Վրաստանում զանգվածային հակառուսական ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ այդ երկրում անցկացվող՝ Ուղղափառության միջխորհրդարանական համաժողովի մասնակից ռուսաստանյան պատվիրակության ներկայացուցիչը նստեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին ու ռուսերենով ելույթ ունեցավ։ Դա այն կայծն էր, որը պայթեցրեց երկու երկրների՝ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ տարիներ ի վեր կուտակված բազմաթիվ չլուծված խնդիրների ու լարված հարաբերությունների վառոդը։
Թվում էր, թե Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությանը վերջին տարիներին հաջողվել էր գտնել այն փխրուն բալանսը, որը երկու երկրներին թույլ էր տալիս առանց դիվանագիտական հարաբերություններ ունենալու ինչ-որ կապեր պահպանել միմյանց միջեւ, մի կողմից՝ որոշակի զարկ տալով առեւտրատնտեսական շփումներին, մյուս կողմից՝ Վրաստանի ու Ռուսաստանի քաղաքացիների համար փոխայցելությունների հնարավորություն ապահովել։
Այդ բալանսը, ցավոք, վերջին օրերին պահպանել չհաջողվեց։
Անշուշտ, այժմ կարելի է աշխարհաքաղաքական խելացի վերլուծություններ կատարել՝ փորձելով հասկանալ, թե ինչից սկսվեց այս ամենը, ով առաջինը սադրեց խժդժությունները, ու ում էր դա ձեռնտու, խնդիրը դիտարկել Արեւմուտք-Ռուսաստան բարդ հակասությունների համատեքստում ու ինչ-որ հետեւություններ անել։ Սակայն դրանից Հայաստանի վիճակի թեթեւացման բալասան դժվար թե գտնվի։ Հայաստանն այժմ անասելի նուրբ ու բարդ իրադրության մեջ է հայտնվել։ Երեւանին ներկայումս ուղղակի կենսականորեն անհրաժեշտ է հնարավորինս լավ հարաբերություններ պահպանել ինչպես Թբիլիսիի, այնպես էլ Մոսկվայի հետ. երկու երկրներն էլ Հայաստանի քիչ թե շատ բնականոն կենսագործունեության ապահովման համար կարեւորագույն նշանակություն ունեն։
Կարդացեք նաև
Մինչդեռ ի՞նչ ենք տեսնում՝ ցնծում են միաժամանակ ե՛ւ ավանդաբար հակավրացական տրամադրություններ ունեցողները, հրճվանքով կանխավայելելով Վրաստանի մոտալուտ կործանումը, ե՛ւ, այսպես կոչված, մոլի արեւմտամետները, որոնց համար կարեւորը միայն Ռուսաստանի ցանկացած ձախողումն է, անկախ առնվազն Հայաստանի համար սպասվող բացասական հետեւանքներից։
Դավիթ ԶԱՎՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում