Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներից: Քաղաքապետը բնապահպանության վարչությանը հանձնարարել է մշակել աշխատանքների իրականացման ուղեցույց, որը կներառի բոլոր խնդիրները. կանաչ տարածքների խնամք, ոռոգման համակարգի արդյունավետ շահագործում:
«Այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, անընդունելի է»,- նշել է քաղաքապետը:
Առողջապահության և հանրակրթության վարչությունների պետերին հանձնարարվել է տնօրենների միջոցով ապահովել առողջապահական ու կրթական կառույցների բակերի կանաչ տարածքների խնամքը:
«Դա մտնում է իրենց պարտականությունների մեջ, և հարկավոր չէ դիմել քաղաքապետին, որ այդ մասով հանձնարարություն տա: Վարչությունները պետք է իրար հետ ակտիվ աշխատեն», – նշել է Հայկ Մարությանը:
Կարդացեք նաև
***
2019թ. հունիսի 1-23-ը Երևանի մետրոպոլիտենը տեղափոխել է 1 մլն 144 հազար 948 ուղևոր: Քաղաքապետին զեկուցվել է, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելի է 7,6 %-ով:
***
Մայրաքաղաքում մեկնարկել են Բաբաջանյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները: Նատրիումային լուսատուները կփոխարինվեն ժամանակակից, էներգախնայող լուսադիոդային լուսատուներով:
***
2019թ. հունվար-հունիս ամիսներին սոցիալական աջակցություն է ցուցաբերվել շուրջ 200 սիրիահայ ընտանիքի:
***
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել, ստերջացվել և համարակալվել է 106 շուն, որից չորսին ի պահ են վերցրել կենդանասերները:
***
ՀՀ կառավարության ծրագրով, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ և անապահով բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 385 երեխա մեկնել է հանգստի ամառային մարզաառողջարանային ճամբարներ:
***
Նախորդ շաբաթ ստուգայցեր են իրականացվել Երևանի տարբեր վարչական շրջաններում գործող առևտրի օբյեկտներում: Արդյունքում հայտնաբերվել են առանց պիտանելիության ժամկետի, պիտանելիության ժամկետն անցած ապրանքներ՝ սննդամթերք և խնամքի միջոցներ: Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 16 արձանագրություն: Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների և ՀՀ ոստիկանության համատեղ շրջայցերի արդյունքում էլ հայտնաբերվել է ժամը 24:00-ից հետո առանց թույլտվության աշխատելու երկու օբյեկտ, որոնց գործունեությունը դադարեցվել է:
***
Երևանի 2019թ. բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում քաղաքապետարանի կարիքների համար հայտարարվել է 818 գնման ընթացակարգ: Քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ ամփոփվել են 651 գնման ընթացակարգերը, որոնց արդյունքում ընդհանուր առմամբ կնքվել են 12 մլրդ 62 մլն դրամի պայմանագրեր՝ 14 մլրդ 795 մլն դրամ նախահաշվային արժեքի դիմաց. տնտեսումները կազմել են 2 մլրդ 733 մլն դրամ:
Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցել են, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Մասնավորապես՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում ընթացքի մեջ է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցումը: Արդեն իսկ ամփոփվել են Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման մրցույթի արդյունքները: Հաղթող է ճանաչվել իսպանական «Լեվանտինա» ընկերությունը: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակում Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի փակման և Նուբարաշենում նոր աղբավայրի կառուցման մրցույթը ևս կայացել է: Հայտ է ներկայացրել 7 ընկերություն: Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ևս աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Ծրագրով համայնքային 48 մանկապարտեզ ամբողջովին կնորոգվի, իսկ շուրջ 100 նախակրթարաններում կիրականացվեն էներգաարդյունավետության միջոցառումներ:
Երեւանի քաղաքապետարան