«ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալված է»,- այս է պատճառը, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խումբն այսօր շտապ բողոքի ցույց է կազմակերպել Սահմանադրական դատարանի դիմաց:
Լրագրողների հետ զրույցում, շարժման ղեկավարներից Նարեկ Մալյանն այս հիմնավորումները ներկայացրեց իրենց ահազանգի առիթով. «Սահմանադրական կարգի տապալումը զուգորդվեց կառավարական շենքերի ապօրինի արգելափակմամբ, Ազգային ժողովի ապօրինի շրջափակմամբ, պատգամավորների նկատմամբ ճնշումներով, դատարանների մուտքերի ապօրինի արգելափակմամբ, դատական իշխանության վրա հրապարակային եւ բացահայտ ճնշումներով, ՀՀ Սահմանադրության եւ օրենքների բազմաթիվ ոտնահարումներով, արդեն հասել է անթույլատրելի աստիճանի՝ վերածվելով ՀՀ Սահմանադրության, իրավունքի եւ առողջ բանականության նկատմամբ բացահայտ ծաղրի»:
Ավելի վաղ, նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Աբսուրդը հասել է այն աստիճանի, որ ցանկացած մարդ կարող է, թքած ունենալով Սահմանադրության և օրենքի վրա, ինքնահռչակվել իր երազած պաշտոնին: Իշխող քաղաքական ուժը բուծել է խուլիգանախմբեր, որոնց հռչակել է «ժողովուրդ», ֆեյքերի ջոկատներ, որոնց հռչակել է «ժողովրդի ձայն» և դրանց միջոցով հանրությանը պարտադրում է իր ապօրինությունները»:
Կարդացեք նաև
Այս ամենը հիմք են հանդիսացել, որպեսզի «ՎԵՏՕ»-ն ձեռնամուխ լինի Հայաստանում տապալված սահմանադրական կարգի վերականգնմանը: Այդ նպատակով հայաստանյան բոլոր քաղաքական, հասարակական ուժերի և մտահոգ անհատների հետ «ՎԵՏՕ»-ն խորհրդակցությունների շարք է սկսում` տապալված սահմանադրական կարգի վերականգմանն ուղղված ճանապարհային քարտեզի գծագրման, գործիքակազմի և ժամանակացույցի մշակման ու իրագործման համար:
«ՎԵՏՕ»-ի անդամները նաեւ զգուշացնում են, որ ՀՀ-ում իրականացվող ատելության քարոզի, դրա բոլոր հետևանքների իրավական ու քաղաքական անտրամաբանական լուծումների և դրանով պայմանավորված՝ հետագա սրացումների, լարվածության, հնարավոր բոլոր բախումների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն էլ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Վենետիկի հանձնաժողովը հանձնարարել է հանձնաժողովի նախագահին, որպեսզի հետևի Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին և հայտարարությամբ հանդես գա:
«Հանձնաժողովը տեղեկացված է Հայաստանում սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներից՝ ներառյալ այն հանրային հայտարարություններին, որոնք վերաբերում են ՍԴ ներկա անդամներին: Վենետիկի հանձնաժողովը խնդրել է հանձնաժողովի նախագահին մանրամասն հետևել իրադարձությանը և հանդես գալ հայտարարությամբ»,- ասաց նա`մանրամասնելով, որ սա կարեւոր ուղերձ է մեր իշխանություններին. «Այս իրավիճակը կարելի է բնութագրել, որպես իշխանության յուրացման նախապատրաստություն: Ճիշտ կլինի, որ մեր իշխանություններն այդպես էլ ընկալեն եւ այդ նախապատրաստական գործողությունները առաջ չտանեն: Հակառակ դեպքում, մենք տեսնում ենք քայլեր, որ միջազգային հանրությունը, տվյալ դեպքում ամենակարևոր կառույցներից մեկն, ուշադրությամբ հետևում է իրավիճակին և հանձնարարել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին`հանձնաժողովի անունից հանդես գալ հանձնաժողովի հայտարարությամբ»:
Ռուբեն Մելիքյանը հուսով է, որ իշխանությունները կանգ կառնեն եւ «իշխանության յուրացման նախապատրաստությունը կխափանվի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ