Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու պատմական փողոցների շատ տներ վաճառվել են․ գնորդները մեծամասամբ ռուսաստանաբնակ հայերն են

Հունիս 24,2019 21:52

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մասնավոր անձանց կողմից մեծ հետաքրքրություն կա Գյումրու պատմական հատվածի հանդեպ։ Պատմական փողոցների վրա գտնվող շատ տներ արդեն վաճառվել են։

«Շատ մարդիկ, անհատներ ու կազմակերպություններ բնակարաններ են ձեռք բերել Գյումրու պատմական փողոցներում։ Հիմա այն փուլում ենք, որ շինարարական թույլատրություն ենք տալիս, գոտիավորել ենք, գիտենք, թե ինչ նկարագրով պիտի սարքենք այս փողոցները»,- ասաց Գյումրու քաղաքապետը։

Հարցին՝ ովքե՞ր են ձեռք բերում տներ Գյումրիի պատմական հատվածներում, Սամվել Բալասանյանը պատասխանեց, որ հիմնականում Ռուսաստանի հայերն են, թեև կան նաև մարդիկ ԱՄՆ-ից ու շատ կազմակերպություններ արտերկրից։

«Ճիշտն ասած, չենք էլ ճանաչում ովքեր են, լսում ենք, որ էս տունը գնեցին, սեփականություն է, մեկը մյուսից գնում են, մենք հետո ենք իմանում, երբ որ շինթույլտվություն ենք տալիս», -ասաց քաղաքապետը։

Ըստ նրա, մեծ մասը, տեսնելով, որ Գյումրին մեծ հետաքրքրություն է ներկայացնում տուրիստների համար, մտադրված են հյուրատուն կառուցելու։

«Հյուրատներ պիտի սարքեն, ամենակարևորը հյուրատներ ունենալն է պատմական հատվածներում, եթե կլինեն հյուրատներ այդ պատմական փողոցների վրա, մենք կունենանք շատ մեծ տուրիստական հոսքեր։ Տուրիստներին չեն հետաքրքում շքեղ հյուրանոցները։ Իրենց էկոտուրիզմն է հետաքրքրում, մարդը շատ փող ունի, առողջության մասին է մտածում, մենք հիմա այդ միջավայրը պետք է ստեղծենք․ տեսեք Ռիժկովի ճեմափողոցը ես ոնց ակտիվացրեցի, ով ինչ եկավ ուզեց, ասացի՝ սարքեք գեղեցիկ սրճարան, թեյարան և այսօր ակտիվացավ։ Երեկոյան Գյումրու ամենաակտիվ վայրը Ռիժկովի ճեմափողոցն է։ Ակտվիացրել ենք նաև Խաղաղության օղակի այգին, այգիները ևս պիտի ակտիվացնենք, Երևանում այդ այգին որ բացեցին, տեսաք ինչպիսի ակտիվություն կա, նմանատիպ հատված պիտի լինի նաև մեր Բարեկամության այգում»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Ըստ քաղաքապետի, եթե Հյուսիս-Հարավ ճանապարհը շահագործվի, Գյումրին կդառնա յուրահատուկ տուրիստական կենտրոն։

«Գյումրի-Երևան ճանապարհն անցնելն այսօր շատ դժվար է, եթե Հյուսիս-Հարավ ճանապարհը շահագործվի, պատկերացրեք, Երևանում ինչքան տուրիստական ընկերություններ կան, որոնք տուրիստներին տանում են Սևան, Գառնի, Գեղարդ, կբերեն նաև Գյումրի, որովհետև հետաքրքրությունը Հյուսիսում ավելի շատ է, ավելի լավ եղանակ է»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930