ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
Նախարարը, կարևորելով Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, նշել է, որ Հայաստանը ներկայում դատաիրավական լուրջ բարեփոխումների ճանապարհին է, և այդ ընթացքում անհրաժեշտ են լինելու ԵԽ գործընկերների լավագույն փորձն ու փորձագիտական խորհրդատվությունը: Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ կա քաղաքական կամք ու տրամադրվածություն այդ բարեփոխումները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան իրականացնելու համար: Նախարարը սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել և բարձր գնահատել ԵԽ ջանքերն՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության հաստատմանն ու զարգացմանը:
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհավորել է նախարար Բադասյանին նշանակման կապակցությամբ և ընդգծել, որ Արդարադատության նախարարությունն իրենց ամենակարևոր գործընկերներից է: ԵԽ ներկայացուցչի տեղեկացմամբ, երևանյան գրասենյակի կողմից ներկայում իրականացվող մոտ 7 ծրագրերում Արդարադատության նախարարությունը կամ հիմնական գործընկերն է, կամ ամենակարևոր դերակատարներից մեկը:
Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն անդրադարձել է Դատաիրավական բարեփոխումների և Հակակոռուպցիոն ռազմավարությունների նախագծերի կենսագործմանը, առանց մեղադրական դատավճռի ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանն առնչվող մի շարք հարցերի և այդ շրջանակում ԵԽ հնարավոր աջակցությանը:
Կարդացեք նաև
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ դատաիրավական բարեփոխումները, Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացումն ու քրեակատարողական համակարգի բերալավումն իրենց առաջնահերթությունների ցանկում են, և ԵԽ-ն պատրաստ է աջակցելու այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Հանդիպման ավարտին համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է ձեռք բերվել:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն