4-րդ կարգի վթարային շենքերը Երեւանում 4-ն են, որոնցից երկուսն այս պահին վերաբնակեցվում են: 3-րդ կարգի վթարային շենքերը 101-ն են: Այս մասին այսօր՝ Երեւանի ավագանու արտահերթ նիստում ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նա մտահոգություն հայտնեց, որ 3-րդ կարգի վթարային շենքերի մեծ մասը գտնվում է Աջափնյակում, որոնք աստիճանաբար 3-րդ կարգից դառնում են 4-րդ կարգի վթարային:
Անդրադառնալով վթարային շենքերի այն բնակիչներին, որոնք հրաժարվում են ընդունել քաղաքապետարանի առաջարկը եւ մինչեւ նոր բնակարան ստանալը վարձով բնակվել, որի համար վճարելու է կառուցապատողը, պարոն Խաժակյանն ասաց, որ ինքը հասկանում է այդ բնակիչներին, որոնք չեն ուզում դուրս գալ իրենց բնակարաններից եւ վարձով ապրել. «Որովհետեւ աչքը տեսածից է վախենում: Մենք տեսել ենք նախկինում բազմաթիվ դեպքեր, երբ բնակիչները կորցրել են իրենց բնակարանները, չեն կարողացել նորը ձեռք բերել, կամ նորը վաճառված է եղել նաեւ ուրիշներին»:
Նրա խոսքով, ամրացման աշխատանքները այդ խնդիրը չեն կարողանում կարգավորել, որովհետեւ շենքերը բավարար հիմք չունեն:
Դավիթ Խաժակյանն ասաց, որ իրենք առաջարկում են, մեկ քայլ առաջ անել ու չսպասել, որ շենքը դառնա 4-րդ կարգի վթարային. «Այլ հաշվառենք 3-րդ կարգի վթարային շենքերը, քաղաքապետարանի միջոցներից հատկացնենք նոր շենքերի համար տարածքներ, իրականացնենք վերաբնակեցում ըստ առաջնահերթության, ապա նոր՝ որպես լրացուցիչ ֆոնդ ներգրավենք կառուցապատողներին: Մենք առաջարկում ենք ստեղծել վերաբնակեցմամբ զբաղվող կառույց՝ հիմնադրամ, որը կհամակարգի այս ամբողջ գործընթացը»:
Կարդացեք նաև
Այսօր Երեւանի ավագանին Արցախի փողոցի երկու 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու վերաբերյալ միաձայն որոշում ընդունեց:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ