացոլում թավշյա հեղափոխությամբ որդեգրված ժողովրդավարության և մասնակցային կառավարման արժեքները, չեն արտացոլում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման վերաբերյալ ՀՀ վարչապետի արտահայտած հրապարակային դիրքորոշումներին և կարող են որակվել որպես իշխանությունների կողմից մինչ օրս առաջարկված ամենաիշխանամետ նախագիծ և մեկ քայլ հետ։

Հորդորում ենք ՀՀ Ազգային Ժողովի նախագահին հրատապ կարգով նախաձեռնել խորհրդարանական լսումներ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմին ստեղծելու օրենսդրական նախագիծը ոլորտի բոլոր դերակատարների մասնակցությամբ քննարկելու, որտեղ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մանրամասն կերպով ցույց կտա նախագծում տեղ գտած բոլոր ռիսկերն ու վտանգները: Խորհրդարանական լսումները հնարավորություն կընձեռեն հնարավորինս լայն համախոհությամբ ստեղծել անկախության բարձր երաշխիքներ ունեցող անկախ հակակոռուպցիոն մարմին` առաջնորդվելով Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից համատեղ կազմակերպված «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովի համախոհության հիման վրա հիմնված արդյունքներով:

 

Կոչ ենք անում հետայսու հակակոռուպցիոն քաղաքականությանը վերաբերող ցանկացած իրավական ակտի նախագիծ շրջանառության մեջ դնելուց առաջ այն քննարկել Հայաստանի ամենամեծ հակակոռուպցիոն ոլորտի քաղաքացիական հասարակության միավորումը հանդիսացող Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ:

Գործող և առաջարկվող իրավակարգավորումների տարբերությունները կարող եք տեսնել կից ներկայացված ինֆոգրաֆիկայում:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

[1]Պետական մարմնի կամ դրա աշխատակազմի կամ կազմակերպության ղեկավարի կամ նրանց տեղակալների կամ պետական մարմնի կամ կազմակերպության ներքին միավորի ղեկավարի աշխատանքային ստաժ կամ այնպիսի պաշտոններում աշխատանքային ստաժ, որը իրականացնում է աշխատանքների կազմակերպման, ղեկավարման, վերահսկման կամ համակարգման գործառույթներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930