«Սպուտնիկ – Արմենիային» տված հարցազրույցում ճանաչված սոցիոլոգ Գեորգի Դերլուգյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանը երկընտրանքի առաջ է կանգնած`արարելո՞ւ, թե՞ «ռեւկոմի» տրամաբանությամբ շարժվելու: Այդ ընտրությունն իսկապես պետք է կատարի ոչ միայն Հայաստանի ներկայիս իշխանությունը, այլեւ մեր երկրի հասարակությունը: Իշխանությունը, որ ձեւավորվել է հասարակության, քաղաքացիների կամքով, գուցեեւ ստիպված լինի ենթարկվել վերջիններիս կամքին:
Իսկապես, կա երկու ճանապարհ, որոնցից մեկն ավելի դյուրին եւ պահանջված է թվում, այն է՝ «արդար» վերաբաշխել այն, ինչ կա։ Հաշվի առնելով հասարակական տրամադրությունները, իշխանությունը մեծ գայթակղություն ունի դրանով գնալու. «թափ տալ» օլիգարխներին, բռնագրավել, ազգայնացնել, «բոմժ սարքել», ներքին թշնամիներ փնտրել, բռնել, պատժել։ Դա «ռեւկոմական» ճանապարհն է։ Այդպես գործելով հնարավոր է որոշ ժամանակ հաճույք պատճառել «ժողովրդական լայն զանգվածներին», բայց պատմական մեծ հեռանկարի տեսանկյունից դա մեծ փոփոխությունների չի բերի: Եթե, պայմանականորեն ասած, 10 միլիոն դոլարը գտնվում է Պողոսի գրպանում, ապա դրա «բռնագրավումից» հետո այն, ի վերջո, կհայտնվի Պետրոսի գրպանում։ Իհարկե, զանգվածային ուղեղում կարող է պատրանք առաջանալ, որ այդ 10 միլիոնն անցնում է «ժողովրդին»։ Բայց դա պատրանք է, սեփականության վերաբաշխումից ժողովուրդը չի շահում, շահում են վերաբաշխողները: Դա շատ նման է պետական ինստիտուտների «վերակազմավորումներին»: Առաջ ՍԴ-ն կամ ԲԴԽ-ն կամ ընդհանրապես դատարանները ծառայել են մի իշխանությանը, վաղը, «վերաբաշխողական բարեփոխումների» արդյունքում, դրանք կծառայեն մյուս իշխանությանը։ Ո՞րն է տարբերությունը, որ նոր իշխանություններում ավելի լավ մարդի՞կ են:
Մյուս ճանապարհը նորը ստեղծելն է: Դարձյալ պայմանականորեն ասած՝ Պողոսի մոտ մնում է նրա 10 միլիոնը (իհարկե, այսուհետ նրան ստիպում են հարգել օրենքը), բայց նրա կողքին հայտնվում են 10 «Պետրոսներ», որոնք այլ հիմունքներով 100 միլիոն են ստեղծում: Այդ ճանապարհը պահանջում է համբերություն, խելք, ոչ ստանդարտ մտածողություն, որովհետեւ այն, ինչ արվել է մինչ այս պահը, նույնիսկ եթե արվել է լավագույն մտադրություններով, չի աշխատում, չի գործում: Բայց այդ «նորի ստեղծումը» պահանջում է «նոր մարդ»՝ նոր մտածողությամբ:
…Հունարեն «oikonomia» բառը, որքան էլ տարօրինակ հնչի, մ.թ. 2-3 դարում օգտագործել են ոչ թե տնտեսագետները, այլ աստվածաբանները: Ավելի ստույգ, այն հույն աստվածաբանները, որոնք ընդունել էին քրիստոնեությունը, եւ ցանկանում էին այն «միահյուսել» հելլենիստական ուսմունքների հետ: Այդ «էկոնոմիայի» համաձայն, մարդը բերվում է կատարելության՝ նախօրոք մշակված որոշակի աստվածային ծրագրի համաձայն: Դարձյալ գուցե ոչ ստանդարտ հնչի, բայց Նոր Հայաստան կառուցելու համար մեզ պետք է մարդուն տանել կատարելության ճանապարհով: Մեզ պետք է «էկոնոմիա»՝ այդ բառի նեղ եւ լայն իմաստով:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Վերնագրի հարցը կմնա հռետորական այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն ապացուցել, որ ունեն “համբերություն, խելք և ոչ ստանդարտ մտածողություն”: “Նոր մարդ”՝ իրենց պատկերով և նմանությամբ, այո, կարող են ստեղծել: Սակայն թե ինչ “Նոր Հայաստան” կկառուցի այդ “նոր մարդը”, մեկ այլ հռետորական հարց է:
Ով ստեղծագործ աշխատանքով զբաղվել է, գիտի, երբ առանց տրտնջալու ինչ որ օրհասական խնդիր ես լուծում, պետք է ընդամենը երեք բան, Ա հավատ, որ լավագույն ձեւով այն կլուծես, սա նույնիսկ չի քննարկվում, քանի որ խնդիրը օրհասական է եւ որեւէ պատճառաբանություն չի անցնում, Բ քանի որ հավատը կա, էլ առիթ չկա քեզ ճղես արդյունքի համար, միեւնույնն է ստացվելու է լավագույն ձեւով, գնա կեր, քնի ու ամեն առիթ լինելուց թարմ ուժերով վերսկսի ստեղծագործ աշխատանքդ, շատ մտածիր, հետո հանգստանալուց հետո նոր գաղափարներ կգան ու կսկսես դրանց իրագործել, եթե ալարկոտության զգացում հայտնվեց, անմիջապես դրա հերն անիծի, խնդիրը սովորական խնդիր չի, այլ օրհասական, գործել է պետք, այն էլ սեփական գաղափարները պետք է իրագործել, Գ հաճույք ստացիր քո հավատից, քո նոր գաղափարներից ու դրանք իրագործելու ադյունքներից: Ինչքան արդյունավետ այս երեք ԱԲԳ կետերն իրացնենք, այնքան աստծված մեզ հրաշքներ կնվիրի: