Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վաշինգտոնում Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը ներկայացվել է փաստաթուղթ. Մամեդյարով

Հունիս 24,2019 19:47

Հունիսի 21-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման կարևոր կողմն այն էր, որ համանախագահները պաշտոնապես կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

Անդրադառնալով համանախագահների առաջարկած փաստաթղթի էությանը՝ նախարարն ասել է, որ խոսքն առաջարկների մասին է, «որոնք արդեն քննարկվել են»:

Ընդ որում, Մամեդյարովն ընդգծել է, որ առաջարկների էությունը շարադրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մարտի 9-ի հայտարարության մեջ:

«Այլ հարց է՝ մենք համաձա՞յն ենք դրանց հետ, թե՞ ոչ»,- ասել է Մամեդյարովը:

Քննարկվել է նաև շփման գծում հրադադար պահպանելու հարցը: Մամեդյարովն ընդգծել է, որ շփման գծում իրավիճակը չի կարող խոչընդոտ լինել քաղաքական կարգավորման առարկայական բանակցությունների համար. «Պարտադիր չէ, որ նախ խաղաղություն հաստատվի զորքերի շփման գծում, հետո միայն բանակցություններ ընթանան: Մենք պետք է էականացնենք բանակցությունները: Այս պահին մենք աշխատում ենք մարտի 9-ի համանախագահների հայտարարության հիման վրա: Այդ փաստաթղթի որոշ պահերի հետ մենք համաձայն ենք, որոշների հետ՝ ոչ: Այդ հայտարարության մեջ գրված է, որ առաջին հերթին, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից: Մնացած ամեն ինչ հնարավոր է լուծել ավելի ուշ: Վաշինգտոնում համանախագահները ներկայացրել են պաշտոնական փաստաթուղթ, 1-2 ամիս մենք պետք է աշխատենք դրա վրա»,- ասել է Մամեդյարովը:

Նա նշել է, որ փաստաթուղթը պետք է լուրջ վերլուծության ենթարկվի: Կողմերը պայմանավորվել են, որ համանախագահները նախարարների նոր հանդիպում կառաջարկեն 2-3 ամսից:

Մամեդյարովը նշել է, որ համակարտության լուծումը պետք է լինի փուլային, առաջին հերթին անհրաժեշտ է «ազատել Ադրբեջանի օկուպացված տարածքները»: Ինչ վերաբերում է տարածաշրջանի անվտանգությանը, ապա Մամեդյարովը հնարավոր է համարում այնտեղ խաղաղապահ զորքեր մտցնելը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930