Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դատավորների բարեվարքության մասին խորհրդատվություն է տալու». ԱԺ նախագահ

Հունիս 25,2019 11:29

Ազգային ժողովն այսօր քննարկում է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հեղինակած օրինագծերի փաթեթը, որը, ինչպես Միրզոյանն էր ավելի վաղ հայտարարել, ավելի մեծ լիազորություններ է տալիս ընդդիմությանը, նաեւ՝ պարունակում «վեթինգի» գործընթացի մեկնարկը նախանշող կարգավորում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ եք այդ օրինագծերից մեկով առաջիկայում ստեղծվելիք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահում միայն խորհրդատվական գործառույթ՝ դատավորների եւ այլ պաշտոնյաների բարեվարքության համար:

Արարատ Միրզոյանը նախ նշեց, որ դատական համակարգի առողջացման մասին խոսելիս չպետք է միայն մեկ օրենքի նախագիծ ունենալ աչքի առաջ. «Առանձին օրենքներում կարգավորումներով պետք է հասնենք դրան, ինչպես այս պարագայում: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին առաջարկում եմ իրավունք վերապահել դատավորների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություն ներկայացնելու: Դա չափազանց ուժեղ գործիք է: Ինչո՞ւ միայն խորհրդատվական, որովհետեւ հակառակ դեպքում, եթե տրվի կատարման ենթակա եզրակացություն, ունքը դզելու փոխարեն աչքն էլ կարող ենք հանել»:

Արման Բաբաջանյանը պնդեց, որ հենց «աչքը հանելու» մասին է խոսքը, որովհետեւ «վեթինգի» մասին մեկ առանձին օրենք ունենալու փոխարեն տարբեր օրենքներով են փորձում առաջնորդվել, մինչդեռ կարող էին անցումային շրջանի եւ հետագայում կանոնավոր «վեթինգի» համար առանձին կառույց ունենալ:

Արարատ Միրզոյանը նշեց, որ դա էլ է մոտեցում. «Վստահ չեմ, բայց տպավորությունն այն է, որ նոր մարմնի ստեղծման կարիք չկա: Օրինակ՝ ԲԴԽ-ն էլ ունի համապատասխան բոլոր գործառույթները»:

Հավելենք, որ օրինագծերի փաթեթը դեռ պետք է քվեարկվի խորհրդարանում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930