Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ ազատազրկման դատապարտված անձինք միայն աստիճանաբար կարող են տեղափոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ. ԱՆ

Հունիս 24,2019 23:37

Շուտով ուժի մեջ կմտնեն Քրեակատարողական օրենսգրքում կատարված փոփոխություններ և լրացումները: ՔԿՀ-ներում այս առնչությամբ «խուճապ» է՝ հատկապես ցմահ դատապարտյալների շրջանում, քանի որ ենթադրվում է, թե 20 տարի անազատության մեջ գտնվող ցմահի ռեժիմը պետք է փոխվի բաց կալանքի։ Ի դեպ, մամուլում տեղեկություններ եղան, որ անգամ Նաիրի Հունանյանն է ազատվելու։ Ինչպե՞ս է կատարվելու գործընթացը. արդյոք բոլոր ցմահներն են համատարած տեղափոխվելու բաց կալանքի: Պարզաբանումների համար դիմեցինք արդարադատության նախարարություն ու պարզվեց, որ միայն 20 տարի պատիժ կրելը հիմք չէ բաց ռեժիմ դուրս գալու համար: Բացի այդ, ռեժիմների փոփոխությունը պետք է սահուն անցումով լինի, չի կարող փակում գտնվող դատապարտյալը դիմի հիմա ու միանգամից բացի անցնի, պետք է փակից անցնի կիսափակ, կիսափակից կիսաբաց հետո նոր բաց՝ կախված է լինելու իրենց վարքագծից:

Ամբողջությամբ հրապարակում ենք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանի տրամադրած պարզաբանումը.

«2019 թվականի հունիսի 29-ին ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք):

Ելնելով ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու կարևորությունից՝ առաջարկվել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու համար նախատեսել, որ

1) ցմահ ազատազրկման դատապարտված և փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը կարող է տեղափոխվել կիսափակ ուղղիչ հիմնարկ նշանակված պատժի առնվազն տասնհինգ տարին կրելուց հետո,

2) ցմահ ազատազրկման դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը կարող է տեղափոխվել կիսաբաց ուղղիչ հիմնարկ նշանակված պատժի առնվազն տասնութ տարին կրելուց հետո,

3) ցմահ ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալը կարող է տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկ նշանակված պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո։

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը՝ հաշվի առնելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած վարքագիծը, մեկուսացվածության աստիճանի նպատակահարմարությունը և ուղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելու պահանջները:

Օրենքի կարգավորումից բխում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք միայն աստիճանաբար կարող են տեղափոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ:

Մասնավորապես՝

1.փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված անձինք կարող են տեղափոխվել միայն կիսափակ ուղղիչ հիմնարկ` պատժի առնվազն 15 տարին կրելուց հետո,

2.կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված անձինք կարող են տեղափոխվել միայն կիսաբաց ուղղիչ հիմնարկ՝ պատժի առնվազն տասնութ տարին կրելուց հետո,

3.կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված անձինք կարող են տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկ՝ պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո:

Այսինքն՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կիսափակ կարող է տեղափոխվել փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու պարագայում, կիսաբաց կարող է տեղափոխվել տվյալ պահին կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու դեպքում, իսկ բաց կարող է տեղափոխվել տվյալ պահին կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու դեպքում:

Այս պայմաններում ստացվում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց՝ մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող հիմնարկ տեղափոխվելու հիմքում չի դրվում միայն այն հանգամանքը, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կրել է Օրենքով նախատեսված պատժի համապատասխան ժամկետը, այլ անհրաժեշտ է նաև, որ վերջինս տվյալ պահին պատիժ կրելիս լինի նաև Օրենքով նախատեսված համապատասխան ուղղիչ հիմնարկում»:

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930