Դատավորների վեթինգը կիրականացնեն Բարձրագույն դատական խորհուրդն ու նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման մարմինը: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ընդգծելով, որ վեթինգի մասին առանձին օրենք չի ընդունվի: Մինչդեռ նշենք, որ նույն Լիլիթ Մակունցը վերջերս մշտապես լրագրողների հետ զրույցում հավաստիացնում էր, որ վեթինգի մասին օրենքի նախագիծը մշակման փուլում է։
Հակակոռուպցիոն փորձագետ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանի խոսքերով՝ շատ զարմանալի էր այս հայտարարությունը, քանի որ Լիլիթ Մակունցն, ինչպես արդեն նշեցինք, վստահեցնում էր, որ վեթինգի վերաբերյալ նախագիծը մշակվում է։ «Ի սկզբանե մեր տեսլականն այն էր, որ հակակոռուպցիոն մարմինն իրականացնի վեթինգը։ Այն անկախ ունիվերսալ մարմինը, որը բավականաչափ վստահություն կունենա հանրության մոտ։ Մենք ասում էինք, որ, այնուամենայնիվ, եթե չի ձևավորվում այդ մարմինը, ապա կարելի է դիտարկել այլ հնարավորություններ, բայց այս դեպքում, կարծում ենք, որ ճիշտ չէ դիտարկել Բարձրագույն դատական խորհրդի իրավասությունները վեթինգի իրականացման մասով, որովհետև, նախ, ԲԴԽ-ն չունի հանրային վստահություն, իսկ վեթինգի իրականացման համար անհրաժեշտ է հանրային վստահություն վեթինգի իրականացման և այն իրականացնող մարմնի, անդամների նկատմամբ»,- ասաց մեր զրուցակիցը։
Մեր դիտարկմանը՝ ԲԴԽ-ում տեղի ունեցած վերջին հայտնի փոփոխությունները բավարար չե՞ն, որ այդ կառույցի նկատմամբ հանրային վստահությունը բարձրանա, Սողոմոնյանը պատասխանեց. «ԲԴԽ-ն առաջին հերթին ինքը պետք է վեթինգի ենթարկվի, հետո նոր ինքը վեթինգ իրականացնի»։
Հոդվածն ամբողջության՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: