Իսկապե՞ս վտանգն այդքան լուրջ է, իրո՞ք կանգնած ենք լայնամասշտաբ պատերազմի շեմին։ Տարբերակներն ընդամենը երկուսն են։ Առաջին՝ այո, պատերազմի վերսկսման հավանականությունը շատ մեծ է, եւ ՀՀԿ-ն ու ընդդիմադիր մյուս ուժերը (եթե, իհարկե, կարելի է ընդդիմություն անվանել անհասկանալի-ագրեսիվ սադրիչների խմբերն ու նրանց սպասարկող քարոզչամիջոցները) գիտակցում են դա՝ ի տարբերություն իշխանությունների (ինչպես իրենք են պնդում)։ Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ պատերազմի նախաշեմին սրանք հնարավոր բոլոր մեթոդներով փորձում են վարկաբեկել գերագույն գլխավոր հրամանատարին, հասարակության մեջ անվստահություն սերմանել նրա նկատմամբ, նրան անվանում են «դրսից ղեկավարվող» ու «հող հանձնող», փորձում են փչացնել մեր հարաբերությունները կարեւորագույն ռազմավարական դաշնակցի հետ եւ այլն։
Եթե առջեւում իսկապես մեծ պատերազմ է, ապա հիբրիդային պատերազմի բոլոր կանոններով ոազմական գործողություններից առաջ հենց ադրբեջանցիները պիտի մեր հասարակության մեջ նման կասկածներ սերմանեին սեփական իշխանությունների նկատմամբ, ու հարց է ծագում ինչո՞ւ են դրանով զբաղվում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցները։ Որպեսզի Հայաստանն ու Արցախը պարտվեն, ու իրենք դժգոհության ալիքի վրա վերադարձնե՞ն իշխանությունը (ինչպես 1993-ին Ալիեւն Ադրբեջանում վերադարձրեց իշխանությունը՝ 7 շրջանների կորստից հետո)։ Եթե այդպես է, ապա գործ ունենք սովորական դավաճանության հետ, եւ հասարակությունը պիտի հստակ գնահատական տա այդ վարքագծին։
Տարբերակ երկրորդ՝ իրականում պատերազմի վերսկսման հավանականությունն ավելի մեծ չէ, քան, ասենք, մի քանի ամիս կամ մի քանի տարի առաջ։ Այս դեպքում էլ ստացվում է, որ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցներն արհեստականորեն խուճապ են առաջացնում երկրում, հասարակական գիտակցության մեջ անպաշտպանվածության զգացում են ներարկում, այդ ամենն իր հերթին անդրադառնում է տնտեսական ակտիվության ու ներդրումային միջավայրի վրա, եւ այլն։ Համաձայնվեք՝ սա նույնպես ծանր հարված է պետությանը, եւ կարելի է չկասկածել, որ ընդդիմությունը գիտակցաբար է անում դա։ Նրանց երեւի թվում է, որ եթե իշխանությունները ձախողվեն, ժողովուրդն իրենց է վերադարձնելու իշխանության կամ առնվազն սուսուփուս հանդուրժելու է, եթե իրենց հաջողվի հեղաշրջումով-բանով հեռացնել նորերին։
Մի խոսքով՝ մինչ իշխանություններն արտաքին նորահայտ մարտահրավերներին դիմակայելու միջոցներ են գտնում, նախկինները փորձում են այդ նույն մարտահրավերներն օգտագործել ընդդեմ իշխանությունների ու մեծ հաշվով՝ ընդդեմ Հայաստանի։ Մինչդեռ այդ մարտահրավերներից շատերն ընդհանրապես չէին լինի կամ շատ ավելի հեշտ հաղթահարելի կլինեին, եթե 20 տարի շարունակ իրենք պետություն ղեկավարելու փոխարեն զբաղված չլինեին անձնական հարստություն կուտակելով։ Ու եթե նրանց թվում է, թե մարդիկ մոռացել են դա, չարաչար սխալվում են։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում