2020թ. սպասվող Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական կարգով և զրոյական անցողիկ շեմով: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին:
Այդպիսով, Վրաստանի իշխանությունները զիջել են ընդդիմությանը, որի առաջ քաշած պայմաններից մեկն էր անցումը ընտրությունների համամասնական կարգին, այսինքն՝ խորհրդարանի պատգամավորների ընտրություն միայն կուսակցական ցուցակներով:
Ըստ Վրաստանի սահմանադրության՝ ընտրական համակարգը պետք է փոխվեր միայն 2024թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ. հենց այդ ժամանակ ընտրությունները պետք է անցկացվեին համամասնական կարգով: Մինչ այդ խորհրդարանականներից 77-ն ընտրվում էին կուսակցական ցուցակներով, 73-ը՝ միամանդատ շրջաններում:
Հունիսի 13-ին 20 ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ խորհրդարան ներկայացրին 300 հազար ստորագրություն՝ պահանջելով արդեն 2020թ. անցում կատարել համամասնական կարգի: Այնուամենայնիվ, իշխող կուսակցությունից հայտարարել էին, որ չեն պատրաստվում քննարկել այդ նախաձեռնությունը:
Կարդացեք նաև
Համամասնական կարգի անցնելու պահանջը հնչում է ամեն օր նաև բազմամարդ բողոքի ակցիաներին, որոնք հունիսի 20-ից հետո անցկացվում են Վրաստանի խորհրդարանի դիմաց:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ